• Հայ
  • Рус
  • Eng
100-ամյա ԵՊԲՀ–ին գրեթե տարեկից Տավուշի 95-ամյա բժշկուհին հիշում է ուսանողական օրերը
100-ամյա ԵՊԲՀ–ին գրեթե տարեկից Տավուշի 95-ամյա բժշկուհին հիշում է ուսանողական օրերը
14.09.2020

Մագդա Գյուրջյանը ծնվել  է 1925 թվականին: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո 1944 թվականին Մագդան առանց քննությունների ընդունվել  է Երևանի պետական բժշկական ինստիտուտ։  «Ես ցանկանում էի իրավաբան դառնալ։ Մորաքրոջս աղջիկն այդ տարիներին սովորում էր բժշկական ինստիտուտում, նա փաստաթղթերս բերեց Երևան ու տվեց բժշկական մայր բուհ։ Այդ տարիներին շատ կային դժվարություններ, տրանսպորտային միջոցներ չկային, դժվար էր գյուղի երեխայի համար հասնել Երևան՝ ուսանելու»։  Բժշկուհի Մագդան խոստովանում  է, որ չի զղջում, այսօր էլ , եթե հետ գնային տարիները, կրկին  կդիմեր բժշկական։  Հոր՝ Սիմոն Գյուրջյանի ցանկությունն է եղել, որ դուստրը գործունեություն ծավալի հայրենի Տավուշում (նախկին Շամշադինի շրջանում)։ Մագդա Գյուրջյանը Երևանի պետական բժշկական ինստիտուտն ավարտել է 1949 թվականին և, որպես իր բնակավայրին մոտ շրջան, նորավարտ շրջանավարտը գործուղվել է  աշխատելու Բերդի հիվանդանոցում։ Մեկ տարի աշխատել է, ապա տեղափոխվել է Արծվաբերդ գյուղի հիվանդանոց, որն այն տարիներին տասը մահճակալ  ուներ։ Արծվաբերդի բժշկական տեղամասը սպասարկում էր նաև հարևան գյուղերի՝ Նորաշենի, Այգեձորի ու Չինարիի բնակիչներին։ Իր կյանքի ավելի քան վեց տասնամյակ բժշկուհին նվիրվել  է ամենամարդասիրական գործին՝ բժշկությանը։  1955-56 թվականներին  Մագդա Գյուրջյան կլինիկական օրդինատուրա անցել է առաջին կլինիկական հիվանդանոցում։ «Արծվաբերդի հիվանդանոցին կից նաև փոքր սենյակ կար, որ որպես բուժարան էր ծառայում»,-հիշում է նա։ Մագդա Գյուրջյանն  ամուսնացել,  ընտանիք է կազմել Արծվաբերդ գյուղում։  Երբ պայմանավորվեցինք հանդիպել նրան, ժամանակը համընկավ կորոնավիրուսային վարակի բռնկման օրերին, և հանդիպումը հետաձգվեց։ Բժշկուհին, պարզվեց, հաշվել է օրերն ու  անհամբեր մեզ սպասել՝  ներկայացնելու բժշկական մայր բուհի մասին իր բաժին հիշողությունը։ Դարին մոտեցող  կինը մի քիչ ծանր է լսում, շատ բան նաև մոռացել  է ․ «գիտեք՝ քանի տարի է անցել, ինչպե՞ս հիշեմ»։  Հիշում է ամենասիրելի դասախոսին Լևոն Հովհաննիսյանին։ Դասավանդում էր թերապիա։  «Նա հեղինակել է դիագնոստիկային նվիրված գիրք, որից ես շատ եմ օգտվել։ Մեր բուհում շատ լավ էին անցկացնում թե դասախոսությունները, թե  պրակտիկան։  Գործնական պարապմունքներն անցել են նաև ծննդատանը, սովորել ենք ՝ ինչպես ծնունդ  ընդունել»,-հիշում  է տավուշցի վաստակաշատ  բժշկուհին։  Մագդա Գյուրջյանը պատմում է, որ առաջին կուրսում ստացել է գերազանության թոշակ։ «Հանրակացարանային պայմաններն անբարենպաստ էին, սովորում էինք  մոմի լույսի տակ, ճաշը պատրաստում էինք կերոսինով, ջեռուցման համար քարածուխի վառարան ունեինք, դասերը սովորում  էինք հանրային գրադարանում»։

Մագդա Գյուրջյանի ուսանողական ժամանակաշրջանը համընկել է  պատերազմի և հետպատերազմական տարիների հետ, պատմում է, որ ծանր ու դժվար ժամանակներ էին։  Սպիտակահեր բժշկուհին հիմա ժպիտով է հիշում, թե ինչպես երևանյան ամառային սրճարանում  չբավարարեց  պաղպաղակի գումարը, ինքն ու ընկերւոհին թաքուն դուրս եկան սրճարանից։ Մագդա Գյուրջյանն Արծվաբերդի  առողջական կենտրոնում  աշխատել, սպիտակ խալաթ է կրել մինչև 2007 թվականը։ Պատմում է՝ հիվանդի մոտ շտապ կանչի է գնացել նաև գիշերվա ժամերին, հանգստյան օրերին։  Գյուղում  շատ մասնագետներ  չկային, այդ պատճառով  Մագդա Գյուրջյանը Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու,  ցուցաբերել է բազամպրոֆիլ բուժօգնություն։  Տավուշ գործուղված նորավարտ շրջանավարտներն աշխատանքի ընդունվելուց առաջ Մագդա Գյուրջյանի մոտ են ստացել իրենց աշխատանքային մկրտությունը։ Արծվաբերդի Առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը, որը նույնպես ԵՊԲՀ շրջանավարտ է, նշում է. «Մագդա Գյուրջյանը հոյակապ բժշկուհի էր, արևին, անձրևին, ավանակով, ձիով օգնության է հասել  նաև հարևան գյուղերի՝ Չորաթանի, Նորաշենի, Այգեձորի ու Չինարիի հիվանդներին՝ բուժել երեխաների ու մեծահասակների։  Մատուցել է գինեկոլոգիական, մանկաբուժական, վիրաբուժական ծառայություններ։  «Հիվանդանոցում հոսանք չկար, բուժումներն իրականացնում  էինք մոմի լույսի տակ, ջուր չկար, հիվանդանոցն ուներ մեկ  ձի, որով գնում էինք շրջկետրոն՝ Բերդ, դեղեր բերելու, նաև մասնակցելու ժողովների։  Հաճախ Բերդ էինք գնում  ոտքով, անտառների միջով։ Այն ժամանակ տարածված  հիմնական հիվանդություններն էին մալարիան, որովայնային տիֆը, կարմրուկը,  դեզինտերիան։ Հարևան գյուղերից հիվանդներին Արծվաբերդի հիվանդանոց էին տեղափոխում սայլով։ Ես դժվարանում էի ձի հեծնել, ինձ օգնում էին։ Ամռանն էլ սարեր էինք բարձրանում,  գյուղի անասնապահներին բուժզննության ենթարկելու համար։  Ծնունդները տանն էինք իրականացնում»,-պատմում է կոչումով բժշկուհին։ Մագդա Գյուրջյանը չի մոռանում համագյուղացի ծննդկաններից մեկին փրկելու պատմությունը։  Հիսունական թվականներին, երբ Արծվաբերդը հոսանք ունեցավ, շատերը անվտանգության կանոնների չիմացության պատճառով հոսանքանհարվեցին։ Բժշկուհի Մագդայի մասնագիտական պայքարի շնորհիվ  փրկվեց նաև աշխատանքից տուն վերադարձին հորդառատ անձրևի ու քամու ժամանակ հոսանքահարված բանվորներից մեկը։ Նա ուշքի է եկել, գրկել ու համբուրել բժշկուհուն։   Յոթանասունականներին գյուղում կառուցվեց երկհարկանի հիվանդանոց, բարելավվեցին աշխատանքային պայմանները,  հեռախոս, հոսանք, ջուր կար, նաև շտապօգնության մեքենա։ Հիվանդանոցը համալրվեց մասնագետներով, որոնք իրենց առանձին աշխատասենյակն ունեցան։ Մագդա Գյուրջյանն իր մասնագիտական փորձն ու գիտելիքները փոխանցեց երիտասարդ  բուժաշխատողներին։ Մասնագիտական մի ամբողջ կյանք անցած բժշկուհին ևս չի հանդիպել այնպիսի հիվանդության, ինչպիսին կորոնավիրուսային այս համավարակն է։ Այժմ, երբ Տավուշի մարզի ամենատարեց բժշկուհուն մասնագիտական հարց ես ուղղում, կես կատակ նշում է՝ հիմա ես բժիշկ չեմ, ես արդեն հիվանդ եմ։

ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը՝ երկար ու անբասիր աշխատանքի համար, բժշկուհի  Մագդա Գյուրջյանին շնորհել է վաստակավոր բժշկի բարձր ու պատվավոր կոչում։ Մեկ դարը բոլորած իր հարազատ բուհին նա հաջողություններ է մաղթում: Սահմանի ամենատարեց բժշկուհու գործը շարունակում են որդին ու թոռը։