• Հայ
  • Рус
  • Eng
«Էրազմուս+» տեղեկատվական օրեր Երևանում

Նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային ագրարային  համալսարանում կանցկացվեն «Էրազմուս+» ծրագրին նվիրված տեղեկատվական օրեր Երևանում: Տեղեկատվական օրերի ընթացքում կհրապարակվեն միջազգային ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2019թ. «Էրազմուս+» առաջարկների ներկայացման մրցույթում։

Երկօրյա միջոցառման ընթացքում դիտարկվելու են Էրազմուս+ բարձրագույն կրթության և երիտասարդության համար նախատեսված միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, և «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաև երիտասարդական շարժունություն, երիտասարդության կարողությունների զարգացում) մանրամասները։  

Երկօրյա միջոցառմանը ներկա են լինելու ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ԵՄ պատվիրակությունից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից, բիզնես ոլորտից և այլ շահառու կազմակերպություններից:

Այս տարի Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հրավիրել է Բելառուսից և Լեհաստանից խոսնակների, ովքեր կկիսեն իրենց ազգային փորձը Էրազմուս+ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը կներկայացնի Էրազմուս+ ակադեմիական շարժունության արդյունավետ կառավարման, Կարողությունների զարգացման ծրագրերի հայտերի մշակման իր փորձը: Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալության Բարձրագույն կրթության շարժունության բաժնի համակարգող Դոռոտա Ռիտվինսկան կներկայացնի այն կառավարման մեխանիզմներն ու ընտրության չափանիշները, որոնք կիրառվում են Միջազգային կրեդիտային շարժունության դրամաշնորհային առաջարկների գնահատման գործընթացում:  Միջոցառման ընթացքում Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ը կծանոթացնի «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի կողմից հայ երիտասարդներին, պետական և հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ընձեռվող կրթական, վերապատրաստման, փորձի փոխանակման և պրակտիկայի հնարավորություններին։ 

Աշխատանքային լեզուներն են անգլերենն ու հայերենը: Կտրամադրվի անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Կից ներկայացնում ենք միջոցառման նախնական օրակարգը:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակը  հրավիրում է բուհի ակադեմիական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներին և ուսանողներին մասնակցելու երկօրյա միջոցառմանը: