• Հայ
  • Рус
  • Eng
Արա Նազարյան. Բժշկությունն ազնիվ մասնագիտություն է. պետք է հավատարիմ մնալ բժիշկ դառնալու գլխավոր նպատակին
Արա Նազարյան. Բժշկությունն ազնիվ մասնագիտություն է. պետք է հավատարիմ մնալ բժիշկ դառնալու գլխավոր նպատակին
15.01.2018

Չկար կախարդական բեկում դեպի հաջողություն. ես պարզապես քրտնաջան աշխատում էի... Հարվարդի համալսարանի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Արա Նազարյանը 2017թ. նոյեմբերի 1-ից հանդիսանում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր:

Պրոֆեսոր Նազարյանը ղեկավարում է Նազարյան լաբորատորիան (www.nazarianlab.org) Հարվարդի բժշկական դպրոցի Բեթ Իսրայել Դիկոնես Բժշկական կենտրոնի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնում: Իր գործունեության ընթացքում պրոֆեսոր Նազարյանը կրթել է  ավելի քան 130 ասպիրանտի և հետդոկտորանտի, ովքեր մեծ հաջողությունների են հասել, տպագրել են համատեղ աշխատանքներ՝ 89 գիտական հոդված հանրահայտ ամսագրերում և 2 գիրք, մշակել և գործարկել են 3 սթարթափ և գրանցել ավելի քան 10 պատենտ:

Ներկայումս պրոֆեսոր Նազարյանը հանդիսանում է գիտական 2 ամսագրի խմբագրական խորհրդի, 17 ամսագրի խմբագրակազմի անդամ, հրավիրյալ դասախոսություններով է հանդես գալիս ԱՄՆ-ում և այլ երկրներում: Անվանի մասնագետը նաև Հարվարդի բժշկական դպրոցի միջազգային հետազոտական նախաձեռնության և Մասաչուսեթս նահանգի Գիտության և Ինժեներիայի փառատոնի ընտրական խորհրդի անդամ է: 

- Պարոն Նազարյան, Դուք Միացյալ Նահանգներում օրթոպեդիկ և վնասվածքաբանական ոլորտներում աշխատող առաջատար գիտնականներից եք: Կպատմե՞ք մի փոքր Ձեզ դեպի հաջող կարիերա առաջնորդած ուղու մասին:

- Ես ունեմ բակալավրի աստիճան մեխանիկական ինժեներիայի ոլորտում, մագիստրոսի աստիճաններ համապատասխանաբար կենսաբժշկական ինժեներիայի և կլինիկական բժշկության ոլորտներում և պաշտպանել եմ թեկնածուական թեզ կենսաբժշկական ինժեներիայի ոլորտում: Իմ ընտանիքը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, երբ ես պետք է ընդունվեի քոլեջ: Ակնհայտ է, որ սկսել ամեն ինչ նոր բնակավայրում, նոր լեզվով և սովորույթներով շատ լուրջ մարտահրավեր էր ինձ համար՝ հաշվի առնելով, որ ծնվել ու մեծացել եմ Մերձավոր Արևելքում: Այնուամենայնիվ, ես կարողացա կենտրոնանալ իմ դասերի վրա, և այն փաստը, որ ես միակ հայն էի իմ համալսարանում, ստիպում էր ինձ հաղորդակցվել միայն անգլերենով: Դա շատ կարևոր էր իմ հաղորդակցման հմտությունները զարգացնելու և իմ նոր տան մշակույթն ու նորմերը յուրացնելու տեսանկյունից: Իրականում չկար որևէ կախարդական բեկում դեպի հաջողություն: Ես պարզապես քրտնաջան աշխատում էի և փորձում էի ունակություններիս առավելագույն չափով ուրվագծել կյանքիս հաջորդ քայլը՝ նկատի ունենալով, որ չէի տիրապետում զգալի ցանցի, որից կարող էի օգտվել փորձի և խորհուրդների առումով: Սա այն փուլն էր, երբ համացանցը և ինֆորմացիան այդքան հասանելի չէին, ինչպես այսօր: Ամեն դեպքում ես բավականին հաջողակ գտնվեցի՝ հայտնվելով բարենպաստ միջավայրում և ունենալով խորհրդատուներ, որոնք մտածում էին իմ շահերի մասին: Բարենպաստ միջավայրը և ռեսուրսների հասանելիությունը մեծ առավելություն էին ինձ համար: Ես ընդամենը համատեղեցի դրանք հաջողության հասնելու իմ ցանկության հետ: 

- Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը: 

- Ես շատ մեծ հաճույքով էի մասնագիտանում մեխանիկական ինժեներիայի բնագավառում: Սակայն կրտսեր տարիքում սկսեցի հետաքրքրվել մարդկային ֆիզիոլոգիայով և պաթոլոգիայով: Ես դիտարկում էի դրանք որպես ինժեներական համակարգեր, որոնք աշխատում են և երբեմն շարքից դուրս են գալիս հիվանդության պատճառով: Ես որոշեցի, որ իմ կարիերան արժեքավոր կլինի, եթե ես օգտագործեմ իմ ինժեներական հմտությունները բժշկական խնդիրների լուծման նպատակով: Քոլեջն ավարտելուն պես ընդգրկվեցի կենսաբժշկական ինժեներիայի մագիստրոսական ծրագրում, և, ինչպես ասում են, մնացածը պատմություն է: 

- Երկու տարի առաջ Դուք Հայաստան այցելեցիք: Ըստ Ձեզ՝ ի՞նչ մարտահրավերներ կան մեր երկրի օրթոպեդիայի ոլորտում: 

- Կարծում եմ՝ կան մի շարք հարցեր, որոնք կապված են Հայաստանում առողջապահական կրթության և դրա մատուցման հետ: Արմատական պատճառները բարդ են և կախված են մի քանի գործոններից: Մենք ունենք երիտասարդ երկիր, որը 30 տարուց էլ քիչ ժամանակահատվածի ընթացքում անցել է խոշոր ավերիչ երկրաշարժի և պատերազմի միջով՝ միաժամանակ ձեռք բերելով անկախություն: Այդ պատճառով էլ կրթական և բժշկական համակարգերը զգալիորեն կրել են դրա ազդեցությունն այս ժամանակաշրջանում: Ինչպես ցանկացած սահմանափակ ռեսուրսներով պետություն, Հայաստանը չունի համապատասխան ֆինանսական ռեսուրսներ՝ հոգալու հիվանդի խնամքի հետ կապված ծախսերը: Լինելով փոքր ազգ՝ մենք խոշոր բժշկական սարքավորումների և դեղագործների համար չունենք մեծ շուկա: Մեր կրթական համակարգը կատարելագործման կարիք ունի: Մենք պետք է արդիականացնենք հիվանդի խնամքը, ընդ որում՝ ոչ միայն Երևանի ու քաղաքի շրջակայքի մի քանի հիվանդանոցներում, այլ ամբողջ Հայաստանում և Արցախում: Մենք պետք է լուծենք շահերի բախման և կոռուպցիայի հարցերն այս ոլորտում: Մենք պետք է ավելացնենք հետազոտությունների համար հատկացվող բյուջեն, որպեսզի սկսենք հոգալ մեր, ինչպես նաև մեզ նման մյուս երկրների բժշկական կարիքները: Մենք ունենք ամուր հիմք դեռևս խորհրդային ժամանակներից և պետք է օգտվենք այդ առավելությունից, քանի դեռ շատ ուշ չէ: Մենք օժտված ենք ուղեղներով, այդ թվում սփյուռքի, որպեսզի նախաձեռնենք կրթական և գիտական հեղափոխություն՝ որպես հիմնական արտահանում: Բժշկական ոլորտը ևս չի տարբերվում: Օրթոպեդիան և վնասվածքաբանությունը գերազանց ոլորտներ են, քանի որ կողմնորոշված են սարքավորումների ուղղությամբ: Այս ոլորտներում սարքավորումների և տեխնիկայի պակասն ազդում է խնամքի պակասի վրա, և խնամքի պակասը հանգեցնում է ավելի վատ պայմանների և հիվանդների հիվանդացության ու մահացության աճի: Մենք նաև պետք է լուծենք սոցիալական խնդիրները, որոնք առնչվում են բժշկական խնամքի մակարդակին: Մենք պետք է ավելի լավ կրթություն ապահովենք մեր բժիշկների համար՝ ներդնելով ավելի թափանցիկ և թիմային մոտեցում: Մեկ անձը չի կարող ունենալ բոլոր պատասխանները: Այնպիսի հասարակ բաներ, ինչպիսիք են հիվանդացության և մահացության վերաբերյալ կոնֆերանսները, ընդունված չեն Հայաստանում: Սա իրականում խնդիր է: Ինչպես տեսնում եք, խնդիրները շատ են, սակայն մեր վճռականությունն ու ինտելեկտը նույնպես մեծ են: Ունենալով ճիշտ միտք և ճիշտ միջավայր՝ մենք կարող ենք հասնել այն ամենին, ինչ ցանկանանք, ներառյալ՝ առողջ և ինքնաբավ բնակչություն, որն էլ կապահովի նորարարություն մարդկության վիճակի բարելավման ոլորտում: Գոյություն ունեն բազմաթիվ ազգեր և միլիոնավոր մարդիկ, որոնք նույն կարգավիճակում են, ինչպես մենք Հայաստանում: Մենք կարող ենք գլխավորել բժշկական նորարարությունը զարգացող աշխարհում: Ավելի կարևոր է այն, որ մենք կարող ենք ապահովել գերազանց բժշկական խնամք մեր երկրի բոլոր քաղաքացիների համար՝ անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից: 

- Պրոֆեսոր, Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Ինչպե՞ս եք նախընտրում կազմակերպել Ձեր հանգիստը: 

- Ես աշխատում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Ունեմ երկու որդի՝ 5 և 10 տարեկան: Ես նաև շատ եմ սիրում դահուկային սպորտը: Ձմռանը հանգստյան օրերին սիրում եմ ընտանիքիս հետ սահել դահուկներով: 

- Ի՞նչ խորհուրդ կտայիք ապագա բժիշկներին: Ունե՞ք արդյոք հատուկ սկզբունքներ, որոնք Ձեզ առաջնորդել են դեպի հաջողություն: 

- Բժշկությունն ազնիվ մասնագիտություն է: Իհարկե, ես նաև հասկանում եմ, որ մարդիկ ստիպված են մտածել իրենց և իրենց ընտանիքների ֆինանսական բարեկեցության մասին: Սակայն կարևոր է գիտակցել, թե ինչու ես մուտք գործում բժշկություն, և պետք է անել դա ճիշտ պատճառներով: Իմ խորհուրդն է՝ հավատարիմ մնալ բժիշկ դառնալու գլխավոր նպատակին:

- Արդյո՞ք Ձեր հայկական ծագումը որևէ դեր չի խաղացել այդ հարցում:

- Իհարկե, խաղացել է: Ինքնուրույնության և ընկերասիրության գծերը, որոնք ընդհանուր են շատ հայերի մոտ, անշուշտ, կան նաև իմ մեջ: Ես հաճույքով աշխատում եմ խմբում և ունեմ բավականին մեծ համագործակցության ցանց՝ միաժամանակ պահպանելով որոշակի անկախություն իմ աշխատանքի և իմ խմբի համար: Սա հայկական երկակիությունն է (ժպտում է – հեղ.): 

- Պլանավորու՞մ եք նորից Հայաստան այցելել:

- Միանշանակ, ես և իմ ընտանիքը պատրաստվում ենք այցելել Հայաստան այս տարվա օգոստոսին: Մենք մշտապես վայելում ենք Հայաստանում և Արցախում մեր հայ ընկերների հետ անցկացրած ժամանակը՝ հրաշալի բնության և աննկարագրելի ուտեստների համադրությամբ:

                                                                             Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան