• Հայ
  • Рус
  • Eng
Անցկացվեց Գիտական խորհրդի այս ուսումնական տարվա առաջին նիստը
Անցկացվեց Գիտական խորհրդի այս ուսումնական տարվա առաջին նիստը
03.10.2018

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հոկտեմբերի 3-ին անցկացվեց 2018-2019 ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նախքան նստի մեկնարկը շնորհավորեց պրոֆեսորադասախոսական կազմի այն երկարամյա ներկայացուցիչներին, որոնց ծննդյան օրերը, հոբելյանները համընկել էին արձակուրդային շրջանի հետ։ Բժշկական բուհի ղեկավարն իր ելույթում անդրադարձավ տեսական ամբիոնները երիտասարդ մասնագետներով համալրելու խնդրին։ Նա ընդգծեց, որ կադրային քաղաքականությունը առանցքային է յուրաքանչյուր բուհի համար։ Այնուհետև, «Կադրային հիմնախնդիրները ուսումնագիտական ոլորտում» թեմայով հանգամանալից զեկույցներ ներկայացրին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը և Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը։

Զեկուցողները նշեցին, որ կադրային քաղաքականությանն անդրադառնալու և այս ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ իրականացնելու, կադրային սահուն սերնդափոխություն ապահովելու նպատակով իրականացվել է համապարփակ ինքնավերլուծություն, ուսումնասիրվել են առաջատար երկրների մոդելները և դրա հիման վրա մշակվել է ռազմավարական հայեցակարգ։

Բարձրացված կադրային հիմնախնդիրների շուրջ առաջարկներ և կարծիքներ ներկայացրին Գիտական խորհրդի անդամներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։ Նիստի ընթացքում հաստատվեց նաև Գիտական խորհրդի աշխատանքային պլանը, ուսումնական գրականության ցանկը, կանոնակարգերում փոփոխություններ կատարելու որոշման նախագծերը։

Անցկացվեց պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մրցույթ։ Նիստի ավարտին Իմունաֆերմենտային հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրի պատասխանատու քարտուղար Ստեփան Ավագյանը երկարատև և անբասիր աշխատանքի համար պարգևատրվեց ԵՊԲՀ շնորհակալագրով: