• Հայ
  • Рус
  • Eng
Արտաշես Ազնաուրյանն իրականացրել է հոր և իր՝ բժիշկ դառնալու երազանքը
19.02.2017

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Նորվեգիայի կառավարության հատկացրած միջոցներով Սպիտակ քաղաքում կառուցվել է «Նորվեգական գյուղ», Ֆրիտյոֆ Նանսենի անվան կլինիկական հիվանդանոց։ Արհավիրքից մեկ տարի անց խորհրդանշական բանալին ձեռքին հիվանդանոցի բացումը ազդարարում է հայ անվանի բժիշկ-գիտնական Արտաշես Ազնաուրյանը, այդ ժամանակ ՀԽՍՀ առողջապահության նախարարը։ Սա մեկն է այն լուսնակարներից, որի մասին մեծ ոգևորությամբ պատմում է հոբելյարը։

Մասնագիտական ուղին կես դարից ավելին է։ Հանրապետության տարբեր մարզերում նրա մասնակցությամբ բացվել են բժշկական կենտրոններ, ունեցել է հետաքրքիր հանդիպումներ, որոնք առայսօր պրոֆեսրը հիշում է բոլոր մանրամասներով, և որոնք մեկ անդրադարձում ամբողջացնել հնարավոր չէ։

 

Գնաց երազանքի ետևից

 Արտաշես Ազնաուրյանի հայրը` Վարդան Ազնաուրյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանում: Հայոց ցեղասպանության տարիներին նա 12 տարեկանում քույրերի հետ Արդվին քաղաքից գաղթել է Բաթում: Ծնողազուրկ պատանուն վիճակված էր դժվար ժամանակաշրջան` ապահովել ընտանիքի բարեկեցությունը:

Վարդան Ազնաուրյանի երազանքն էր, որպեսզի իր երեխաներն ընտրեն բժշկի մասնագիտությունը: «Մանկությունից գիտեինք, որ պետք է դառնանք բժիշկ: Ես և չորս եղբայրներս, բոլորը բժիշկ են: Հորաքրոջս որդիները ևս մեծացան հորս հոգածության և խնամակալության ներքո»,- պատմում է Արտաշես Ազնաուրյանը՝ հավելելով, որ հայրը մեծապես կարևորում էր նաև երեխաների երաժշտական կրթությունը։

Քչերը գիտեն, որ բժիշկ Ազնաուրյանները նաև երաժշտական գործիքների են տիրապետում։ Ուսանոողական տարիներին Արտաշես Ազնաուրյանը նվագել է էստրադային նվագախմբում՝ որպես ջութակահար, իսկ դպրոցական տարիներին սպորտային հաջողություններ էր գրանցում՝ Աջարիայի հավաքականում հանդես գալով։ Բաթումի հանդեպ սերը վաղուց արդեն կայացած բժիշկը չի կարողանւմ մոռանալ, ամառային արձակուրդներին մեկ ու կես ամիս անցկացնում է ծննդավայրում, հանդիպում մանկության ընկերներին։ Այս ամռանն ընկերների հետ, սովորության համաձայն, մի քանի կիլոմետր քայլելիս հանդիպել են բաթումցի անվանի մի գրողի, որը խնդրել է Ազնաուրյանին փոքրիկ հավաքույթի մասնակցել և , որպես ծննդավայրից դուրս մեծ հաջողությունների հասած մարդ, ներկայացնել իր անցած ճանապարհը՝ այդ կերպ օրինակ ծառայելով երիտասարդերի համար։Բժշկի մասնագիտությունն ընտրած Ազնաուրյանների համար հարազատ է Տերյան 129 հասցեն, որտեղ վեց տարի ապրել են կրթություն ստանալու տարիներին։ Այսօր հանրակացարանային այդ տարածքը պատմություն է։ 

Պատմական տեղեկանք

Արտաշես Ազնաոուրյանը 1964-ին ավարտել է Եր­ևա­նի բժշկա­կան ինս­տի­տու­տի բու­ժա­կան ֆակուլ­տետը: ­Մի քա­նի տա­րի անց բժշկա­կան ինս­տի­տու­տի ախ­տաբա­նա­կան ա­նա­տո­միա­յի ամբիո­նում պաշտպա­նել է թեկ­նա­ծո­ւա­կան, իսկ 1975-ին՝ դոկ­տո­րական ա­տե­նա­խո­սութ­յուն­ներ: 1977-ին Ա. Ազնաուր­յա­նին շնորհ­վել է պրո­ֆե­սո­րի կո­չում: 1975-77թթ. ե­ղել է բժշկա­կան ինս­տի­տու­տի գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի գծով պրո­ռեկ­տոր: ­Շուրջ 30 տարի ղե­կա­վա­րել է հյուս­վա­ծաբա­նութ­յան ամբիո­նը: 1989-90թթ. եղել է ՀԽՍՀ ա­ռող­ջա­պա­հութ­յան նա­խա­րարը: ՀՀ բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի հիմնադիրներից է: Ա. Ազնաուրյանը հեղինակ է 325 տպագիր հոդվածի, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի (հայերեն, ռուսերեն, լատիներեն):

Պրոֆեսորի ղեկավարությամբ պաշտպանվել է 39 թեկնածուական և 10 դոկտորական ատենախոսություն, որից վերջինը ընդամենը մի քանի օր առաջ։ Գի­տա­կան աշ­խատանք­նե­րը վե­րաբե­րում են ի­մու­նա­յին խախ­տում­ներով շա­րակ­ցա­կան հյուս­ված­քի հի­վան­դութ­յուն­նե­րի ձևաբա­նութ­յա­նը, ի­մու­նաախ­տաբա­նութ­յան խնդիրնե­րի մշակ­մա­նը, մար­դու ի­մու­նա­յին հա­մա­կար­գի օր­գան­նե­րի հե­տա­զոտ­մա­նը, եր­կա­րատև գերճնշման պայ­ման­նե­րում կեն­սաբա­նա­կան կար­ևոր օրգան­նե­րի և­ իմու­նա­յին հա­մա­կար­գե­րի ձևաբա­նա-ֆունկ­ցիո­նալ փո­փո­խութ­յուն­նե­րի, իսկ 1988-ի երկրա­շար­ժից հե­տո` եր­կա­րատև ճնշման հա­մախ­տանի­շի ախ­տած­նութ­յան հի­մունք­նե­րի մշակ­մա­նը, դրանց վե­րաց­ման հնա­րա­վոր ու­ղի­նե­րին:

Հա­յաս­տա­նի ­Լե­նին­յան կո­մե­րիտ­միութ­յան դափնե­կիր է, պարգ­ևատր­վել է «­Հե­րո­սա­կան աշ­խա­տան­քի հա­մար» և «Մ­խի­թար ­Հե­րա­ցի» մե­դալ­նե­րով: 2007-ին ՀՀ նա­խա­գա­հի հրա­մա­նով Ա. Ազ­նաուր­յա­նին շնորհ­վել է ՀՀ գի­տութ­յուն­նե­րի վաս­տակա­վոր գործ­չի պատ­վա­վոր կո­չում, 2011-ին ԼՂՀ նախա­գա­հի հրա­մա­նով ԼՂՀ ա­ռող­ջա­պա­հութ­յան ո­լոր­տի զար­գաց­մանն ա­ջակ­ցե­լու հա­մար նրան շնորհվել է «Ե­րախ­տա­գի­տութ­յա» մե­դալ:

ԵՊԲՀ հյուսվածաμանության ամբիոնի պրոֆեսորը ՀՀ մորֆոլոգների ասոցիացիայի նախագահն է, մորֆոլոգների միջազգային ասոցիացիայի կորդինացիոն խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իսկական անդամ, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, ՀՀ հյուսվածաբանների գիտական ընկերության նախագահ, ԱՊՀ երկրների ձևաբանների միջազգային ընկերակցության համակարգող խորհրդի անդամ։

Չի մոռանում ուսուցիչներին

Պատմելով իր կատարած աշխատանքների մասին՝ Ազնաուրյանը չի մոռանում իր ղեկավարներին, նաև բոլոր այն գործընկերներին, որոնց հետ առիթ է ունեցել աշխատելու, որոնցից շատ բան է սովորել։

Լուսանկարներով, հետաքրքիր հուշանվերներով ու իրերով աչքի ընկնող աշխատասենյակի տեսանելի հատվածում Արտաշես Ազնաուրյանի ուսուցիչների լուսանկարներն են․ ինչպես ինքն է ասում մարդիկ, որոնց պարտական է։

Խոսքը ախտաբան-անատոմ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Բեգլարյանի և խորհրդային նշանավոր բժիշկ-գիտնական, Յակով Ռապոպորտի մասին է։ Արտաշես Բեգլարյանը նրա թեկնածուական, իսկ Յակով Ռապոպորտը՝ դոկտորական ատենախոսության ղեկավարն էր։

Ռապոպորտը 1975 թվականին ներկա է եղել Արտաշես Ազնաուրյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությանը ԵՊԲՀ 4-րդ լսարանում։ 

Երբ ընտանիքում բոլորը բժիշկներ են

Արտաշես Ազնաուրյանի կինը՝ Ալլա Ազնաուրյանը, բժիշկ-ախտաբան է, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, եղբայրները՝ Զախար և Հովնան Ազնաուրյանները, բժիշկներ են։ Քույրը՝ Թամարա Ազնաուրյանը, մանկաբույժ է։ Որդին՝ Վարդան Ազնաուրյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։ Վարդանի կինը՝ Ելենա Աղաջանովան, պրոֆեսոր, էնդոկրինոլոգ է։ Որդին՝ Սմբատ Ազնաուրյանը, բժշկական գիտությունների դոկտոր է։

«Ի՞նչը կարող ա առավել թանկ լինել առողջությունից: Երբ անհրաժեշտության դեպքում օգնում ես մարդուն՝ վերագտնելու այդ առողջությունը, դրանից ավելի հաճելի պահ բժշկի համար չկա»,-ասում է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը:

Բժիշկն ամեն օր պետք է աշխատի իր վրա

Ազնաուրյանին հաճախ այցելում են նաև նախկին ուսանողները: Վերջերս նրանցից նվեր է ստացել «Լավագույն դասախոսին» մակագրությամբ արձանիկ։

Ասում է՝ սիրված դասախոս լինելու հարցում բանաձև չկա, պարզապես պետք է գիտելիքների փոխանցման գործընթացն ուղեցկվի նաև դաստիարակչական աշխատանքով։

Նա վստահ է, որ բժշկի մասնագիտությունն ընտրած մարդը պետք է ամեն օր աշխատի իր վրա, ձեռքը պահի բժշկագիտության զարկերակին, և շարունակ կարդա ու հարստացնի գիտելիքները։

Առայսօր Ազնաուրյանը զանգահարում է համալսարանի գրադարան՝ ճշտելու, թե այս շաբաթվա մասնագիտական ամսագրերն արդեն առաքվել են, թե՞ ոչ, քանի որ առանց շարունակական կրթության և գիտելիքի, հնարավոր չէ ապահովել բժշկագիտության զարգացումը։ 

Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան
 
Լուսանկարները՝ Արտաշես Ազնաուրյանի անձնական արխիվից, և Կարեն Սերոբյանի