• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկության հիմքը կանխարգելումն է. Սոֆյա Մկրտչյանը նշում է հիգիենայի կարևոր առանձնահատկությունները
Բժշկության հիմքը կանխարգելումն է. Սոֆյա Մկրտչյանը նշում է հիգիենայի կարևոր առանձնահատկությունները
20.01.2020

Առողջության պահպանման և ամրապնդման համար կարևոր նշանակություն ունի կանխարգելումը: Հիգիենան կանխարգելիչ բժշկության առարկաներից մեկն է:

Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոֆյա Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է հիգիենայի կարևոր առանձնահատկությունները, խոսել մասնագիտությունն ընտրելու, դասախոս-ուսանող հարաբերությունների և այլնի մասին:

-Հիգենիան կարևոր նշանակություն ունի հիվանդությունների կանխարգելման գործում: Արդյո՞ք սա էր պատճառը, որ ընտրեցիք այս մասնագիտությունը:

- Բժիշկ դառնալ երազել եմ մանկուց, սակայն հիգիենիստի մասնագիտության ընտրությունը պատահական  է ստացվել: Ես պատրաստվում էի ընդունվել բուժական ֆակուլտետ, բայց քննություններից կես միավոր պակաս ստանալու պատճառով ընդունվեցի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ: Այժմ չեմ զղջում, որ հենց այդ ֆակուլտետում եմ ուսանել, որովհետև սիրում եմ իմ մասնագիտությունը, իմ կոլեգաներին, ուսանողներին: Երևի սա էր իմ ճակատագիրը:

-Որո՞նք են Ձեր մասնագիտության առանձնահատկությունները:

-Բժշկության հիմքը կանխարգելումն է: Հիգիենան, որպես կանխարգելիչ բժշկության առարկա, ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և մշակում է հիգիենիկ միջոցառումների ծրագրեր՝ ուղղված առողջության պահպանմանը։

-Երբվանի՞ց եք սկսել դասավանդել ԵՊԲՀ-ում:

-Բժշկական համալսարանում սկսել եմ աշխատել 1993 թվականից: Այն ժամանակ կար պրոֆիլային հիգիենաների ամբիոն, որտեղ դասավանդում էի աշխատանքի հիգիենա: Պրոֆիլային հիգիենաների ամբիոնում անցնում էին հիմնականում սանիտարահիգիենիկ և մանկաբուժական ֆակուլտետների ուսանողները: Սակայն ծրագրերի հետ կապված՝ այդ ֆակուլտետները փակվեցին, մանկաբուժությունը դարձավ հետդիպլոմային ուսուցման  մասնագիտություն: Պրոֆիլային հիգիենաների ամբիոնը միացավ ընդհանուր հիգիենայի ամբիոնին և դարձավ հիգիենիայի և էկոլոգիայի ամբիոն: Այս ամբիոնում աշխատում եմ 2000 թվականից:

-Ինչպե՞ս կգնահատեք ուսանողների հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:

-Կարծում եմ, որ ուսանողները հաճույքով են սովորում առարկան, դա փաստում է նրանց ակտիվությունը ոչ միայն դասապրոցեսի ընթացքում, այլև հետազոտական աշխատանքներ կատարելիս, որոնցից շատերը միջազգային կոնֆերանսներում են ներկայացվել և տպագրվել: Թեև այդ աշխատանքները բավականին աշխատատար են և ժամանակատար, բայց ուսանողները հաճույքով են կատարում: Հետազոտական աշխատանքները հիմնականում ես եմ ղեկավարում, թեմաները տարբեր են՝ աղբահանությունից մինչև տիեզերք, այսինքն՝ այն ամենն ինչ շրջապատում է մեզ:

-Ի՞նչ կասեք դասախոս-ուսանող հարաբերությունների մասին: Ինչպիսի՞ն են դրանք ամբիոնում:

-Դասախոս-ուսանող հարաբերությունները շատ բարձր եմ գնահատում: Մեր դասախոսները  նվիրված են իրենց մասնագիտությանը: Ամբիոնում չեն եղել անախորժ դեպքեր: Դասավանդումը, իհարկե, շատ դժվար պրոցես է, քանի որ տարբեր բնավորություն ունեցող ուսանողների հետ ես առնչվում: Յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք և, կարծում եմ, ամբիոնին դա հաջողվում է: Շատ կարևոր նշանակություն ունի ուսանողի դաստիարակությունը, չէ ո՞ր մենք պատրաստում ենք ապագա բժիշկների, իսկ բժիշկը ոչ միայն լավ մասնագետն է, այլև լավ մարդը:

-Բժշկությունից բացի ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Հիգիենան այնպիսի բնագավառ է, որը ստիպում է անընդհատ կարդալ և հետաքրքրվել, քանի որ տեղեկատվական դաշտը բավական մեծ է և հնարավոր է ուսանողն ավելի շատ բաներ կարողանա գտնել և կարդալ: Այս պատճառով, արդեն որպես նախասիրություն, շարունակում եմ անընդհատ կարդալ և ուսումնասիրել: Իսկ բժշկությունից դուրս, եթե կարելի է ասել,  իմ ամենամեծ նախասիրությունն իմ ընտանիքն է, իմ թոռնիկները:

-Եթե կարողանայիք ժամանակը հետ տալ՝ այլ մասնագիտությու կընտրեի՞ք:

-Եթե ժամանակը հնարավոր լիներ հետ տալ, կընտրեի մանկաբուժությունը: Գուցե նաև այն պատճառով, որ երեխաներին շատ եմ սիրում: Բացի այդ ՝ իմ տատիկը ևս մանկաբույժ էր, և տեսնելով նրա աշխատասիրությունն ու մարդասիրությունը փափագում էի բժիշկ դառնալ:  

-Իսկ Ձեր երեխաները ի՞նչ մասնագիտություն են ընտրել:

-Տղաս՝ Վիլեն Սեյրանյանը, նույնպես բժիշկ է ՝ վիրաբույժ-ստոմատոլոգ, աշխատում է վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնում, իսկ աղջիկս՝  Անահիտ Սեյրանյանը,  ընտրել է հարակից մասնագիտություն ՝ հոգեբան է: Այսինքն, կարելի է ասել, որ մեր ընտանիքում բժշկությունը ժառանգական է:


                                                                                  Հարցազրույցը՝ Արփինե Թովմասյանի

Լուսանկարները՝ Սոֆյա Մկրտչյանի անձնական արխիվից