• Հայ
  • Рус
  • Eng
Ախտաֆիզիոլագիայի դասագրքից մինչև Բրեդբերի, Դոստոևսկի ու Մոեմ՝ ապագա բժշկի ամառային ընթերցման համար
Ախտաֆիզիոլագիայի դասագրքից մինչև Բրեդբերի, Դոստոևսկի ու Մոեմ՝ ապագա բժշկի ամառային ընթերցման համար
07.08.2019

Ապագա բժիշկ Ամալյա Մանուսաջյանն փոխադրվել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրս: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից է։ Նրա խոսքով՝ սովորաբար բժշկական համալսարան ընդունված ուսանողներն ունենում են գեղեցիկ ու ռոմանտիկ պատմություն այն մասին, թե ինչպես են մանկությունից երազել դառնալ բժիշկ, ինչպես են ատամհատկին ստետասկոպ վերցրել և այլն, բայց նա նման պատմություն չունի:

«Մանուկ հասակում երազել եմ դառնալ իրավաբան, սակայն դպրոցում հասկացա, որ ինձ ընդհանրապես չի ձգում լեզուներ սովորելը: Ընտրությունը կայացրել եմ հիմնվելով դպրոցում իմ սիրելի 2 առարկաների՝ քիմիայի ու կենսաբանության վրա: Քանի որ հարազատներիս շրջանում բժիշկներ չեն եղել ես շատ թույլ պատկերացումներ եմ ունեցել բժշկական աշխարհի մասին ու ամեն ինչի հետ ծանոթացել եմ համալսարան ընդունվելուց հետո »,-պատմում է ԵՊԲՀ սովորողը:

Նկատում է, որ բախտը շատ է բերել, որովհետև ընդամենը 1 կիսամյակ ԵՊԲՀ-ում սովորելուց հետո մինչև ականջների ծայրը սիրահարվել է և՛ համալսարանին, և՛ բժշկությանը:

Նրան ճանաչողները գիտեն, որ անգամ օրվա այն ժամերին երբ համալսարանում չէ արձակուրդների ընթացքում իր զրույցների հիմանական թեման բժշկությունն է: Այսօր վստահ գիտի, որ ճիշտ տեղում է գտնվում ու եթե 10 անգամ էլ ընտրելու լիներ միևնույն է, որպես մասնագիտություն կընտրեր բժշկությունը։

Գիտելիքների մեծ պաշարից բացի համալսարանում անցկացրած 5 տարիների գլխավոր ձեռքբերումը համարում է յուրահատուկ մարդկանց, որոնց հետ ծանոթացել է ուսումնառության ընթացքում ու որոնցից շատ բան է սովորել:

«Խոսքը վերաբերվում է և՛ ընկեր-համակուրսեցիներիս, և՛ իհարկե դասախոսներին, որոնցից շատերի մասին անգամ թոռներիս եմ պատմելու»,- նշում է Ամալյան։

Այս տարիների ընթացքում երևի թե ամենաուշագրավ դեպքը, որ տեղի է ունեցել իր հետ, իր լուսանկարներից մեկի հայտնվելն էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի էջում: Նկարին կից գրված էր. «Այսօր իմացա, թե ինչ ես արել, կեցցե՛ս, ուրեմն արդեն իսկ բժշկին հարիր կեցվածք ունես»:

«Այս գրառումը մեծ իրարանցում առաջացրեց: Ես չեմ կարող նույնիսկ հաշվել, թե հաջորդող օրերի ընթացքում ինձ, ընկերներիս, դասախոսներիս քանիսն են հարցրել, թե ինչ եմ արել։ Բայց ցավոք պատմել չեմ կարող, քանի որ խոստացել եմ ոչ մեկին չպատմել։ Այդ դեպքը իմ ու մի քանի այլ մարդկանց փոքրիկ գաղտնիքն է։ Հետո լսեցի թե ինչ լեգենդներ են շրջանառվում. սկսած նրանից, որ կյանք եմ փրկել, վերջացրած նրանով, որ վիրահատության ժամանակ վիրաբույժին թույլ չեմ տվել սխալ միջամտություն կատարել։ Իհարկե դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ինչևէ անչափ հաճելի ու պարտավորեցնող է ռեկտորի կողմից նման խոսքերի արժանանալը»,- մանրամասնում է զրուցակիցս:

Ապագա բժիշկը 5-րդ կուրսի ընթացքում ևս մի մեծ նախագիծ է սկսել, որին սատարել են ընկերները. այն է «YSMU Clinical Cases» ֆեյսբուքյան խումբը: Նպատակը մեկն էր, այն մեծ ժամանակը, որն անիմաստ օգտագործում էր ֆեյսբուքի նյուսֆիդը թերթելով, օգտագործել մասնագիտական գիտելիքների համալրման և կատարելագործման վրա: Խմբում արդեն 1800-ից ավելի մասնակից կա և այնտեղ արդյունավետ կերպով քննարկվում են բազմաթիվ կլինիկական դեպքեր, տեղադրվում են ուսումնական նյութեր։

Ամալյա Մանուսաջյանը բազմաթիվ դրական արձագանքներ է ստանում խմբի գործունեության վերաբերյալ թե՛ ուսանողներից, թե՛ դասախոսներից: Շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր տրամադրում են իրենց ժամանակը այդքան ինֆորմատիվ ու աշխատատար նախաձեռնության իրագործման համար: Քանի որ այս ընթացքում արտասահմանցի ուսանողների կողմից բազում առաջարկներ է ստացել նույն քննարկումները անգլերեն կազմակերպելու համար, ստեղծվեց նաև «YSMU Clinical Cases for international students» խումբը, որտեղ քննարկումներն անգլերենով են։

Ապագա բժշկի խոսքով՝ շուտով մեկնարկող 6-րդ կուրսն ամփոփիչ է լինելու նախորդ տարիների գիտելիքների համար։ Ասում են, որ նաև շատ ծանրաբեռնված ուսումնական տարի է, քանի որ պետական քննություններն են առջևում: Դրա համար նա փորձում է ամռան ազատ ժամանակը հնարավորինս օգտագործել անելու համար այն ամենը, ինչը գուցե ուսումնական տարվա ընթացքում չհասցնեմ:

Խոսքն իհարկե առաջին հերթին վերաբերվում է գեղարվեստական գրքերին, որոնք կիսամյակի ընթացքում քննությունների պատճառով հաճախ են անտեսված մնում:

«Արդեն կարդացել եմ ու նախատեսում եմ կարդալ Բրեդբերիի, Դոստոևսկու, Մոեմի, Կունդերայի, Հոլդինգի մի շարք գրքեր: Կարդացածս գրքերից ամենաշատը հավանել եմ Ֆերդինանդ Բորդևայքի «Խառնվածքը», որտեղ պատմվում է մի տղայի մասին, ով իր աշխատասիրության ու կամքի ուժի շնորհիվ ետնախորշերից, որտեղ անգամ դպրոց գնալու հնարավորություն չուներ, հասնում է մեծ բարձունքների ու հասարակական դիրքի»,- շեշտում է ԵՊԲՀ սովորողը՝ հավելելով, որ անպայման կարդալու է նաև իր ամենասիրելի ֆուտբոլիստի՝ Լիոնել Մեսսիի, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուի (չնայած իրեն այդքան էլ չի սիրում) մասին կենսագրական գրքերը, որոնց հեղինակն է Լուկա Կայոլին: 

Ինչ վերաբերևում է մասնագիտական գրականությանը, որոնք նույնպես չի պատրաստվում անտեսել, ամառվա ընթացքում կրկնում ու սովորում է ախտաֆիզիոլոգիա առարկան՝ օգտվելով բոլորին հայտնի Ռոբինսի գրքից, ինչպես նաև կարդում է գիտական հոդվածներ բազում հիվանդությունների պաթոգենեզի վերաբերյալ:

«Ինչու՞ եմ հենց ախտաֆիզիոլոգիայի վրա դրել շեշտը, քանի որ դեռ 3-րդ կուրսից սիրահարված եմ այդ գիտությանն ու առարկային ու ունեմ բազում պլաններ կապված ամբիոնի հետ, բայց դեպքերից առաջ չանցնեմ»,- եզրափակում է ուսանողուհին։ Վեցերորդ կուրսի հետ կապված իր գլխավոր երազանքն է վերջապես գտնել այն նեղ մասնագիտությունը, որի մեջ իրեն լիարժեք ու երջանիկ կզգա: 

 

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը

Լուսանկարները՝ Ամալյա Մանուսաջյանի անձնական արխիվից