• Հայ
  • Рус
  • Eng
Չեմ պատկերացնում կյանքս առանց ԵՊԲՀ-ի. Վլադիմիր Շեկոյան
09.02.2018

«Մարդն իր գործի նվիրյալն է»,- տարբեր մասնագիտական շրջանակներում այս արտահայտությունը լսելու բազմաթիվ առիթներ ենք ունենում: ԵՊԲՀ-ի 100-ամյա տարեդարձին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքը շարունակում է ընթերցողին ներկայացնել բժշկական համալսարանի նվիրյալների կամ ինչպես ձևավորված ավանդույթի համաձայն նրանց հաճախ ենք անվանում նահապետների անցած ուղին: Համալսարանի նվիրյալներից և մասնագիտական գործունեությունը բուհին նվիրած երկարամյա մասնագետներից է Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վլադիմիր Շեկոյանը: Արդեն ուղիղ վեց տասնամյակ է՝ ԵՊԲՀ-ն նրա կյանքում կարևոր տեղ ունի: Վաթսուն տարիներից 52-ի ընթացքում, բժշկական կրթություն ստանալուց անմիջապես հետո պրոֆեսորի առաջին և միակ աշխատատեղը բժշկական մայր բուհն է:

Սկսել է դասախոսել 22 տարեկանում

Վլադիմիր Շեկոյանի հայրը՝ Արմենակ Շեկոյանը, տարբեր տարիներին, տասնամյակներ շարունակ զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ: Երկար տարիներ ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմ-նախարար էր։ Նշանակվել էր նաև ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, յոթ անգամ ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մայրը՝ Էվելինա Շեկոյանը, քիմիկոս էր: Ապագա բժիշկ-գիտնականին մասնագիտական կողմնորոշման հարցում օրինակ է ծառայել քրոջ՝ Լիլիթ Շեկոյանի և նրա ամուսնու՝ Ռուբեն Դուրինյանի գործունեությունը: Ամուսինները ԵՊԲՀ շրջանավարտներ էին: Լիլիթ Շեկոյանը վիրուսաբան է, ուսումն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մանրէաբանության ամբիոնում, այնուհետև Մոսկվայում սովորել է ասպիրանտուրայում, ինչպես նաև մինչև կյանքի վերջ աշխատել է ՌԴ Պոլիոմելիտի և վիրուսային էնցեֆալիտի Մ. Պ. Չումակովի անվան պետական հետազոտական ինստիտուտում: Գիտնականն իր թիմակիցների հետ արժանացել է ՌԴ պետական մրցանակի՝ ռոտավիրուսային վարակների ոլորտում կատարված ծավալուն հետազոտության համար: Լիլիթ Շեկոյանի ամուսինը նյարդաֆիզիոլոգ էր: Պրոֆեսորը մասնագիտական գործունեության սկզբում համատեղել է ՌԴ ԲԳԱ Ընդհանուր ախտաբանության և ախտաբանական ֆիզիոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչի և գիտության գծով փոխտնօրենի աշխատանքը, այնուհետև զբաղեցրել է Մոսկվայի Ռեֆլեքսաթերապիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը:
Վլադիմիր Շեկոյանի առաջին այցը՝ հետագայում ողջ կյանքի ընթացքում հարազատ դարձած բժշկական ինստիտուտ, ավագ քրոջ ուղեկցությամբ էր դեռևս 6-րդ դասարանում: Երկարամյա դասախոսի շատ նախկին ուսանողներ այսօր արդեն վաղուց կայացած մասնագետներ են բժշկագիտության տարբեր բնագավառներում: Ժպիտով է նշում, որ առիթ է ունենում դասավանդելու բժշկական ընտանիքների երեք սերնդի: Խոստովանում է, որ երիտասարդ տարիքում լսարանի հետ աշխատանքը սկսելիս թեև կային վախեր, բայց դրանք հաղթահարվեցին ժամանակի ընթացքում:

 

Կենսագրական տվյալներ

Վլադիմիր Շեկոյանը սովորել է Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, 1958-1964թթ. ավարտել է ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, 1964-1966թթ. եղել է ԵՊԲՀ մանրէաբանության ամբիոնի ասպիրանտ, 1966-1969թթ. ԵՊԲՀ մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնի ասիստենտ, 1969-1979թթ. ԵՊԲՀ-ի ԿԳՀԼ-ի ավագ գիտական աշխատող: 1979-1981թթ. ԵՊԲՀ ԿԳՀԼ-ի իմունաբանության լաբորատորիայի վարիչն էր, 1981-1986թթ. ԵՊԲՀ մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնի պրոֆեսոր: 1986թ. մինչ օրս ԵՊԲՀ բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչն է,
1979-1982թթ.՝ ԵՊԲՀ արհկոմիտեի նախագահը, 1983-1991թթ.՝ ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի դեկանը, 2002-2011թթ.՝ ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը: 1967թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1978թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1982թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում: Հեղինակ է շուրջ 140 ուսումնագիտական հրապարակումների, այդ թվում մենագրության, երեք դասագրքի և մի շարք ուսումնական ձեռնարկների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է մեկ դոկտորական և ինը թեկնածուական ատենախոսություն: 2000թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է «Մխիթար Հերացի» մեդալի, 2010թ. ՀՀ Նախագահի հրամանագրով՝ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման: 2005թ. և 2010թ. պարգևատրվել է ԵՊԲՀ հոբելյանական ոսկե մեդալներով, 2014թ. պրոֆեսորին շնորհվել է ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ: 1995թ.-ից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի 026 «Տեսական բժշկություն» մասնագիտական խորհրդի անդամ է, 2003թ.-ից՝ ՌԴ բնական գիտությունների «Հայկական մասնաճյուղ» ակադեմիայի իսկական անդամ, իսկ 2006թ.-ից՝ ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:

Ասպիրանտուրայում ուսանելուն զուգահեռ, Վլադիմիր Շեկոյանը սկսում է նաև դասախոսական աշխատանքը: Առաջին անգամ որպես դասախոս լսարան է մուտք գործում ընդամենը 22 տարեկանում, լինելով անգամ իր որոշ ուսանողներից տարիքով ավելի փոքր: Պրոֆեսորն ընդգծում է, որ աշխատանքային երկարամյա փորձի ընթացքում նրան միշտ հաջողվել է ուսանողների հետ ունենալ լավ հարաբերություններ: Փոխադարձ հարգանքն առաջնահերթություն է համարում, բայց պահանջկոտությունը ևս երբեք չի նահանջել իր մասնագիտական գործունեությունից:
Խոսելով ուսանողների մասին, ոչ այնքան հեռավոր 1988 թվականի դեկտեմբերի 7-ից մի դրվագ է մտաբերում:
«Այսօրվա պես եմ հիշում, 7-րդ լսարանում դասախոսություն էի կարդում, երբ զգացի, որ հատակը կարծես փախչում է ոտքերիս տակից, բռնվեցի ամբիոնից: Երբ հասկացա՝ ինչ է կատարվում, երեխաներին հրահանգեցի կազմակերպված դուրս գալ համալսարանի բակ»,- պատմում է ԵՊԲՀ դասախոսը, որն այն ժամանակ բուժական ֆակուլտետի դեկանն էր: Աղետալի երկրաշարժի օրվա երեկոյան, բուժական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողները, ինչպես և վայել է ապագա բժշկին, անձնուրացություն և մարդասիրություն են դրսևորում, դեկանից թույլտվություն են խնդրում մեկնել աղետի գոտի՝ առաջին բուժօգնության տրամադրման գործընթացին, ինչպես նաև որոնողական աշխատանքներին աջակցելու համար:
Վլադիմիր Շեկոյանն այս դրվագը չի մոռանում՝ հպարտանալով ուսանողների կամավորական ուժերը մոբիլիզացնելու, դիմացինին օգնության ձեռք մեկնելու կարողության մասին, ուրախությամբ է նշում, որ այսօր ևս մարդկային բարձր հատկանիշները դրսևորվում են երիտասարդների շրջանում:
Պրոֆեսորն ընդգծում է, որ ամեն օր շփվում է փայլուն երիտասարդների, ապագա բժիշկների հետ, ովքեր աչքի են ընկնում խորը գիտելիքներով, սովորելու, որևէ նոր բան իմանալու անհագ ցանկությամբ: Առհասարակ գիտնականը կողմ է սերնդափոխությանը: Նրա համոզմամբ՝ ինչպես յուրաքանչյուր ոլորտ, այնպես էլ բժշկագիտությունը երիտասարդ կադրերով համալրվելու անհրաժեշություն ունի: Անկախ ժամանակաշրջանից նա գտնում է, որ բժիշկը պետք է սիրի հիվանդին, զինված լինի գիտելիքներով և կատարելագործի հմտությունները:

 

Գործուղումներ Ն.Ֆ. Գամալեայի անվան գիտահետազոտական ինստիտուտ

Նախորդ դարի 60-ականներին և դրան հաջորդող տարիներին հատկապես իմունաբանության բնագավառում արված հայտնագործությունները զարկ տվեցին տեսական բժշկության զարգացմանը: Այլ կերպ ասած, տեսաբան դառնալը նորաձև էր երիտասարդների շրջանում: Վլադիմիր Շեկոյանը ևս իր շատ համակուրսեցիների նման որպես մասնագիտացում ընտրեց միկրոօրգանիզմներն ուսումնասիրող գիտությունը՝ մանրէաբանությունը, ոլորտ, որը սերտորեն առնչվում է կլինիկական բժշկության հետ: Դեռևս ուսանողական տարիներից նա հենց այս ոլորտում էր հետազոտություններ կատարում: Որպես մասնագետ կայացման գործում Վլադիմիր Շեկոյանին մեծապես աջակցել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վերգինե Միքայելյանը, ով մեծ ավանդ ունի Հայաստանում բժշկական կրթության, մանրէաբանության և իմունաբանության զարգացման գործում: 1938-44թթ. Վերգինե Միքայելյանը ղեկավարել է նաև բժշկական ինստիտուտը: Նա գրեթե 100-ամյա պատմություն ունեցող բուհի առաջին կին ռեկտորն էր:
ԵՊԲՀ կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում աշխատանքի անցնելու տարիներին զուգահեռ, հայ մարէաբան, իմունաբան Վլադիմիր Շեկոյանը բազմաթիվ գործուղումներ է ունենում ՌԴ ԲԱ Ն.Ֆ. Գամալեայի անվան մանրէաբանության և համաճարակաբանության գիտահետազոտական ինստիտուտ, որն այդ տարիներին ղեկավարում էր աշխարհահռչակ գիտնական, հայ համաճարակաբան-վիրուսաբան Հովհաննես Բարոյանը, ով մեծ տեղ էր տալիս երիտասարդ մասնագետներին:
Վլադիմիր Շեկոյանի գնահատմամբ՝ Մոսկվայում գտնվող այս ինստիտուտը այն տարիներին արդեն հագեցած էր գիտական ուսումնասիրություններ կատարելու համար անհրաժեշտ սարքավորումներով: Հենց այս կենտրոնում ձեռք բերված փորձի շնորհիվ Վլադիմիր Շեկոյանը կայացավ և ձևավորվեց որպես մարէաբան, պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը: Նա խորը հարգանքով է հիշում նաև իր ատենախոսության գիտական խորհրդատու, իմունաբան, խորհրդանշական ազգանուն ունեցող մասնագետ Իդա Ուչիտելին:
Վլադիմիր Շեկոյանի գիտական գործունեությունը նվիրված է իմունաբանական պրոցեսներում նյարդային և իմունային համակարգերի փոխազդեցության դերի ուսումնասիրմանը: Առաջին անգամ հիմնավորել է ենթատեսաթմբի կարգավորող ազդեցությունը միակորիզ ֆագոցիտային համակարգի բջիջների և նրանց լիզոսոմային ապարատի ֆունկցիոնալ ակտիվության վրա: Ուսումնասիրել է նյարդաակտիվ ամինաթթուների (ԳԱԿԹ) ու լիմֆոցիտների փոխազդեցության նշանակությունը ֆիզիոլոգիական և ախտաբանական շարժընթացներում, նաև խառը վերքային վարակների ընթացքի առանձնահատկությունների ախտածնային մեխանիզմները: Գնահատելով պրոֆեսոր Շեկոյանի կողմից կատարած գիտական աշխատանքների կարևորությունն ու նշանակությունը, նրան ընդգրկել են նաև Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի «Նյարդաիմունամոդուլացիա» համամիութենական պրոբլեմային հանձնաժողովի աշխատանքներում: Հեղինակ է շուրջ 140 ուսումնագիտական հրապարակումների, այդ թվում՝ մենագրության, երեք դասագրքի և մի շարք ուսումնական ձեռնարկների: Նա պատրաստել է 9 գիտության թեկնածու և 1 գիտության դոկտոր:

 

Մանրէաբանությունը՝ հիմնարար գիտություն

Մանրէաբանությունը բուռն զարգացում է ապրել 19-րդ դարի 2-րդ կեսից, երբ պարզվել է կենսաբանական տարբեր գործընթացներում մանրէների առաջատար դերի մասին, հատկապես վարակիչ հիվանդությունների առաջացման գործում։ Մանրէաբանությունը հիմնարար գիտություն է, առանց որի անհնար է պատկերացնել կիրառական բժշկությունը:
«Մանրէաբանությունն ուսումնասիրում է մանրէների կյանքի և զարգացման օրինաչափությունները, ինչպես նաև փոխազդեցության հետևանքով առաջացող այն փոփոխությունները, որոնք առաջանում են կենդանի և ոչ կենդանի օրգանիզմներում»,- ասում է ՀՀ գիտության վաստակավոր գործիչը՝ հանրամատչելի ձևակերպելով իր խոսքը հավելում է, որ չկա կյանք առանց մանրէների:
Մանրէները հիվանդության պաթոգենեզում կարևոր դեր են խաղում, առհասարակ յուրաքանչյուր նեղ մասնագետ բժիշկ իր գործունեությունն առանց մանրէաբանական և իմունաբանական գիտելիքների չի կարող իրականացնել: Բժշկագիտության այս ճյուղի հիմնական խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է, արդյունավետ պայքարը վարակիչ հիվանդությունների դեմ:
Մանրէաբանության ամբիոնը բժշկական համալսարանի ամենահին ամբիոններից է: Հիմնադրվել է 1923թ.: Ուսումնական աշխատանքին զուգահեռ, պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանի գլխավորությամբ ամբիոնում լայնածավալ աշխատանք է կատարվում գիտահետազոտական ոլորտում: Ամբիոնի ավագ և կրտսեր աշխատակիցներն ակտիվորեն ներգրավված են տարատեսակ հիվանդությունների հարուցիչների տարածման ուղիների բացահայտման և դրանց դեմ պայքարի միջոցների ուսումնասիրման գործընթացում:

 

Ընտանիքում շարունակվում է բժշկական ճյուղը

Վլադիմիր Շեկոյանի կինը նույնպես բժշկուհի է: Ամալյա Պապոյանը ԵՊԲՀ ռեաբիլիտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնի դոցենտ է: Նրա հայրը՝ Սիմոն Պապոյանը, ռադիոկենսաբան էր, ուռուցքաբանության ոլորտում քիմիապրեպարատների ստեղծման գործում հաջողությունների հասած մասնագետի համբավը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում:
Շեկոյանների ընտանիքում բժշկի մասնագիտությունն է ընտրել նաև Վլադիմիր Շեկոյանի դուստրը՝ Սեդան, որը գերազանցությամբ է ավարտել բժշկական համալսարանը: Նա համատեղում է գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը: ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ է, ինչպես նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան է: Սեդայի դուստրը՝ Տաթևիկ Խաչատրյանը, աշխատում է իրավապահ համակարգում, իսկ որդին՝ Վարդան Խաչատրյանը, շարունակում է բժիշկ դառնալու ընտանեկան ավանդույթը. ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է:
Ամփոփելով զրույցը՝ Վլադիմիր Շեկոյանն ընդգծում է, որ իր համար մեծ հպարտություն է լինել գրեթե մեկ դարյա պատմություն ունեցող բժշկական բուհի մի մասնիկը: Բուհ, որը մշտապես առաջատար դիրքեր է զբաղեցրել հայաստանյան բուհական համակարգում՝ առաջին հերթին շնորհիվ տարբեր տարիների շրջանավարտների, ովքեր հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր անկյուններում, հիմնում են բժշկական կազմակերպություններ, բարձր են պահում մեր երկրի հեղինակությունը:


Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ՎԼԱԴԻՄԻՐ ՇԵԿՈՅԱՆԻ անձնական արխիվից
և ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲՅԱՆԻ