• Հայ
  • Рус
  • Eng
Բրիտանահայ ականավոր վիրաբույժ Արա Դարզին՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր. ՖՈՏՈՇԱՐՔ
Բրիտանահայ ականավոր վիրաբույժ Արա Դարզին՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր. ՖՈՏՈՇԱՐՔ
08.06.2018

Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար Արա Դարզին հունիսի 8-ին բաց դասախոսություն ունեցավ  Երևանի պետական բժշկական համալսարանում:

2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած անվանի հայի՝ «Նորարարությունն առողջապահության ոլորտում»  խորագրով դասախոսությունը լեփ-լեցուն դահլիճում  համախմբել էր ոչ միայն ԵՊԲՀ ուսանողներին և դասախոսներին, այլև առողջապահոության ոլորտի ներկայացուցիչներին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ առանձնահատուկ պատիվ է այսօր հյուրընկալել  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներին և հյուրերին: 

Ռեկտորի խոսքով՝  Արա Դարզիի  այս դասախոսությունը վկայում է այն մասին, որ համալսարանի աշխատանքներն ունեն համակարգված և հետևողական բնույթ:  Նրա գնահատմամբ՝ դասախոսությունը հնարավորություն կտա, որպեսզի մասնակիցները ծանոթանան առողջապահական ոլորտի այսօրվա մարտահրավերներին։ 

Բժշկական մայր բուհն աշխարհի տարբեր անկյուններից պարբերաբար հյուրընկալում է անվանի մասնագետների, որոնց անցած ուղին վկայում է մասնագիտությանը նրանց նվիրվածության մասին։

Ռեկտորը տեղեկացրեց, որ իր գործունեությամբ մեր երկրին մեծ ճանաչում  բերած Արա Դարզիին՝  ԵՊԲՀ գիտական խորհրդի  որոշմամբ,  շնորհվում է բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

«Ես երբեք այսքան արագ չեմ հագել և հանել շորերս»,- պատվավոր դոկտորի մանթիան հանելիս կատակեց Արա Դարզին՝ ընդգծելով,որ մեծ առավելություն է լինել ԵՊԲՀ-ում:

Խոսելով Հայաստան ժամանելու իր առիթի՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին, նա նշեց,որ յուրաքանչյուր մարդ կարևոր դերակատարում և առաքելություն ունի իրականացնելու, ինչին հենց միտված է նախաձեռնության բուն իմաստը:

Նախքան մասնագիտական թեմաներին անդրադառնալը Դարզին պատմեց իր մասին: Ապագա բժիշկը ծնվել է 1960թ. Բաղդադում՝ Եղեռնից փրկված հայերի ընտանիքում։ Հայրը մասնագիտությամբ ինժեներ էր:  Ժպիտով նշեց, որ  հայ ընտանիքներում ընդունված է ինժեներ, բժիշկ կամ իրավաբան դառնալ։

 Երբ Արան 17 տարեկան է եղել, որոշում է կայացրել տեղափոխվել Դուբլինի. երազում էր լավ բժշկական կրթության մասին։ Նա սովորել է Վիրաբուժության թագավորական քոլեջում, ապա գիտական աստիճան է ստացել Դուբլինի համալսարանում։  Հենց Իռլանդիայում է նրա ազգանունը դարձել Դարզի. դա տեղի է ունեցել տեղացիների կողմից նրա ազգանվան՝ յուրօրինակ արտաբերման հետ կապված։ 14 տարի ապրելով Դուբլինում՝ 1990թ. Դարզին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այստեղ էլ նա սկսել է վիրաբույժի իր կարիերան, ինչը որոշ ժամանակ անց նրան հասցրել է Քաղցկեղի հետազոտման կենտրոնի ղեկավարի պաշտոնին։  2002թ. ունեցած վաստակի համար Եղիսաբեթ 2-րդ թագուհին Դարզիին շնորհել է Բրիտանական Թագավորության ասպետի կոչում, ինչը նրան դարձրել է Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ։

Թեև իր իրական սիրտը ինժեներության մեջ էր,նա ընտրեց բժշկի ուղին: Աշխարհի առաջատար վիրաբույժը Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի վարիչ է։ Նրա ղեկավարած ամբիոնը զբաղվում է ռոբոտացված վիրաբուժությամբ, Դարզին վիրաբուժության մեջ բազմաթիվ նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման պիոներ է։ Դասախոսության ընթացքւոմ էլ նա հանգամանալից ներկայացրեց իր մասնագիտական գործունեության հետաքրքիր կողմերը, խոսեց նորարարությունների մասին:

2007թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը վիրաբույժին նշանակեց Բրիտանիայի առողջապահության փոխնախարար. նա դարձավ առաջին հայը Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում, ով բրիտանական կառավարության կազմում էր։ Չնայած 2009թ. Դարզին հրաժարական տվեց, պետական գործչի պաշտոնում աշխատած կարճ ժամանակահատվածում կողմնակից էր բժշկության մեջ ժամանակակից տեխոլոգիաների օգտագործմանը, ընդհուպ մինչև ռոբոտ-բժիշկների կողմից վիրահատական միջամտությունների կատարմանը: Նա նաև բազմաթիվ շտկումներ է արել Բրիտանիայի բժշկական համալսարաններում։

Փոխնախարարի պաշտոնից հրաժարվելը միայն մեկ նպատակ ուներ՝ ամբողջությամբ զբաղվել գիտական աշխատանքով։ Այսօր նա իր ամբողջ օրը նվիրում է հենց այդ աշխատանքին։ Նա միջազգային և բրիտանական մի շարք կոչումների և պարգևների է արժանացել։ 2008թ. նա դարձել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Բացի այդ՝ վիրաբույժը մի կանոն ունի, որը չի խախտում. տանն ընտանիքի հետ՝ ծնողների և քրոջ, խոսում է միայն հայերեն։ Դարզին ամուսնացած է, երկու երեխա ունի։

Դասախոսության ընթացքում խոստովանեց, որ իր համար իսկապես հաճելի է համալրել ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքը:

Հանդիպման երկրորդ հատվածում նա պատասխանեց  դասախոսներին և ուսանողներին հետաքրքրող տասնյակ հարցերի, կիսվեց իր փորձով և, իհարկե, խորհուրդներ տվեց:

Արա Դարզին հարցերից մեկին պատասխանելով՝ ընդգծեց, որ շատ կարևոր է հիշել սեփական արմատները: Հայերին նա բնորոշեց, որպես ուժեղ և շատ աշխատասեր ազգ:

Հանդիպումն ամփոփեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը: Նա հորդորեց ուսանողներին, երիտասարդ հետազոտողներին միշտ փորձել ձգտել սովորել, իրականացնել որևէ նոր բան, թակել բազմաթիվ դռներ: