• Հայ
  • Рус
  • Eng
«Արմատներից դեպի աստղեր» զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը
«Արմատներից դեպի աստղեր» զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը
30.11.2018

«Արմատներից դեպի աստղեր» տեսլականային զեկույցով (Visionary Talk) հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը։ Զեկույցը սկսվեց նեյրոգիտության հիմքերում կանգնած աշխարհառչակ գիտնականներին նվիրված ակնարկով՝ Կախալից մինչև Ռաֆաել Ջուստ, որոնցից յուրաքանչյուրը նեյրոաշխարհի որևէ բեկումնային հայտնագործության հեղինակ է։ Դասախոսության մեջ իր ուրույն տեղն էր գտել ԱՄՆ 44֊րդ նախագահ Բարաք Օբամայի կողմից հռչակված «Ուղեղ» նախաձեռնությունը, որն ուրվագծեց համաշխարհային աշխարհաքաղաքական գիտության զարգացումը մոտակա 20 տարիներին։ Այդ նախագծում կարևորագույն տեղ են զբաղեցնում Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը և կաթվածը։

Խոսվեց նաև Հռոմի պապի կողմից այդ նախաձեռնության կարևորության մասին արված հայտարարությունների և նեյրոգիտության հանդեպ աշխարհի տարբեր գիտնականների կարծիքների մասին։ Սակայն դասախոսության գլխավոր համեմունքը "The shine" ֆիլմի այն հատվածն էր, որտեղ հնչում էր մեծանուն կոմպոզիտոր Ռախմանինովի ստեղծագործությունը։

Նշենք, որ ընտրությունը պատահական չէր արված. այն արտացոլում էր "Neuron" ամսագրի 100֊րդ հատորի 4֊րդ համարի առաջին էջում տեղադրված նոտաներին, որոնք հանդիսանում էին հիպոկամպի նեյրոնալ ակտիվության յուրօրինակ վերծանում։ Եվ այդ նոտայից անցում կատարվեց ԵՊԲՀ֊ում BREC (Brain research excellence center) ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի ստեղծման նախադրյալներին և հետագա հնարավորություններին։