• Հայ
  • Рус
  • Eng
24-ամյա ապագա հնդիկ վիրաբույժը շատ է կարևորում հայ պրոֆեսորներից ստացած փորձն ու գիտելիքները
24-ամյա ապագա հնդիկ վիրաբույժը շատ է կարևորում հայ պրոֆեսորներից ստացած փորձն ու գիտելիքները
19.02.2018

Երևանի պետական բժշկական համալսարանի 24-ամյա ուսանող Վիգնեշվեր Դուլասիդարանը մինչ Հայաստան գալը երազում էր վիրաբույժ դառնալու մասին: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի հնդիկ ուսանողը սովորելու դեռ վաղ տարիներից հետաքրքրվում էր Հայաստանում գործող հիվանդանոցներով և բժշկական կենտրոններով: 4-րդ կուրսում սովորելու ընթացքում նա ԵՊԲՀ դոցենտ Արմեն Վարժապետյանի վերահսկողության ներքո գիշերային հերթապահություն էր իրականացնում Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում գործող ԵՊԲՀ արտակարգ իրավիճակների ամբիոնում: Իսկ 5-րդ կուրսում արդեն նա պրակտիկա էր անցնում Ազգային ուռուցքաբանական կենտրոնում գործող ԵՊԲՀ ամբիոնում՝ պրոֆեսոր Մհեր Կոստանյանի վերահսկողության տակ:

«Ես զգում էի, որ կարող եմ նրանից սովորել ավելին: Սովորաբար ամառային արձակուրդներին ես գնում էի Հնդկաստան՝ այնտեղ պրակտիկա անցնելու, բայց անցյալ տարի ես մնացի Երևանում: Խնդրեցի բժիշկ Կոստանյանին, կարող եմ արդյոք օգնել իրեն հիվանդանոցում, նա ընդունեց իմ խնդրանքը, և ես անցյալ տարվա օգոստոսի 1-ից մինչ այժմ պրակտիկա եմ անցնում Ազգային ուռուցքաբանական կենտրոնում: Պրակտիկայի սկսվելուց 2-3 շաբաթ անց նա սկսեց սովորեցնել ինձ վիրակապել», - պատմում է Վիգնեշվերը: Այս ընթացքում նա ավելի քան 60 տարբեր վիրահատությունների ընթացքում աջակցել է վիրակապելու գործընթացին:

«Ժամանակի ընթացքում պրոֆեսորն ինձ ոգեշնչեց՝ դառնալու վերականգնողական վիրաբույժ, բայց ես դեռ չեմ կայացրել վերջնական որոշում: Մհեր Կոստանյանն ինձ մեծ աջակցություն ցուցաբերեց նաև այլ պրոֆեսորների մասնակցությամբ կոնֆերանսներ կազմակերպելու հարցում», - ընդգծում է հնդիկ ուսանողը:

Գնահատելով ԵՊԲՀ-ում ստացած կրթությունը, ինչպես նաև դրա շրջանակներում անցած պրակտիկան՝ Վիգնեշվերը նշում է, որ, համալսարանի շնորհիվ շատ լավ տիրապետելով տեսությանը, անհրաժեշտ է օգտվել Հայաստանում ընձեռված պրակտիկայի յուրաքանչյուր հնարավորությունից: «Ես կոչ եմ անում մեր համալսարանի բոլոր օտարերկրացի ուսանողներին անպայման մոտենալ բժիշկ-պրոֆեսորներին և խնդրել ավելի շատ գիտելիքներ տրամադրել, ինչը կօգնի նրանց ավելի լավ բժիշկներ դառնալ», - վստահ է ապագա վիրաբույժը:

Անդրադառնալով հարցին, արդյոք կուզենար աշխատել Հայաստանում, Վիգնեշվերն ուրախությամբ փաստում է, որ նման հնարավորության և առաջարկի դեպքում, իհարկե, կհամաձայներ: 

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան