• Հայ
  • Рус
  • Eng
Առողջ ապրելակերպը՝ սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու առաջնային պայման
Առողջ ապրելակերպը՝ սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու առաջնային պայման
13.05.2019

Ամբողջ աշխարհում հիվանդացության և մահացության ցուցանիշներով սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղում են: Գաղտնիք չէ, որ կանխարգելման աշխատանքների շնորհիվ հնարավոր է նվազեցնել հիվանդացության և մահացության ցուցանիշները։ Սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարն ու պացիենտների բուժումը «Հերացի»  թիվ 1 համալսարանական հիվանդանոցի  Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Պրոֆեսորի հետ զրուցել ենք հիվանդությունների դեմ պայքարի կարևորության և այլ թեմաների մասին։

-Պարոն Սիսակյան, Դուք բուժում եք մարդու ամենակարևոր օրգաններից մեկը, ի՞նչ գանգատներով են դիմում պացիենտներն հիմնականում համալսարանական կլինիկա։

Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են աշխարհում, և սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտների դիմելիությունը բավականին բարձր է։  Դիմողների մի մասը հոսպիտալացվում է։ Պատճառները բազմաթիվ են. եթե առկա է սրտանմկանի սուր ինֆարկտ կամ հիպերտենզիվ կրիզեր, ստրային անբավարարության, սրացում, նաև շնչական անբավարարություն, երիկամային  անբավարարությունով ուղեկցվող սիրտ-անոթային հիվանդություններ։ Սա հիմնական  կոնտինգենտն է, որ բուժօգնություն է ստանում ստացիոնար պայմաններում։ Ինչ վերաբերում է ամբուլատոր դիմելիությանը, ապա դրանք այն հիվանդներն են, որոնք հաճախակի ունեն կրծքավանդակի ցավեր, զարկերակային  հիպերտոնիա, ստրային անբավարարություն։ Այս դեպքում  մենք կարիք ունենք բուժման մոնիտորինգ իրականացնել, ինչպես նաև տարանջատել խնդիրը սրտային, թե որևէ այլ պատճառով է պայմանավորված։

-Ի՞նչն է սրտի հետ կապված խնդիրների առաջացման առաջնային պատճառներից, որ գործոնները կառանձնացնեք։

Սիրտանոթային հիվանդությունները տարաբնույթ են:  Անոթային պատճառները  առաջանում են ատերոսկրելոզից, որը նպաստում է հիպերտոնիային, սրտի կորոնալ հիվանդությանը, սիրտը սնող զարկերակների նեղացմանը և արյունամատակարարման խանգարմանը և դրանք կարող են նպաստել սրտամկանի ինֆարկտին, զարկերակային  հիպերտոնիային սրտային անբավարարության զարգացմանը, սրանք  հիմնական մեծ տոկոսն են կազմում սրտանոթային հիվանդությունների։

-Ամբողջ աշխարհում զարկերակային հիպերտենզիան շարունակում է մնալ հիմնական սիրտ-անոթային պաթոլոգիա. համաձայն վիճաակագրության ողջ աշխարհում 950 միլիոն մարդ ախտահարված է այս հիվանդությամբ: Հիվանդացության ինչպիսի՞ պատկեր է համալսարանական կլինիկայում և ինչպե՞ս խորհուրդ կտաք պայքարել այս խնդրի դեմ, կանխարգելել և վերահսկել այն։

Այո, ողջ երկրագնդի բնաչության մոտ 20 տոկոսը տառապում է հիպերտենզիվ հիվանդությամբ, այդ հիվանդները մեծ թիվ են կազմում նաև համալսարանական կլինիկայում։ Հիպերտոնիկ հիվանդների համար, իհարկե առավել քան կարևոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որոնք թվում է առողջ ապրելակերպին հետևելը,  քաշի վերահսկումը, աղի սահմանափակումը, սակավաշարժության դեմ պայքարը, ծխախոտից հրաժարվելը։ Այսինքն խուսափելու համար անհրաժեշտ է  ֆիզիկապես ակտիվ կյանք վարել, և եթե հնարավոր է խուսափել սթրեսներից։  Սրանք հիմնական կարևոր խորհուրդներն են,  որոնց պետք է հետևեն ինչպես հիպերտոնիկ խնդիրներ ունցողներն, այնպես էլ յուրաքանչյուր մարդ։

-Համալսարանական կլինիկայում առկա են արդյո՞ք սիրտանոթային համակարգի հետ առնչվող խնդիրների ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները։

Ախտորոշման տեսակետից  համալսարանական կլինիկան առաջատարն է հանրապետությունում։ Սիրտ-անոթային համակարգը գնահատող գրեթե բոլոր ժամանակակից մեթոդներն են այստեղ առկա են։ Սկսած էլեկտրասրտագրությունից մինչև սրտի մագնիսռեզոնանսային  տոմոգրաֆիկ հետազոտությունը հասանելի է համալսարանական կլինիկայում։ Ինչպես նաև առկա են  բուժման  (բացի սրտային վիրաբուժությունից) գրեթե բոլոր կիրառվող մեթոդները։

-Երկար տարիների մասնագիտական փորձը վստահաբար հնարավորություն կտա Ձեզ գնահատել արդյո՞ք հնարավոր է ճիշտ կենսակերպի շնորհիվ ունենալ առողջ սիրտ, առհասարակ կա՞ նման հասկացություն, ի՞նչ խորհուրդ կտաք բնակչությանը սիրտն առողջ պահելու համար։

Այստեղ չեմ զլանա ևս մեկ անգամ կարևորել սակավաշարժության դեմ պայքարը, ֆիզիկապես ակտիվությունը, քայլելու, շարժվելու անհրաժեշտությունը, ծխախոտից հրաժարվելը,  որոնք կարևոր գրավական են, որպեսզի խուսափենք սրտանոթային հիվանդությունների առաջացումից։ Սթրեսները  նույնպես նպաստում են անոթների զարկերակային համակարգի վնասմանը և ատերոսկրելոզի զարգացմանը։ Ծխախոտից խուսափելն, ինչպես նաև սննդակարգն հետևելը ևս առողջ մնալու կարևոր  նախապայման է։  Բարձր յուղայնությամբ, խոլեստերին պարունակող սնունդը նպաստում է ատերոսկրելոզի զարգացմանը: Ամեն մի գործոն իր դերն ունի, և եթե անձի մոտ հանդիպում են երեք և ավելի գործոններ, արդեն  բարձր է հավանականությունը, որ սրտանոթային հիվանդություն զարգանա։  Կան սրտային հիվանդություններ,  որոնք  կախված չեն  ապրելակերպի հետ, բայց դրանց տոկոսը քիչ է։ Դրանք  բորբոքային, սրտամկանների փականների, որոշ բնածին հիվանդություններ են, որոնք սակայն առավել ցածր տոկոս են կազմում։

 

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Արփինե Թովմասյանը