• Հայ
  • Рус
  • Eng
Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատալոգիայի ոլորտում Իրինա Մալխասյանին էքստրիմի հմայքն է գրավում
29.03.2018

Անեսթեզիոլոգիան և ռեանիմատալոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից են, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը:  Անեսթեզիոլոգիայի զարգացմամբ է պայմանավորված նաև վիրաբուժության մեջ նորարարությունների ներդրումը:  Արագ կողմնորոշվելու կարողություն, տրամաբանություն, առարկայական մտածողություն և ամենակարևորը՝ խորը գիտելիքներ. այս մասնագիտությունը տարբերվում է բժշկագիտության մյուս ուղղություններից: Այստեղ պատասխանատվության բարձր զգացումը ոչ միայն  առաջնային, այլև պարտադիր պահանջ է: ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքը գարնանային տոների առթիվ մեր համալսարանի կին բժիշկ-գիտնականների մասին է:  

Ամենից լավ գիտի մարդու կյանքը փրկելու յուրաքանչյուր րոպեի թանկ գինը 

ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ,  «Հերացի» համալսարանական  բժշկական համալիրի անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Իրինա Մալխասյանը այն բժիշկներից է, ով անձնազոհ նվիրված է մասնագիտությանը: Տասնամյակների բավականին բարդ աշխատանքի հետևում առաջին հերթին մարդկային ճակատագրերն են: Մարդու կյանքը փրկելու գործում առաջին հայացքից ոչ այնքան կանացի մասնագիտություն ընտրած բժիշկն ամենից լավ գիտի յուրաքանչյուր րոպեի թանկ գինը:

Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտը չէր պատկերացնի, որ բժիշկ է դառնալու: Ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում իր վրա ազդել է մայրիկի և նրա բժիշկ ընկերուհու կարծիքը: Ընդունվելու առաջին տարում,  ինչպես ինքն է ասում «բարեհաջող» կտրվել է, սակայն հաջորդ տարի դպրոցը ոսկե մեդալով ավարտած Իրինա Մալխասյանի համար բժշկական ինստիտուտ ընդունվելն արդեն պատվի հարց էր: Երրորդ կուրսի սկզբից, երբ ուսման գործընթացը լսարանից տեղափոխվել է կլինիկաներ, ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը հասկացել է, որ բժշկությունն այնքան էլ խորթ չէ իրեն: Կլինիկական մթնոլորտի հետ առաջին ծանոթությունը Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոցում էր, ուր ապագա բժիշկները սկսել են պրոպեդևտիկա ուսումնասիրել:

«Կարծես ուղեղումս մի բան կատարվեց, առաջացավ կարեկցանքի, գթասրտության զգացում դեպի տարապող հիվանդնի, ով  ցավերի մեղմացման և բուժման կարիք ուներ»- պատմում է բժիշկ-գիտնականը:

Պրոֆեսորի հարազատների ու բարեկամների շրջանում շատ են անվանի բժիշկները, սակայն ընտանիքի անդամները բժիշկ չէին: Նրա մայրը՝ Գալինա Մալխասյանը կենսաբան էր, հայրը՝ Էդուարդ Մալխասյանը երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սովետական միությունից եզակի Միջազգային Երկրաբանության կոմիտեի իսկական անդամ, ԽՍՀՄ Պետրոգրաֆիական կոմիտեի անդամ։ 1976 թվականից զբաղեցրել է Կովկասի միներալային հումքի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավարի պաշտոն։ 

Կենսագրական տվյալներ 

Մասնագիտական գործունեության երկար տարիները  Իրինա Մալխասյանը նվիրել է մեր երկրում անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի զարգացմանը, սեփական օրինակով նպաստել ոլորտի առաջընթացին:

1978թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1978 – 1979  անցել է ինտերնատուրա «Կարդիոլոգիա» մասնագիտությամբ Երևանի № 1 շտապ օգնության հիվանդանոցում, որի ավարտից հետո ՀՀ ԱՆ ուղեգրով  1979 - 1983թթ.  աշխատել է որպես բժիշկ-սրտաբան Մասիսի Շրջանային հիվանդանոցում: Նրան էր վստահված ինֆարկտներով  հիվանդների բուժումը:  Հետաքրքրական է, որ ընկերուհին, ով նույնպես աշխատում էր Մասիսում, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ էր: Երիտասարդ բժիշկները հաճույքով օգնում էին իրար աշխատանքային գործընթացում: Հարակից մասնագիտության հետ առնչությունը, մասնակցությունը անզգայացումներին երիտասարդ մասնագետի մոտ ձևավորեցին հետաքրքրություն դեպի նոր նեղ մասնագիտացում:

Շրջանային հիվանդանոցում պայմանագրային աշխատանքի ավարտից հետո Իրինա Մալխասյանը 1983 թ-ից ընդունվել է աշխատանքի որպես բժիշկ-ռեանիմատոլոգ ՍՍՀՄ-ի ԲԳԱ Համամիութենական վիրաբուժության Գիտական Կենտրոնի Երևանի մասնաճյուղում, իսկ 1984-1986թթ. անցել է կլինիկական օրդինատուրա «Անեսթեզիոլոիա և ռեանիմատոլոգիա»  մասնագիտությամբ ՍՍՀՄ-ի ԲԳԱ Համամիութենական վիրաբուժության Գիտական Կենտրոնում,  Մոսկվայում:

1986թ-ից մինչև 2001թ. զբաղեցրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ օրդինատորի պաշտոնը: 1984-1992թթ. բազմիցս վերապատրաստվել է «Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա» մասնագիտությամբ ԽՍՀՄ ԲԳԱ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնում, Ա.Ն. Բակուլևի անվան Սրտանոթային վիրաբուժության համամիութենական կենտրոնում (Մոսկվա), ԽՍՀՄ ԲԳԱ Փոխպատվաստման և արհեստական օրգանների գիտահետազոտական ինստիտուտում (ք.Մոսկվա), Մոսկվայի Մ.Ֆ. Վլադիմիրսկու անվան Շրջանային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում (MOНИКИ), Վիլնյուսի Ազգային սրտանոթային վիրաբուժության կենտրոնում (Լիտվայի ԽՍՀ), ինչպես նաև Կիևի Սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնում ( Ուկրաինայի ԽՍՀ):

1994-1995թթ. վերապատրաստվել է Փարիզի «HENRI MONDOR» հոսպիտալում (Ֆրանսիա)՝ «Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա» մասնագիտությամբ: Տարբեր տարիների կտրվածքում մասնագետը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել հանրապետության առաջատար բժշկական կենտրոններում:

2002-2007թթ. զբաղեցրել է 2-րդ Բուժական միավորման Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչի պաշտոնը, իսկ 2007թ-ից մինչև 2011թ.՝ ՀՀ առողջապահության նախարարության Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատողի  և Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության  ղեկավարի պաշտոնը: 

1999թ. բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Գնունու Մխոյանի կողմից  ԵՊԲՀ-ում «Էրեբունի» բժշկական կենտրոնի կլինիկական բազայի վրա հիմնադրվեց անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնը, որը ոչ միայն բժշկական համալսարանի ուսանողներին ծանոթացնում է առարկայի հիմունքներին, այլև պատրաստում է կադրեր, ովքեր կարողանում են ցուցաբերել գերազանց աշխատանքի արդյունքներ՝ աշխատելով կրիտիկական վիճակների բժշկության բոլոր չորս բնագավառներում` անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա (ռեանիմատոլոգիա), անհետաձգելի բժշկություն և աղետների բժշկություն:  Մեծ է պրոֆեսոր Մխոյանի ներդրումը մեր հանրապետության անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի զարգացման գործում:

Իրինա Էդուարդի Մալխասյանը հանդիսացել է պրոֆեսոր Մխոյանի հետ համատեղ ամբիոնի հիմնադիրներից մեկը և իրեն 2011 թվականից վստահված է ամբիոնի, ինչպես նաև  «Հերացի» համալսարանական  բժշկական համալիրի անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավարումը:

Կան զգացողություններ, որոնք բառերով հնարավոր չէ փոխանցել 

Անեսթեզիոլոգիան  և ռեանիմատոլոգիան բժշկի առջև դնում են հանրագիտարանային գիտելիքներ ունենալու հրամայականը. շատ լավ տեղեկացված լինել տարատեսակ հիվանդությունների և ամենակարևորը՝ մարդու բոլոր օրգան-համակարգերի գործունեության մասին: Ոլորտի ներկայացուցիչներն ամեն օր առնչվում են տարբեր հիվանդությունների և վնասվածքների ծայրահեղ ծանր, դեկոմպենսացված վիճակներին: Նրանց աշխատանքը վերաբերում է թե՛ վիրահատական միջամտություններին, թե՛  այլ պաթոլոգիաների ընթացքին: 

Այս ոլորտում երկարամյա աշխատանքը կոփում է մասնագետին: Իրինա Մալխասյանին ճանաչողները, վստահաբար կփաստեն, որ նա աչքի է ընկնում իր պահանջկոտությամբ, երբեմն որոշ իրավիճակներում կարող է անզիջում լինել, բայց ոչ դաժան: Խոստովանում է, որ տասնամյակների փորձը նրա մեջ չեն փոխել դիմացինին կարեկցելու կարողությունը, ինչն անչափ կարևոր է յուրաքանչյուր բժշկի աշխատանքում: Իսկ «երկաթյա» բնավորությունը ձևավորվել և կոփվել է մեծ պատասխանատվության, գերծանրաբեռնված աշխատանքի և անքուն գիշերների շնորհիվ:  

Մասնագիտական ուղին ներկայացնելիս Իրինա Մալխասյանը հիշում է, թե ինչպես 1988 թվականի դեկտեմբերի 7-ին իր եղբոր ծննդյան օրը, նա լսում է հայտարարություն այն մասին, որ բոլոր բժիշկներին կանչում են բուժհաստատություններ: Նա ևս շտապում է մասնագիտական պարտքը կատարելու: Պարտքը սխրանք համարելն այս դեպքում վերամբարձ չի հնչի: Բժիշկը  մտնում է հիվանդանոց դեկտեմբերի 8-ին, բայց հնարավորություն է ունենում տուն գնալ միայն հունվարի 10-ին: Այդ օրերի ապրումները, հայ և  հետագայում իրենց տարբեր երկրներից միացած բժշկական ինտերնացիոնալ թիմերի տեսածն ու արածը,  ինչպես ասում են, թույլ նյարդերի համար չէ, կան զգացողություններ, որոնք բառերով հնարավոր չէ փոխանցել...

«Էքստրիմի հմայքը, սուր զգացմունքներ, ակտիվ գործողություններ, գերակտիվ աշխատանք, արագ մտածելու և որոշումներ կայացնելու կարողություն,  քրոնիկական հոգնածություն, քնի պակաս, հերթապահություններ..»,-  աշխատանքի մանրամասներն է նկարագրում անվանի բժիշկը, ով ժամանակի մեծ մասն անցկացնում է կլինիկական մթնոլորտում: Այսպիսի ապրելակերպը փոխակերպվում է կյանքի բնականոն ռիթմի, առանց որի այլևս հնարավոր չէ պատկերացնել օրը:

Ոչ միայն այս նեղ մասնագիտացումն ընտրածներին, այլև առհասարակ բժիշկ դառնալու ցանկություն ունեցողներին նա խորհուրդ է տալիս հարցին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, քանի որ հետագա տարիներին ժամանակի մեծ մասը պետք է նվիրվի մասնագիտությանը:  Անձնական ժամանակի բացակայության փորձությունը հոգեբանորեն ոչ բոլորն են ի զորու հաղթահարել:

Նա այն կլինիցիստներից է, ով հաջողությամբ համատեղում է պրակտիկ բժշկությունը գիտամանկավարժական գործունեության հետ:  Պրոֆեսորի գիտական աշխատանքները վերաբերում են թոքերի արհեստական օդափոխության օժանդակ եղանակներին և շնչառական դիսթրես-համախտանիշի ու տարբեր ծագման շնչառական անբավարարության բուժմանը, սահմանային վիճակների բժշկական կառավարման սկզբունքներին: Ավելի քան 140 տպագրված գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է:

Անվանի մասնագետը 1977-2002թթ. ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ընկերակցությունների փոխնախագահն էր, 2004թ.-ից Ամոքիչ բուժման և ցավի բուժման հայկական ընկերակցության փոխնախագահը, 2000թ. Միջազգային ակադեմիական և  ԱՊՀ երկրների միջազգային խորհրդի շնչառական հիվանդությունների բուժման գծով ընկերակցության, այլ միջազգային միավորումների  անդամ է: Բժիշկ-գիտնականը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, ակտիվ մասնակցություն ունի նաև համալսարանական և առողջապահական մի շարք այլ խորհուրդների աշխատանքներում:  1995թ. ինտենսիվ թերապիայի ասպարեզում նվաճումների հանար պարգևատրվել է «HENRI MONDOR» ոսկե մեդալով (Ֆրանսիա, Փարիզ),  2015թ. ՀՀ առողջապահության, բժշկագիտության զարգացման բնագավառում մատուցած ծառայությունների, ինչպես նաև կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար արժանացել է պետական պարգևի՝  «Մխիթար Հերացի» մեդալի:

Իր կրտսեր գործընկերների շարքում Իրինա Մալխասյանը տեսնում է փայլուն մասնագետներ, ովքեր կոմպետենտ բժիշկ դառնալու ձգտում ունեն: Հայաստանում, Արցախում և արտերկրում տասնյակ համագումարների, մասնագիտական հավաքների, գիտաժողովների մասին պատմող իր և գործընկերների լուսանկարները նա մեր խնդրանքով  ներկայացնում է առաջին անգամ:   Ինչպես շնորհակալ մարդ, նա չի մոռանում իր ուսուցիչներին: ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Ռիտա Թովմասի Վիրաբյանին, ով  Հայաստանում այս ոլորտի առաջին գիտությունների դոկտորն է:

Ռիտա Վիրաբյանը մեծ ավանդ ունի մեր երկրում մասնագետների մի քանի սերունդների պատրաստման գործում:  Սիրելի ուսուցչի հետ լուսանկարն իր մշտական տեղն ունի Իրինա Մալխասյանի հիվանդանոցի աշխատասենյակում, որը նաև արվեստի հետաքրքիր շնչով է ողողված: 

Վաղ առավոտյան ընդամենը մեկ գավաթ սուրճ, և բժշկին կրկին սպասում է սիրված աշխատանքը, մարդկային կյանքեր փրկելու ամենօրյա մարդասիրական ծառայությունը: 

 

Հեղինակ ` ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ ԻՐԻՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ անձնական արխիվից