• Հայ
  • Рус
  • Eng
Բեռլինի Շարիտե համալսարանի ասպիրանտը վստահ է, որ բժշկության ապագան բժիշկ-գիտնականի ձեռքերում է
Բեռլինի Շարիտե համալսարանի ասպիրանտը վստահ է, որ բժշկության ապագան բժիշկ-գիտնականի ձեռքերում է
29.11.2019

Շարունակելով պատմել ընթերցողներին ԵՊԲՀ սովորողների մասին այս անգամ ներկայացնում ենք Բեռլինի Շարիտե համալսարանի կլինիկական էնդոկրինոգոլիայի բաժանմունքի ասպիրանտ Աիդա Հարությունյանին։ Բարձր առաջադմություն ունեցող ուսանողուհին ծնվել է Ջավախքի հայաշատ Ախալքալաք քաղաքում, պատանեկությունն անցել է Երևանում։  Պետական պատվերի շրջանակում ընդունվել է բժշկական համալսարան և, ներառյալ կլինիկական օրդինատուրան, անվճար  է սովորել։ Լավագույն արդյունքների համար ճանաչվել է Վահան Արծրունու կրթաթոշակառու։ Բազմաթիվ կրթաթոշակների արժանացած երիտասարդ բժիշկ-գիտնականը վերապատրաստումներ է անցել Գերմանիայի Հայդելբերգ, Մյունսթեր և Բեռլին քաղաքներում։

«Երկրորդ կուրսից զբաղվում եմ գիտությամբ  պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի ղեկավարությամբ։ Սերը դեպի գիտությունն առաջացել է պրոֆեսորի և կենսաքիմիա առարկայի դասաժամերի շնորհիվ։ Ղեկավարի  գիտական գործունեությունը հիացրել է ինձ և  ուսումնառության առաջին օրերից աուտիզմ հիվանդության ուսումնասիրման հետազոտական խմբի անդամ եմ»,- պատմում է ԵՊԲՀ երիտասարդ գիտնականը, ով դեռ դպրոցական տարիներից ուսման հանդեպ մեծ սեր ուներ, օրվա մեծ մասն անցկացրել է դաս անելով, լրացուցիչ գրքեր կարդալով։ Հարազատները միշտ ասել են, որ պետք է հենց բժշկի մասնագիտությունն ընտրի, քանի որ մեր երկրին պետք են լավ բժիշկներ։

«Վերջնական որոշումս կայացրել եմ մեկ գիշերվա ընթացքում և այս պահին ինձ որևէ այլ բնագավառում չեմ պատկերացնում։ Այս պահին Բեռլինի Շարիտե համալսարանի կլինիկական էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ասպիրանտ եմ և երկրորդ տարին է,  ինչ  ուսումս այստեղ ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից։ Աշխատանքի նպատակը՝ նոր գենի գործառույթների բացահայտումն է, որը դիտարկվում է որպես մետաբոլիկ խանգարումների բուժման թիրախ»,- մանրամասնում է Աիդան՝ հավելելով, որ առօրյան շատ հետաքրքիր է անցնում․ նշված գենի կլոնավորում, բջջային կուլտուրայում ներբջջային ուղիների բացահայտում, փորձարարական կենդանիների օրգանիզմում գլուկոզայի ճարպային նյութափոխանակության գործընթացի հետազոտություն։ 

 ԵՊԲՀ սովորողը տարբեր գիտական մեթոդների է տիրապետում։  Հատուկ լիցենզավորում է անցել Գերմանիայում կենդանիների հետ աշխատելու համար։  Որպես էնդոկրինոլոգ հավաստիացնում է, որ այս մասնագիտությունն առանց գիտության չի պատկերացնում։

Նրա գնահատմամբ՝ էնդոկրինոլոգիան մի մութ անտառ է, որտեղ շատ հիվանդությունների պատճառներ, մեխանիզմներ և բուժման մեթոդներ բացահայտման կարիք ունեն։

Ցանկանում է իր աշխատանքով փոքրիկ ներդրում ունենալ էնդոկրինոլոգիայի, ինչու ոչ նաև Հայաստանում գիտության ոլորտում նորագույն մեթոդների զարգացման գործում։ Լինելով բժիշկ-գիտնական հաստատապես ասում է, որ բժշկությունն առանց գիտության չի պատկերացնում։ Իր ապագա գործընկերներին խորհուրդ է  տալիս մտածել այդ մասին, լինել ակտիվ գիտության ոլորտում, քանի որ բժշկության ապագան բժիշկ-գիտնականի ձեռքերում է։

 

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները՝  Աիդա Հարությունյանի անձնական արխիվից