• Հայ
  • Рус
  • Eng
Գիտական բուռն մթնոլորտ և գիտական մտքերի տեղատարափ ԵՊԲՀ-ում
Գիտական բուռն մթնոլորտ և գիտական մտքերի տեղատարափ ԵՊԲՀ-ում
27.11.2017

ԵՊԲՀ նիստերի դահլիճում մեկնարկեց «Գիտության շաբաթ 2017» գիտաժողովը: Միջոցառման առաջին՝  ուսանողական գիտական օրը նվիրված է գիտական ընկերության հիմնադրման 70-ամյակին: Ուսանողական գիտական օրով սկսված գիտական շաբաթը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել բժշկագիտության նորագույն ձեռքբերումները և համալսարանի գիտության զարգացմանն ուղղված հեռանկարները, ինչպես նաև ստեղծել շփման հարթակ մեր համալսարանի փորձառու գիտնականների և սկսնակ հետազոտողների միջև:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ գիտությունն է յուրաքանչյուր պետության զարգացման հիմքը: Շնորհավորելով Ուսանողական գիտական ընկերության հիմնադրման 70-ամյակի առթիվ, նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն բժիշկ-գիտնականներին, ովքեր երկար տարիներ իրենց գործունեությամբ նպաստել են բժշկական համալսարանում գիտության զարգացմանը: Ռեկտորն ընդգծեց, որ գիտական շաբաթների անցկացումը բուհի գեղեցիկ ավանդույթներից է: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանն էլ շեշտեց, որ «Գիտության շաբաթ 2017»-ը կուրվագծի այն հիմնական ուղղությունները, որով առաջ է ընթանալու գիտությունը ԵՊԲՀ-ում: Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սենիկ Մատինյանը նշեց, որ կարևոր այս միջոցառմանը պատրաստվել են շուրջ մեկ տարի, և ակտիվորեն փորձում են պահպանել ու շարունակել բոլոր այն ավանդույթները, որոնց հիմքը դրել է դեռևս 1947 թվականին ստեղծված Ուսանողական գիտական այս կառույցը: Ուսանողական գիտական ընկերության հաջողությունների մասին հիշեցին կառույցի նախկին նախագահներից Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Մկրտչյանը և Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանը: Նրանք հորդորեցին կրտսեր գործընկերներին լինեն պրպտող, գնահատել ուսուցիչներին և հիշել, որ միայն ամենօրյա աշխատանքը կհանգեցնի հաջողության:

Միջոցառմանը մասնակցում էին տեղի և արտերկրի ճանաչված մասնագետներ: Նշենք, որ «Գիտության շաբաթ 2017» միջոցառումը հավատարմագրվել է շարունակական բժշկական կրթության եվրոպական հավատարմագրման խորհրդի (EACCME®) կողմից` ստանալով 33 եվրոպական CME կրեդիտ (ECMEC®): Ուսանողական գիտական օրն առանձնացավ նաև նրանով, որ օրվա ավարտին ուսանողները ներկայացրին իրենց իսկ կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների տվյալները, ինչպես նաև իրենց կողմից գծագրված և պատրաստված սարքավորումները: Այսպիսով, ԵՊԲՀ-ում մեկ շաբաթ կտիրի գիտական բուռն մթնոլորտ և գիտական մտքերի տեղատարափ: