• Հայ
  • Рус
  • Eng
Բժիշկը նաև բարեկրթության խորհրդանիշ է. սեփական օրինակով ապացուցել է քաղաքական գործիչ Դավիթ Հակոբյանը
30.05.2018

Հավանաբար քչերը գիտեն, որ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը բժշկական թրուենթիզմի վառ ներկայացուցիչ էր: «Թրուենթ» տերմինն ի հայտ է եկել 1936թ., երբ հայտնի բրիտանական վիրաբույժ լորդ Բերկլի Մոյնիգանը Քեմբրիջում կարդացած իր դասախոսություններից մեկի ընացքում պատմեց այն բժիշկների մասին, ովքեր հայտնի էին դարձել բժշկության բնագավառից դուրս, և կատակով անվանեց նրանց թրուենթներ, այսինքն՝ դասից փախչողներ: Բժիշկ թրուենթներ են Նիկոլայ Պիրոգովը, Միխայիլ Բուլգակովը, Անտոն Չեխովը, Ֆրիդրիխ Շիլլերը, Չե Գևարան, Բաշար Ասադը և շատ ուրիշներ: Բժիշկ-թրուենթները քիչ չեն նաև մեր հասարակության մեջ ու, հատկապես, քաղաքական գործիչների շարքում: Դավիթ Հակոբյանը, սակայն ի տարբերություն այլոց, ոչ թե թողեց մասնագիտությունը և սկսեց զբաղվել մեկ այլ գործով, այլ կարողացավ մինչև կյանքի վերջին օրը փայլուն համատեղել բժշկությունը և քաղաքականությունը։
Սերը բժշկության հանդեպ նա ժառանգել էր հորից, իսկ մորից իրեն էր փոխանցվել սերը հասարակական գործունեության հանդեպ։ Դա էր պատճառը, որ նա բժշկական կարիերային զուգընթաց ձևավորվել էր նաև որպես քաղաքական-հասարակական գործիչ` օժտված լինելով ճկուն մտքով, ազդեցիկ բանավոր խոսքով, հռետորական արվեստով։ Դավիթ Հակոբյանը գտնում էր, որ բժիշկները բազմակողմանի զարգացած մարդիկ են և ի վիճակի են դրսևորվել ցանկացած բնագավառում՝ քաղաքականության մեջ, երաժշտարվեստում, գրականության ոլորտում, այլուր: Պատահական չէ, որ տարբեր պատմական ժամանակներում բժիշկներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել և ունեն երկրի մշակութային, հասարակական, քաղաքական գործընթացներում: Դավիթ Հակոբյանը վստահ էր, որ բժիշկը նաև բարեկրթության խորհրդանիշ է, ինչն ապացուցել է շատերին սեփական օրինակով: Հակոբյանների ընտանիքին ենք նվիրում «Բժշկի ուղին» շարքի 16-րդ թողարկումը: Բժշկական գերդաստանի պատմությունը մեզ է ներկայացնում Հակոբյանի կրտսեր դուստրը՝ ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Մարիա Հակոբյանը:

Հակոբյանների ընտանիքի ճնշող մեծամասնությունը ԵՊԲՀ շրջանավարտներ են

Դավիթ Հակոբյանի հայրը՝ Սուրեն Իվանի Հակոբյանը, Հայկական ՍՍՀ վաստակավոր բժիշկ էր։ Նա ծնվել է 1917թ. Բերդ գյուղում՝ Իվան Տեր-Հակոբյանի ընտանիքում։ Տեղի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ 1941թ. դեկտեմբերին ավարտել է ինստիտուտը և մեկնել ռազմաճակատ։
Առաջին մարտը դիմավորել է Մոսկվայում, հենց այնտեղ էլ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, հետո դարձել է 3-րդ բելառուսական ռազմաճակատի հրամանատար, բանակի ամենաերիտասարդ գեներալ Իվան Դանիլիի Չեռնյախովսկու անձնական բժիշկը։ 1943թ. Հակոբյանը ճանաչվել է ռազմաճակատի լավագույն բժիշկ և պարգևատրվել բանակի գեներալի անձնական նվեր-ժամացույցով։ Չեռնյախովսկու զոհվելուց հետո ռազմաճակատի հրամանատար է նշանակվել բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը։ Անցնելով փառավոր մարտական ուղի` բժիշկ Սուրեն Հակոբյանը հաղթանակը դիմավորել է Քյոնիգսբերգի մերձակա Դունիցիկ քաղաքում։ Նա բազմաթիվ զինվորների կյանք է փրկել։ Իր խիզախության և արիության համար դարձել է Փառքի երկու շքանշանների ասպետ, պարգևատրվել Կարմիր Աստղ շքանշանով, բազմաթիվ մեդալներով։
Պատերազմի ավարտից հետո ողջ կյանքը նվիրել է հայրենի շրջանին, երկար տարիներ ղեկավարել շրջանի առողջապահական համակարգը, եղել է թերապևտիկ բաժանմունքի վարիչ։ 1967թ. Սուրեն Հակոբյանը արժանացել է Հայկական ՍՍՀ վաստակավոր բշժկի պատվավոր կոչման։ Անվանի բժիշկը մահացել է 1994թ.։
Դավիթ Հակոբյանի մայրը` Մարուսյա Մարտիրոսի Սաղումյանը, հայ ժողովրդի պատմության ուսուցչուհի էր, Լենինի շքանշանակիր, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի, բազմաթիվ պատվոգրերի դափնեկիր։ Նրա անունով ներկայումս անվանակոչված է Բերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 2011թ. դպրոցի անվանակոչմանը ներկա էին պաշտոնատար անձինք, դեսպանատների պատվիրակություններ: Հենց այս առթիվ դպրոցի շենքի դիմաց կանգնեցվեց մեծանուն մանկավարժի արձանը: Արձանը հետաքրքիր կերպով փոխանցում է Մարուսյա Սաղումյանին բնորոշ խրոխտությունը: Մանկավարժին Տավուշում շատերն են ճանաչում և հիշում առ այսօր: Մարիան պատմում է տատիկի յուրահատուկ բնավորության մասին: Հեղափոխական բնավորության շնորհիվ նա կարողացել է տարբեր հարցերում դրսևորել սկզբունքայնություն: 1962թ.-ին Մոսկվայում` ԽՍՀՄ ուսուցիչների առաջին համամիութենական համագումարում հանդուգն ճառով առաջինն է ըմբոստացել «Ազգային պատմությունների դասավանդման ԽՍՀՄ ժողովուրդների պատմության փոխարինելու» քաղբյուրոյի հայտնի ծրագրի դեմ: Կրեմլի համագումարների դահլիճը արձագանքեց հոտնկայս, բուռն ծափահարություններով ու ոգևորված բացականչություններով` «Браво армянской кононаде»: Նրա «հեղափոխական» բնավորությունը փոխանցվել է նաև որդիներին:

Կենսագրական տվյալներ

Դավիթ Սուրենի Հակոբյանը ծնվել է 1950թ. հունվարի 1-ին պատմական Մեծ Հայքի 19-րդ նահանգ Ուտիքի Տավշո գավառի Տավուշ-Բերդ ավանում (խորհրդային կարգերի օրոք` Շամշադին). հենց նախկին անվանմամբ էր նա նախընտրում միշտ ներկայացնել իր ծննդավայրը։ 1966թ. ավարտել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով, 1973թ.` Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Ստացել է բժիշկ-թերապևտի որակավորում․ 1973-1974թթ. Բերդի բուժմիավորման բժիշկ-թերապևտն էր։ 1974-1975թթ. աշխատել է Կապուտակ Սևան և Դիլիջան առողջարաններում որպես բժիշկ-թերապևտ։ 1975-1976թթ. աշխատել է Դիլիջանի բուժմիավորումում՝ որպես ավագ բժիշկ։ 1976թ. զորակոչվել է խորհրդային բանակ, որտեղ ծառայել է Վրաստանի Մախարձեի շրջանի ռազմաօդային զորամասում որպես բուժական մասի ղեկավար։ 1978թ. զորացրվելուց հետո վերադարձել է Երևան և մինչև 1979թ. աշախատել Հայաստանի ներքին գործերի բժշկական մասում՝ որպես բժիշկ-թերապևտ։ 1979-1984թթ. աշխատել է Երևանի շտապ օգնության կայանում՝ որպես բժիշկ թերապևտ։ 1984թ.ից մինչև կյանքի վերջին օրը աշխատել է Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։ Ավան վարչական շրջանում տեղակայված այս պոլիկլինիկան առավել քան հարազատ էր բժիշկ-քաղաքական գործիչ Դավիթ Հակոբյանին:
2014 թվականի սեպտեմբերի 29-ն էլ ոչնչով չէր խոստանում տարբերվել նախորդ օրերից, սակայն չարագուշակ ճակատագիրն արեց իր սև գործը. Դավիթ Հակոբյանը, սովորականի նման բժիշկ-թերապևտի աշխատանքն ավարտած, շտապում էր իր հերթական մամուլի ասուլիսին, որին, ավաղ, այդպես էլ չհասավ։ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահը հանկարծամահ եղավ՝ հավատարիմ մնալով կոչմանը:
«Հայրս նաև այս պոլիկլինիկայի հիմնադիրներից էր, և առ այսօր նրա մասին մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում պացիենտները, պոլիկլինիկայի աշխատակազմն ու ղեկավարությունը »,- ասում է Մարիա Հակոբյանը:
Նա մեզ ներկայացրեց նաև մի ուշագրավ պատմություն: Հայրը սովորություն ուներ զբոսնել Ավանի կանաչապատ այգիներից մեկում, զրույցի բռնվել անցնող գնացողի հետ` այսպիսով փորձելով մոտ գտնվել իր ազգին և ականջալուր լինել բնակիչներին հուզող հարցերին:
Ընտանիքի համար անակնկալ էր, երբ տեղեկացան, որ պուրակի ղեկավարությունը սեփական նախաձեռնությամբ վերջերս Դավիթ Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ էր փակցրել նստարաններից մեկի վրա՝ «Հավերժ մեր մտքերում» գրությամբ:
Մարիան պատմում է, որ հայրը սկսեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել 40 տարեկանից հետո, սակայն մինչև կյանքի վերջ վստահ էր, որ բժշկությունն է այն եզակի մասնագիտությունը, որը հնարավորություն է տալիս լինել բազմակողմանի զարգացած: Կոչում, որը նաև մարդկանց հետ շփվելու, հաղորդակցվելու բազմաթիվ առիթներ է ընձեռում:
«Բժշկությունն ամենավեհ մասնագիտությունն է»,- ընդգծում է Մարիան՝ մեզ փոխանցելով հոր խոսքերը:
1997թ. Դավիթ Հակոբյանը Ստեփան Շահումյանից հետո երկրորդն էր, ով հիմնադրեց Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը։ Հայտնի քաղաքական գործչի առաջ քաշած թեզերը հակիրճ էին, հնչեղ, իմաստավորված։
1969թ. նա ամուսնացել էր Զինա Խաչատրյանի հետ, ում հետ կյանքի նույն ուղին են անցել` սկսած դպրոցից մինչ բժշկական ինստիտուտ և հետո։ Զինա Խաչատրյանը ծնվել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում 1948 թվականի սեպտեմբերի 10-ին։ 1972թ. ավարտել է բժշկական ինստիտւտի բուժական ֆակուլտետեը։ Ստացել է բժիշկ-թերապևտի որակավորում։ 1973-1974թթ.աշխատել է որպես բժիշկ-թերապևտ Բերդի բուժմիավորումում։ 1974-1975թթ. մասնագիտական գործունեություն է ծավալել Կապուտակ Սևան և Դիլիջան առողջարաններում որպես բժիշկ-թերապևտ։ 1975-1976թթ. աշխատել է Դիլիջանի բուժմիավորումում որպես բժիշկ-թերապևտ, միաժամանակ նաև դասավանդել Դիլիջանի բժշկական տեխնիկումում թերապիա առարկան։ Այնուհետև մեկ տարի աշխատել է Վրաստանի Մախարաձեի շրջանի Նաթանեբու ամբուլատորիայում՝ որպես բժիշկ-թերապևտ։ 1978-1981թթ. աշխատել է Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում: 1982թ. առ այսօր աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայում որպես տեղամասային թերապևտ: Դավիթ Հակոբյանը և Զինա Խաչատրյանը ունեցել են 3 դուստր: Երեքն էլ դարձել են իրենց պապի և ծնողների սուրբ գործի շարունակողը։

Ավագ դուստրը` Հասմիկ Հակոբյանը, 1993թ. ավարտել է ԵՊԲՀ դեղագործական ֆակուլտետը: 1993-1995թթ. ավարտելուց անմիջապես հետո սկսել է աշխատել Առողջապահության նախարությանն առընթեր հանրապետական հումանիտար դեղատան վարիչ: 1995-2004թթ., նախընտրելով առողջապահության կազմակերպումը, աշխատել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի ղեկավարած ՀՀ առողջապահության նախարարությանն առընթեր Դեղերի և բժշկական տեխնոլոգիանների փորձագիտական կենտրոնում՝ նախ որպես դեղերի արտահանման և ներմուծման արտոնագրման բաժնի փորձագետ, այնուհետև տեղափոխվել դեղաքաղաքականության բաժին`որպես ավագ փորձագետ: Այս բաժնում, կապված դեղերի քաղաքականության և կառավարման հետ, բավական լայն գործունեություն է ծավալել: 1999-2000թթ. համագործակցել է Առողջապահության համաշխարհային կազամակերպության հետ որպես կոորդինատոր, «Հիվանդանոցում դեղերի մատակարարման կառավարում» դեղագործական հատուկ ծրագրի շրջանակներում, որի համար մեծ գնահատանքի է արժանացել ԱՀԿ-ի կողմից:2000-2004թթ. առաջին անգամ Հայաստանում Հասմիկ Հակոբյանը, Էմիլ Գաբրիելյանի ղեկավարությամբ, նախաձեռնել է լայնատարած գիտական հետազոտություն դեղերի կառավարման ոլորտում և առաջարկել Հայաստանում դեղերի կառավարմանն օժանդակող համալիր մի համակարգ, որն ուղղված էր նաև դեղերը մատչելիության ապահովմանը և հիվանդի բուժման որակի բարձրացմանը: Առաջին անգամ Հայաստանում, հիմնվելով առաջատար երկրների փորձի վրա, նա նախաձեռնել և ստեղծել է հիվանդանոցային Ֆորմուլյարային համակարգը, գիտականորեն ապացուցել նրա ֆարմակոթերապևտիկ, տնտեսական և ֆինանսական արդյունավետության առավելությունը: 2004թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Հիվանդանոցներում հիմնական դեղերի մատչելիության և դեղաբուժության որակի բարելավման համակարգի մշակումը» թեմայով և արժանացել Դեղագիտական գիտությունների թեկնածուի կոչմանը: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Հասմիկ Հակոբյանը դեղերի կառավարման գծով վերապատրաստվել է տարբեր առաջատար եվրոպական երկրներում: 2000թ. ավարտել է Շոտլանդիայի Ռոբերտ Գորդոնի Համալսարանի «Դեղերի կառավարում» բաժինը: 2002-2010թթ. դիտելով ավանդական բժշկությունը որպես առողջապահության մեծ ներուժ`այն զարգացնելու նպատակով առաջին անգամ առաջարկել է և ներդրել ավանդական բժշկությունը ԵՊԲՀ-ի ակադեմիկ կրթական ծրագրում և դասավանդել այն Ընտանեկան և Ավանդական բժշկության ամբիոններում որպես ասիստենտ: 2004թ.-ին ամուսնացել և տեղափոխվել է արտերկիր։ Հասմիկ Հակոբյանը միջազգային ճանաչում ունեցող մասնագետ է և անգամ արտասահամնում իր բարձր գիտելիքների և փորձի շնորհիվ կարողացել է պաշտպանել իր որակավորումը և մասնագիտությունը։ 2009թ.-ից գրանցված է, որպես դեղագետ Կիպրոսում (Pharmaceutical Services of Cyprus): Աշխատել է Պաֆոսի պետական հիվանդանոցի դեղատանը: 2012 թ.-ից բնակվում է Միացյալ Թագավորությունում։ Թագավորական Դեղագործական Միության (Royal Pharmaceutical Society/No910199,SRPharms/) գիտնական անդամ է, նույն թվականից նաև գրանցված է որպես դեղագետ Միացյալ Թագավորությունում, Ընդհանուր Դեղագործական Խորհրդի անդամ է(General Pharmaceutical Council):
Միջնեկ դուստրը` Մերի Հակոբյանը, 1995թ. ավարտելով բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը` ստացել է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։
1996թ.-ին ավարտել է ինտերնատուրան նույն բուհի բազա հանդիսացող թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում` ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։ 1996թ.-ից անցել է աշխատանքի նույն թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում` որպես թերապևտ-ստոմատոլոգ։ Ներկայումս Մերի Հակոբյանը կին-գործարար է։
Կրտսեր դուստրը` Մարիա Հակոբյանը, 2004թ. է ավարտել ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը, իսկ 2005թ. ինտերնատուրան ավարտելուց հետո ստացել է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։ 2006-2009թթ. անցել է կլինիկական օրդինատուրա բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում և ստացել օրթոպեդ-ստոմատոլոգի որակավորում։ 2009-2017թթ. աշխատել է է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Մեծահասակների պոլիկլինիկայի ստոմատոլոգիական բաժանմունքում որպես բժիշկ-ստոմատոլոգ, իսկ նույն բժշկական կենտրոնի ծննդատանը` որպես ստոմատոլոգիական ծառայության ղեկավար։ 2011թ.-ից առ այսօր դասավանդում է ԵՊԲՀ-ի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում` համատեղելով բժշկությունը, որ ժառանգել է բժիշկ պապից և մանկավարժությունը, որն արյունով փոխանցվել է անվանի մանկավարժ տատից։ 2015թ.-ից առ այսօր Ivoclar Vivadent ստոմատոլոգիական նյութերի արտադրության առաջատար ընկերության բժիշկ-խորհրդատուն է Հայաստանում։

«Այժմ աշխատում եմ իմ թեկնածուական ատենախոսության վրա «Ատամ-պարօդոնտային համալիրի կլինիկական կարգավիճակը հղիության ընթացքում և դրա ազդեցությունը հղիության ելքի վրա» թեմայով»,-նշում է Մարիան, ով ևս տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։

Ապագա բժիշկ է նաև Դավիթ Հակոբյանի թոռնուհին

Դավիթ Հակոբյանի թոռնուհին` Անիտա Քոքոբելյանը, շարունակելով իր նախնիների ուղին, այժմ ուսանում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսում։
Հակոբյանի հարազատ եղբորոդին` Ռեմի Վահանի Հակոբյանը, 2008թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, իսկ 2015թ.` դոկտորական ատենախոսությունը` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի կոչում։ Բարձրակարգ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ է, ով բժշկական մայր բուհի պատիվը բարձր է պահում` նույնիսկ գտնվելով օվկիանոսից այն կողմ և զարմացնելով իր մասնագիտական հմտություններով արտասահմանյան կոլեգաներին։ Նա 1996-2002թթ. ուսանել և գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ 2002-2005թթ. անցել է կլինիկական օրդինատուրա ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնում։ 2005-2008թթ. ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի ասպիրանտ էր, 2009-2012թթ. անցել է դոկտորանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտում։ Այնուհետև մի քանի տարի շարունակ փոխանակման ծրագրերով ուսանել է Ավստրիայում և ԱՄՆ-ում։ 2007-2013թթ. ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի դասախոս էր։ 2015թ.ից առ այսօր ռեզիդենտ անեսթեզիոլոգ է ԱՄՆ-ի Դետրոյթի Հենրի Ֆորդի բժշկական համակարգում։2002թ.-ից Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ խնամքի մասնագետների միության անդամ է։ 2015թ. Միչիգանի և Ամերիկայի անեսթեզիոլոգների միության անդամ է։ Մի շարք գիտական հոդվածների և մեթոդականների հեղինակ է։ Ռեմի Հակոբյանի թեկնածուական ատենախոսության թեման էր «Ներորովայնային ճնշումը տարբեր կրիտիկական վիճակներում»: Ռեմիի գիտական աշխատանքը Հայաստանում եզակի է, և այդ գիտական աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել ախտորոշել և բուժել կրիտիկական վիճակում գտնվող հիվանդներին: Ռեմի Հակոբյանը նաև ներորովայանյին հիվանդություններով զբաղվող միջազգային կոմիտեի անդամ է:
Այսպիսով, սակայն ընտանիքի բժշկական գիծը չի ընդհատվում:
Կոչումով բժիշկների` Հակոբյանների բժշկական գերդաստանը համալրել են նաև Սուրեն Հակոբյանի եղբորոդին ու նրա ընտանիքը: Հրաչիկ Շահենի Հակոբյանը 1961թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, 1967թ. ավարտել ու վերադարձել ծննդավայր, շարունակել ատամնաբույժի աշխատանքը: 1969թ. մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի 4-րդ ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ որպես օրթոպեդ-ստոմատոլոգ և ստոմատոլոգիական բաժնի ղեկավար: Բժշկական գիծն այնուհետև շարունակել է որդին՝ Հովնան Հակոբյանը: Նա սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: Բժշկական գիտությունների թեկնածուն դասախոսել է բժշկական մայր բուհի Ստոմատոլոգիական ֆակուլտետում, միաժամանակ աշխատել որպես բժիշկ-օրթոպեդ: Հովնան Հակոբյանն այժմ մասնագիտական գործունեություն է ծավալում Մոսկվայում: Ընդհանուր առմամբ, բժիշկ Սուրեն Իվանի Հակոբյանի բժշկական տոհմում տասնմեկ բժիշկ կա:

Հակոբյանների ընտանիքի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Դավիթ Հակոբյանի հիշատակը հավերժացնելու ևս մեկ ծրագիր ունի ընտանիքը: Առաջիկայում չի բացառվում, որ այն պոլիկլինիկան, որտեղ երկար տարիներ աշխատել է բժիշկն, անվանակոչվի իր անունով․ սա նաև հիվանդների ու գործընկերների մեծ ցանկությունն է:


Հեղինակ ` ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ անձնական արխիվից