• Հայ
  • Рус
  • Eng

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն

Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1926 թվականին: 

Ամբիոնի առաջին ղեկավարը եղել է Սպանդարատ Կամսարականը (1926 – 1937թ.)

Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1926 թվականին: 

Ամբիոնի առաջին ղեկավարը եղել է Սպանդարատ Կամսարականը (1926 – 1937թ.)

1937 – 1973 թ. ամբիոնի վարիչը եղել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Լևոնի Մանվելյանը: Նրա աշխատություններից ուշադրության արժանի է «Դիզենտերիայի կլինիկա - համաճարակաբանական բնութագիրը», դոկտորական ատենախոսությունը և նույնանուն մենագրությունը:

1973 – 1988 թ. ամբիոնը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշավան Վահանի Ղազազյանը: Նա մեծ ներդրում է ունեցել դիֆթերիայի կլինիկա - համաճարակաբանական առանձնահատկությունների և ախտականխիչ միջոցների արդյունավետության, խառն ինֆեկցիաներին և հիվանդություններին վերաբերող խնդիրների ուսումնասիրության գործում:

1989 – 1995 թ. ամբիոնը միավորվել է մանկական ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի հետ, որը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ավագի Առաքելովը: Նրա աշխատանքներից ուշադրության արժանի են վիրուսային հեպատիտների ժամանակ ֆիբրինոլիզի ֆերմենտային և ոչ ֆերմենտային փուլերին նվիրված հետազոտությունները:

1995 – 2008 թ. ամբիոնը ղեկավարել է բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լևոն Մկրտիչի Մխիթարյանը: Այդ տարիներին ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների թեման եղել է «Սուր վիրուսային A և B հեպատիտների, քրոնիկ հեպատիտների, լյարդի պորտալ ցիռոզի և ճարպային հեպատոզի ցիտոպաթիկ համախտանիշի ախտածագումը» (ուսումնասիրվել են լիպոպերօքսիդացումը և հակաօքսիդանտային պաշտպանվածությունն էրիթրոցիտների թաղանթի մոդելի վրա` հաշվի առնելով ֆոսֆոլիպիդային կառուցվածքը և թաղանթ - կայունացնող դեղամիջոցների ազդեցությունը): Հետագայում ամբիոնը ղեկավարել է Նարինե Կոնստանտինի Սարգսյանցը:

2009 – 2011 թ. ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը եղել է միասնական համաճարակաբանության ամբիոնի հետ, որը ղեկավարել են բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Մարտունի Գյուլազյանը և բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արայիկ Վարդգեսի Ասոյանը:

Այդ տարիներից առ այսօր ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների առաջատար թեման է «Հայաստանի Հանրապետությունում աղիքային ինֆեկցիաների համաճարակաբանության, ախտորոշման, կլինիկայի և բուժման նորագույն մոտեցումների մշակումն ու կիրառությունը»:

2011 թ. ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնին միացել է Առողջապահության Ազգային Ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը, որը ղեկավարում էր բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելանյա Վահագնի Շմավոնյանը:

Հիմնադրման առաջին իսկ օրից ամբիոնի կլինիկական բազաներ են եղել Երևանի N1 ինֆեկցիոն հիվանդանոցը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը և 2000 թ.-ից` «Արմենիկում» կլինիկա - հետազոտական կենտրոնը:

1998 – 2002 թ. ամբիոնի աշխատակիցները մասնակցել են “Արմենիկում” պրեպարատի կլինիկական փորձարկումներին: Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների թեմաներից են եղել «Քրոնիկ հեպատիտ C - ի և ՄԻԱՎ - վարակի կլինիկա – համաճարակաբանական և իմունա - ախտածագումային առանձնահատկությունները Հայաստանում»:

Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են ուսումնա – մեթոդական ձեռնարկներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն) և ազգային ուղեցուցներ «Պարօտիտային ինֆեկցիայի ախտորոշման, բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումը», «Կարմրուկ», «Կարմրախտ», «Ինֆեկցիոն հիվանդություններ կրած անձանց դիսպանսեր հսկողություն», «Դեղնուկները հղի կանանց մոտ», «Ինֆեկտոլոգիայի ընդհանուր հարցեր», «Ինֆեկցիոն հիվանդություններն ընտանեկան բժիշկների պրակտիկայում», «Գրիպի կանխարգելման և բուժման ազգային ուղեցույց», «Քրոնիկ հեպատիտ B – ով հիվանդների հակավիրուսային բուժման ուղեցույց», «Կլինիկական ինֆեկտոլոգիա», «Հեմոկոլիտների տարբերակիչ ախտորոշում», «Լիմֆադենոպաթիաների տարբերակիչ ախտորոշում», Տենդերի տարբերակիչ ախտորոշում», «Դեղնուկների տարբերակիչ ախտորոշում», «Տոնզիլիտների տարբերակիչ ախտորոշում», «Ցաների տարբերակիչ ախտորոշում», «Դիարեաների տարբերակիչ ախտորոշում», «Մենինգիտների տարբերակիչ ախտորոշում», «ՄԻԱՎ – վարակը երեխաների մոտ» թեմաներով: 2016թ. տպագրվել է առաջին ինֆեկցիոն հիվանդությունների դասագիրքը «Հատուկ վտանգավոր վարակներ» թեմայով:

Ամբիոնի շատ աշխատակիցներ տարբեր տարիներին արժանացել են Կառավարական մրցանակների և շքանշանների` ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական ակտիվ գործունեության համար:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում դասավանդումն իրականացվում է հայերեն, ռուսերեն, իսկ 2005 թ.-ից` նաև անգլերեն լեզուներով: Այդ նպատակով ձեռք է բերվել և ստեղծվել ուսումնա - մեթոդական գրականություն, աշխատակիցների անգլերենի իմացությունը բարձրացվել է անհրաժեշտ մակարդակի:

Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի և ռազմա - բժշկական ֆակուլտետների ուսանողների համար: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով` երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Դասախոսություններն ամբողջովին կազմված են «Power Point» ծրագրով: Դրանց բովանդակությունը վերանայվում և թարմացվում է յուրաքանչյուր տարի: Դասախոսության ընթացքում ցուցադրվում են նաև բազմաթիվ ուսումնական ֆիլմեր: Ամբիոնն ունի բավական հարուստ գրադարան` ավելի քան 350 գիրք, ուսումնա - մեթոդական ձեռնարկներ, մոտ 30 CD և DVD, VCD:

Գործնական պարապմունքներին անցկացվում են դասախոսություններ և կլինիկական դեպքերի քննարկումներ, իրականացվում են այցելություններ հիվանդներին: Ամբիոնում ակտիվ գործում է նաև ՈՒԳԸ, որի շրջանակներում բազմաթիվ ուսանողներ ներկայացնում են ռեֆերատներ և զեկուցումներ:

Հետդիպլոմային ուսուցում

Գործունեության ողջ ընթացքում ամբիոնը զբաղվում է հետդիպլոմային կրթությամբ` ինֆեկցիոնիստների, ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, թերապևտների, ստոմատոլոգների, համաճարակաբանների, պարազիտոլոգների, գինեկոլոգների համար, նաև բուժքույրերի վերապատրաստմամբ և մասնագիտացմամբ: Նրանց համար անցկացվում են տարբեր թեմաներով կարճաժամկետ և երկարաժամկետ պարապմունքներ:

Վերջին տարիներին ամբիոնում վերապատրաստում են անցնում նաև Հայ Օգնության Ֆոնդի կողմից ուղեգրված բժիշկներ` ՀՀ սահմանամերձ շրջաններից և Արցախից: Համալսարանի կողմից պարբերաբար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ հանրապետության մարզերում և Արցախում:

Ամբիոնը կլինիկական օրդինատուրայում պատրաստում է բժիշկ - ինֆեկցիոնիստներ: Ամբիոնի առաջնային խնդիրը երիտասարդ մասնագետների ուսուցումն է, որով զբաղվում է ամբիոնի ողջ անձնակազմը: Դրանում իրենց ներդրումն են ունեցել ամբիոնի բոլոր նախկին աշխատակիցները` Վ.Դ.Օգանեզովան, Ի.Ա.Աբաղյանը, Ն.Գ.Բուդաղյանը, Մ.Ա.Մանուկյանը, Պ.Ս.Բերբերյանը, Ս.Ի.Խաչատրյանը, Լ.Գ.Աթանեսյանը և ուրիշներ:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է`

  • Աղիքային սուր և քրոնիկ ինֆեկցիաներ
  • Վիրուսային հեպատիտներ
  • Էպշտեյն - Բառ վիրուսային ինֆեկցիա
  • Հատուկ վտանգավոր վարակներ
  • Բրուցելոզ
  • Բոտուլիզմ
  • Լեյշմանիոզներ

Այժմ ամբիոնի դասախոսների կողմից կատարվում են գիտական աշխատանքներ հետևյալ թեմաներով` «Միքստ - վիրուսային հեպատիտների կլինիկա – համաճարակաբանական բնութագրումը Հայաստանի Հանրապետությունում», «Էպշտեյն – Բառ վիրուսով և ցիտոմեգալովիրուսով հարուցված ինֆեկցիոն մոնոնուկլեոզի կլինիկա – համաճարակաբանական բնութագիրը Հայաստանի Հանրապետությունում», «Ռոտավիրուսային վարակի կլինիկա – պաթոգենետիկ բնութագիրը և առանձնահատկությունները տարբեր տարիքային խմբերում և համակցված վարակի դեպքում», «Կոլիտի համախտանիշով ընթացող սուր աղիքային բակտերիալ ինֆեկցիաների կլինիկա – լաբորատոր բնութագիրը Հայաստանի Հանրապետությունում», «Ինգավիրինի կիրառման կլինիկական արդյունավետությունը EBV – էթիոլոգիայի սուր ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ժամանակ», «Հեմոկոլիտի համախտանիշով ընթացող սուր բակտերիալ աղիքային վարակների կլինիկա – լաբորատոր ցուցանիշների համեմատական բնութագիրը», «Լեյշմանիոզի  կլինիկա - համաճարակաբանական բնութագրումը Հայաստանի Հանրապետությունում», «Հատուկ վտանգավոր վարակներ»:

Կլինիկական պրակտիկայում ախտորոշման նպատակով հանրապետությունում առաջին անգամ ներդրվել են «ավստրալական անտիգեն», «Ալֆա - ֆետոպրոտեին և ֆոսֆոլիպազա A» հետազոտությունները: Ստացվել է մեկ հայտնագործության պատենտ (No.004203, 2004թ.)` Եվրասիական պատենտային կազմակերպության կողմից:

Ամբիոնի աշխատակիցների կողմից պաշտպանվել է 4 դոկտորական և 14 թեկնածուական թեզ, տպագրվել են բազմաթիվ գիտական հոդվածներ տեղական և արտասահմանյան առաջատար պարբերականներում, ինչպես նաև մենագրություններ, բազմաթիվ ուսումնա - մեթոդական ձեռնարկներ, ազգային ուղեցույցներ և դասագիրք:

Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են բազմաթիվ միջազգային գիտաժողովներին, և´ որպես մասնակից, և´ զեկուցող` ԱՄՆ, Եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Վրաստանում և այլն: Ամբիոնի աշխատակիցները մշտապես հրավիրվում են զեկույցով հանդես գալու հանրապետությունում անցկացվող միջազգային կոնֆերանսներին:

Ամբիոնի աշխատակիցների մեծ մասը վարում է կլինիկական գործունեություն բազաներում, կատարում խորհրդատվություն Երևանի և մարզերի տարբեր հիվանդանոցներում, ինչպես նաև Արցախում:

Ամբիոնի աշխատակիցները բազմիցս մեկնել են հանրապետության և Արցախի շրջաններ` համաճարակային բռնկումների ժամանակ տեղում գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով, համագործակցում են տարբեր պրոֆիլի մասնագետների հետ, զգալի օգնություն են ցուցաբերում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բժիշկներին, ակտիվ մասնակցում են հանրապետության բժշկական կյանքին, միջազգային գիտական նախագծերին և ծրագրերին: Ամբիոնի նախաձեռնությամբ հիմնադրվել և գործում է Հայաստանի Ինֆեկցիոնիստների Ասոցիացիան և Հեպատոլոգների ասոցիացիան:

Համագործակցություն

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը տարբեր տարիներին գիտական սերտ կապերի մեջ է եղել Դոնի - Ռոստովի բժշկական համալսարանի, Մոսկվայի ԲԳԱ Մարցինովսկու անվան տրոպիկական բժշկության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտի, Սանկտ - Պետերբուրգի բժշկական հետդիպլոմային մասնագիտացման համալսարանի, Էմորիի համալսարանի բժշկական դպրոցի վարակաբանության ամբիոնի (ԱՄՆ), Փարիզի համալսարանի լյարդաբանության բաժանմունքի հետ:

Շարունակվում է համագործակցությունը Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի և Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի, ԱՄՆ Վտանգների նվազեցման գործակալության հետ:

Ամբիոնի աշխատակիցները հրավիրվում են ռադիոյի ու հեռուստատեսության կողմից կազմակերպված բժշկական և հանրամատչելի հաղորդումներին ելույթ ունենալու ինֆեկցիոն հիվանդությունների բնակչությանը հուզող հարցերի շուրջ:

 

Աշխատակազմ