• Հայ
  • Рус
  • Eng
Բժիշկ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելաձև՝ վստահեցնում է ապագա բժիշկը
Բժիշկ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելաձև՝ վստահեցնում է ապագա բժիշկը
12.12.2019

ԵՊԲՀ սովորողների մասին պատմող շարքը շարունակելով՝ այս անգամ անդրադարձել ենք ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Զինաիդա Շահնազարյանին: Ապագա բժիշկը ծնվել է Տավուշի մարզի Այրում համայնքի Պտղավան գյուղում։ 2017 թվականին ընդունվել է ԵՊԲՀ։ Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) անդամն ակտիվորեն մասնակցել և շարունակում է մասնակցել ՈւԳԸ կենսաբանության, օպերատիվ վիրաբուժության և հյուսվածաբանության ամբիոններում անցկացվող գիտական խմբակների աշխատանքներին և հետազոտություններին։

«Ամեն տարի համալսարանում անցկացվում է «Գիտության շաբաթ»-ը՝ Science Week-ը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեն ներկայացնելու գիտական խմբակներում իրենց կատարած հետազոտական աշխատանքները։ Ես ևս ակտիվ մասնակցություն եմ ունեցել Science Week-երին, որոնց ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ անվանի բժիշկների և գիտնականներ հետ, ովքեր  կիսվել են փորձով և դրվագներ ներկայացրել իրենց անցած ճանապարհից, որոնք ոգեշնչող ու պարտավորեցնող են »,- պատմում է ԵՊԲՀ սովորողը։ 

Լինելով ՈւԳԸ-ի անդամ, նա մասնակցել է մի շարք հետազոտական աշխատանքների` ստանալով նոր գիտելիքներ:
ՈւԳԸ-ի շրջանակներում ծանոթացել է տարբեր դասախոսների, բարձր կուրսերի ուսանողների հետ, ովքեր կիսվել են իրենց փորձով:

«Բժիշկ և գիտնական, հաճախ որպես հոմանիշներ են օգտագործում, չնայած ծայրաստիճան տարբերությունների, բայց իմ ներքին համոզմունքն է, որ մեկը մյուսից է բխում: Բոլոր գիտնականները չեն, որ կարող են լինել բժիշկ, բայց յուրաքանչյուր բժիշկ պետք է որոշ չափով լինի նաև գիտնական»,- հավելում է Զինաիդան:
Համալսարանում դասավանդվող առարկաներից չի առանձնացնում  որևը մեկը, քանի որ յուրովի է մոտենում յուրաքանչյուր առարկայի ուսումնասիրմանը:
Նրա խոսքով՝ ուսանողական կյանքը չնայած  ծանրաբեռնվածությանը, շատ հետաքրքիր ու բովանդակալից է անցնում: Ցանկացած բան, որը արվում է սիրով, թողնում է բավականության զգացողություն։

 Ապագա բժիշկն ազատ ժամանակ գրքեր է կարդում, երգում ու կիթառ նվագում, զբաղվում է նաև սպորտով։

«Անցած ուսումնական տարում համալսարանական ընկերներիս հետ ստեղծեցինք «DNA music project»-ը, որը իր մեջ ընդգրկում է տաղանդավոր ուսանողներին, որոնք կարողանում են ինքնաարտահայտվել երաժշտության միջոցով»,- ընդգծում է Զինաիդա Շահնազարյանը։ Նա գտնում է, որ բժշկագիտությունը ունի շատ բացահայտված և չբացահայտված կողմեր և նրա մեծագույն ցանկություններից է այս ոլորտում կատարել նոր բացահայտումներ և ուսումնասիրություններ:

 «Ինչու՞ եմ ընտրել բժշկի մասնագիտությունը։ Հարց, որի պատասխանը կդժվարանամ հստակ տալ։ Ասածս ունի մի պարզ պատճառ, բժիշկ լինելը միայն մասնագիտություն չէ, նաև ապրելաձև է, նպատակ, որին հասնելու համար պատրաստ ես ներդնել ամբողջ ուժդ, էներգիադ, կյանքդ՝ դառնալով նվիրյալ բժիշկ»,-ասում է 2-րդ կուրսի ուսանողուհին: Առաջիկայում ևս նա նախատեսում է բաց չթողնել համալսարանում անցկացվող ամենատարբեր, այդ թվում գիտական միջոցառումները:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան