• Հայ
  • Рус
  • Eng
95-ամյա ֆարմակոլոգիայի ամբիոնում նորանոր ծրագրեր են կյանքի կոչվում
95-ամյա ֆարմակոլոգիայի ամբիոնում նորանոր ծրագրեր են կյանքի կոչվում
05.04.2019

ԵՊԲՀ  100-ամյակին ընդառաջ շարունակում ենք ներկայացնել հոբելյար ամբիոնները, որոնք իրենց գործունեությունը սկսել են դեռևս Երևանի պետական համալսարանի  բժշկական ֆակուլտետում՝ 1924 թվականից։ Այս տարին հոբելյանական է նաև ֆարմակոլոգիայի ամբիոնի համար։

Այս առիթով զրույցել ենք ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Վիլեն Հակոբյանի և ամբիոնի ներկայիս վարիչ, պրոֆեսոր Մարինե Բալասանյանի հետ,  ովքեր խոսեցին ամբիոնի գործունեության, ինչպես նաև հեռանկարների մասին։

Պատմական ակնարկ

Ամբիոնը, որն այժմ կրում է ակադեմիկոս Սիմոն Միրզոյանի անունը, հիմնադրվել է 1924 թվականին Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետի քիմիա-դեղագործական բաժնի շրջանավարտ Գրիգոր Մեդնիկյանի կողմից: Այնուհետև՝ ավելի քան կես դար ամբիոնը ղեկավարել է ականավոր դեղաբան, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Սիմոն Միրզոյանը, որի ջանքերով հիմնադրվեց հայկական նորօրյա դեղաբանական դպրոցը: 1971-78 թթ. ՀՀ ԱՆ գիտաբժշկական խորհրդի նախագահ, ակադեմիկոս Սիմոն Միրզոյանի ջանքերով ստեղծված դպրոցը տվեց իր անվանի մասնագետները, ովքեր հետագայում ղեկավարեցին ամբիոնը և ունեցան մեծ ներդրում երկրում առողջապահական համակարգի զարգացման գործում:

Ամբիոնի ղեկավարման տարիներին ՀՀ ԳԱ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն առաջինը ներդրեց համակարգչային ուսուցման ծրագիր:

Է. Գաբրիելյանի և աշխատակիցների հետազոտությունների արդյունքները բազմիցս ներկայացվել են միջազգային գիտաժողովներում:

1994 թվականից ամբիոնը ղեկավարել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: Նրանից հետո Ռուբեն Բեկյանը, Արմեն Մանուկյանը, իսկ 2011 թվականից մինչ օրս Մարինե Բալասանյանը:

Վիլեն Հակոբյան - Ֆարմակոլոգիայի ամբիոնը 95 տարվա ընթացքում եղել է համալսարանի առաջավոր ամբիոններից,  թե՛ գիտական,  թե՛ կրթական ոլորտում:    Մեր ամբիոնն առաջինն էր, որտեղ  էմիլ Գաբրիելյանի ղեկավարությամբ ներդրվեց  ուսուցման այն ժամանակի համար նորագույն համակարգչային տեխնոլոգիաներ :  Կրթության կարևոր սկզբունքներից եմ համարում խիստ օբյեկտիվ վերաբերմունքը ուսանողի գիտելիքի նկատմամբ: 13 տարի է  արդեն ամբիոնի վարիչ չեմ , բայց այդ օբյեկտիվությունն ու  պահանջկոտությունը շարունակվում է պահպանվել, ինչը չափազանց կարևոր է:

Անդրադառնալով ամբիոնի պատմությանը՝ չեմ կարող չնշել իմ ուսուցչի՝ Սիմոն Հակոբի Միրզոյանի անունը,  ով  անմնացորդ նվիրված էր գիտությանը և կրթությանը:  Ավելի քան 50 տարի ղեկավարելով այս ամբիոնը՝ նա դաստիարակել է ֆարմակալոգների բավականաչափ մեծ սերունդ: Նրա մեծ լուման դեղագետների դպրոցի ստեղծումն է, հանրապետության բոլոր ճանաչված դեղագետները նրա ստեղծած դպրոցի սաներն են: Նա  բացառիկ անձնավորությունն էր, ամբողջ Խորհրդային Միությամբ ճանաչված մեծ գիտնական, ով հրաժարվելով իրեն առաջարկված բազմաթիվ պաշտոններից նվիրվել էր գիտության զարգացմանը: Հետևելով նրա ներդրած ավանդույթներին և աշխատանքի հանդեպ բարձր պատասխանատվության սկզբունքներին, նրա սաները մինչ այսօր ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները երիտասարդ կադրերի զարգացման և առաջընթացի համար: 

Մարինե Բալասանյան-  Ամբիոնի ներկա գործունեությունը լիովին հիմնված է այն ավանդույթների վրա, որոնք տարիների ընթացքում ձևավորվել են թե՛ գիտական, թե՛ կրթական ոլորտում: Մեր ամբիոնն ունի գիտական շատ հզոր դպրոց, պատրաստել է  երեք ակադեմիկոս և ավանդաբար ամբիոնի գիտական ուղղվածությունը նվիրված է եղել  ուղեղի արյան շրջանառության խանգարումների դեղաբանական շտկումը: Մենք շարունակում ենք այդ ուղղությունը և ներկայումս ուսումնասիրում ենք ուղեղի լոկալ իշեմիկ խանգարումների դեղաբանական շտկման նոր ուղղություններ:

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի կողմից իրականացվել են բավական արդյունավետ գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվել են  ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա պարբերականներում:  Ամբիոնի աշխատակիցները և հատկապես երիտասարդները ելույթներ են  ունեցել միջազգային շատ կոնֆերանսներում, ֆորումներում, որտեղ մեր ներկայացրած աշխատանքները ճանաչվել են լավագույնների շարքում: Ամբիոնում շատ է կարևորվում  արդեն մշակված և վալիդացված մեթոդների տիրապետումը, ինչպես նաև  երիտասարդների կողմից նոր փորձարարական մեթոդների ներդրումը: 

Ֆարմակոլոգիայի ամբիոնի ավանդական միջազգային կապերն այլ երկրների համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետ այսօր բավական ընդլայնվել են: Մենք համագործակցում ենք ՌԴ ֆարմակալոգիայի ինստիտուտի, Իտալիայի Կամիրինոյի, Ամերիկայի Օհայոյի և Տեխասի համալսարանների հետ: Ամբիոնում դասախոսություններով հանդես են եկել հրավիրված մի շարք մասնագետներ,  ինչպես նաև ամբիոնի աշխատակիցները դասախոսություններ են կարդացել Սանտյագոյի, Սալոնիկի և այլ համալսարաններում:  

Ամբիոնի կրթական գործունեությունը ուղղված է ժամանակակից դասավանդման մեթոդների ներդրմանը: Ամբիոնում արդեն երկու տարի է ինչ հաջողությամբ ներդրվել է գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգը, որը նպաստել է թե՛ առաջադիմության բարձրացմանը, թե՛ ուսանողների մասնագիտական մտածելակերպի ճիշտ ձևավորմանը, թե՛ գիտական ճաշակի զարգացմանը:

Ամբիոնում շատ մեծ տեղ է տրվում  այսօր մեր համալսարանում թափ առած բարձրագույն կրթության որակի սկզբունքների մշակման հնարավոր մասնակցությանը և այդ սկզբունքների ներդրմանը: Եվրոպական տեմպուս ծրագրի շրջանակներում ամբիոնը մշակել և ներկայացրել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի /ասպիրանտուրայի/ ֆարմակոլոգիա մասնագիտական պիլոտային ծրագիրը: 

Ամբիոնում այժմ ունենք երկու պրոֆեսոր, յոթ դոցենտ, երկու ավագ դասախոս և վեց դասախոս, այսինքն՝ ամբիոնում առկա են երեք տարբեր սերունդների դասախոսներ ՝ մեծ, միջին և երիտասարդ: Ավագ ընկերները մեր հպարտությունն են, միջին տարիքի ընկերները՝ պոտենցյալ ուժը, իսկ երիտասարդները մեր ապագան են և շատ մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ նրանք ձգտում են պահպանել ամբիոնի ավանդույթներն ու մշակույթը, որը տարիների ընթացքում ստեղծել են մեր ուսուցիչները:

                                                                Հարցազրույցները՝ Արփինե Թովմասյանի