• Հայ
  • Рус
  • Eng
Դանիայում և Գերմանիայում հաջողության հասած ԵՊԲՀ շրջանավարտը կարոտում է ուսանողական տարիները հայրենիքում
Դանիայում և Գերմանիայում հաջողության հասած ԵՊԲՀ շրջանավարտը կարոտում է ուսանողական տարիները հայրենիքում
15.06.2020

Գերմանիայի Ժողովրդագրական հետազոտությունների Մաքս Պլանկ ինստիտուտի (Max Planck Institute for Demographic Research) գիտաշխատող, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Աննա Օքսուզյանը վստահ է, որ խելամիտ վարվելակերպի և բարձր սոցիալական պատասխանատվության շնորհիվ յուրաքանչյուրը կարող է իր չափով վերահսկել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը:

Եվրոպայի առաջատար ակադեմիական հաստատություններից մեկում լուրջ հաջողություններ գրանցած հայ բժիշկ-գիտնականի հետ զրուցել ենք Երևանից դեպի Ռոստոկ մասնագիտական հարուստ ուղու, հայրենիքը ժամանակավորապես թողնելու որոշման, հայաստանյան և համալսարանական ուրախ հիշողությունների, ինչպես նաև ներկայում գրեթե ողջ աշխարհը ցնցած նոր համավարակի մասին:

Պատմեք, խնդրեմ, թե ինչպես հայտնվեցիք Գերմանիայում:

1992 թվականին ես ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարան և 1998 թվականին ավարտեցի այն: 1997-1999 թվականներին ընդհանուր պրակտիկա անցա Համալսարանական թիվ 1 կլինիկայում, միաժամանակ,  Առողջապահության համաշխահային կազմակերպությունում (WHO) աշխատող իմ բարեկամներից մեկի խորհրդով, ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA)՝ Master of Public Health ծրագրով սովորելու: Այնտեղ ուսումս ավարտեցի 2001 թվականին: Ու որոշեցի մնալ հենց այդ գիտական ասպարեզում: Ուսումնառության ընթացքում՝ մինչև 2003 թվականը, Ամերիկյան համալսարանի և Առողջապահության ոլորտի հետազոտությունների կենտրոնի (Center for Health Services Research - CHSR) ծրագրով աշխատում էի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: Հենց 2003 թվականին ես առաջին անգամ եկա Մաքս Պլանկ ինստիտուտ՝ Գերմանիա՝ վիճակագրության կուրսեր անցնելու, և միաժամանակ փնտրում էի տեղ Եվոպայում՝ դոկտորական ատենախոսություն գրելու համար: 2007-2010 թվականներին ես` որպես PhD գիտական աստիճանի հավակնորդ, հայտնվեցի Հարավային Դանիայի համալսարանում՝ Օդենսում: Ատենախոսությունս պաշտպանելուց հետո՝ մինչև 2013 թվականը, աշխատում էի այնտեղ: Այնուհետև ինձ առաջարկեցին Հարավային Դանիայի համալսարանում պաշտոնավարել որպես պրոֆեսորի օգնական: Չնայած պրոֆեսորադասախոսական կազմի լիակատար աջակցությանը՝ ես հրաժարվեցի, քանի որ ցանկանում էի ստեղծել իմ հետազոտական ​​խումբը: 2014 թվականին երկփուլ, բարձր մրցակցային ընտրության գործընթացից հետո ինձ տրվեց 1,5 միլիոն եվրո` Գերմանիայի Ռոստոկ քաղաքում՝ Ժողովրդագրական հետազոտությունների Մաքս Պլանկ ինստիտուտոմ(MPIDR), Max Planck հետազոտական ​​խումբ հիմնելու համար: Եվ այդպես ես մնացի Գերմանիայում:

Արդյո՞ք հեշտ որոշում էր թողնել հայրենիքը և տեղափոխվել աշխատանքի այլ երկիր:

Այո, իհարկե, շատ հաճախ եմ մտածում Հայաստան վերադառնալու մասին: Ես միշտ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ փորձում եմ ընտանիքիս հետ Հայաստան գալ: Ես այստեղ եմ ծանոթացել ամուսնուս հետ, հիմա արդեն 2 տղա ունենք՝ Արեգը և Արամը՝ 8 և 6 տարեկան: Ամուսինս գերմանացի է, մասնագիտությամբ ինժեներ է, բայց հիմա աշխատում է տուրիզմի ասպարեզում: Ծնողներս ապրում են Հայաստանում:

Հայաստանի հետ կապված ի՞նչն եք ավելի շատ կարոտում:

Իհարկե, մեր մրգերն ու բանջարեղենը, լավաշը:  

Ո՞րն է Ձեր սիրած հայկական ուտեստը:

Կանաչ տոլմա, քյուֆթա, հայրիկիս սարքած հայկական խորովածը: Սպաս այստեղ էլ պատրաստում եմ, բայց, իհարկե, այն չէ, ինչ Հայաստանում:

Եթե համեմատենք Հայաստանը և Գերմանիան, ըստ Ձեզ, ի՞նչ տարբերություններ կան 2 երկրների միջև: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կյանքը Հայաստանում և Ձեր կյանքը Գերմանիայում:

Որպես գիտնական՝ պետք է ասեմ, որ տարբերությունը հնարավորությունների և հեռանկաների մեջ է, որովհետև Հայաստանում դրանք շատ ավելի սահմանափակ են: Եվ հենց դա էր պատճառներից մեկը, որ ես դուրս եկա Հայաստանից, քանի որ աճի տեղերը մեր երկրում բավարար չեն: Բնականաբար, դա կապված է տնտեսության հետ. Հայաստանի բյուջեն չես կարող համեմատել Գերմանիայի բյուջեի հետ, թե առողջապահության և թե գիտական ասպարեզում:

ԵՊԲՀ-ի հետ կապված ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք: Ի՞նչն է հատկապես վառ տպավորվել, որ այսքան տարի անց հիշում եք:

Ուսանողական տարիները, երևի թե, միշտ էլ ամենաուրախը, տպավորիչն ու հաճելին են: Շատ լավ տարիներ էին: Իմ խումբը շատ լավ խումբ էր. փորձում ենք ժամանակ առ ժամանակ հանդիպել. դժվարությամբ է ստացվում, որովհետև շատերն են ապրում ու աշխատում արտասահմանում: Ես շատ կուզենայի Հայաստանում հանդիպել իմ խմբակիցներին: Մեծ սիրով կմիանամ ԵՊԲՀ Շրջանավարտների ակումբին:

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ բժիշկներին, որոնք պլանավորում են աշխատել և իրենց ներդրումն ունենալ Հայաստանում:

Եթե հնարավորութուն ունեն, գոնե 6 ամսով կամ 1 տարով փորձեն պրակտիկա անցնել Հայաստանի սահմաններից դուրս: Դա, ինձ թվում է, շատ կարևոր է ոչ միայն տեսական և պրակտիկ գիտելիքների առումով, այլև մտահորիզոնն ընդլայնելու և մշակութային կապիտալը մեծացնելու տեսանկյունից: Բժշկի աշխատանքը էմոցիոնալ և ֆիզիկական առումներով ծանր ու դժվարին է, այդ պատճառով բոլորը չէ, որ կարող են դրան դիմանալ: Մասնավորապես՝ շատ դժվար է համատեղել ընտանեկան և մասնագիտական կյանքը, և այստեղ՝ Գերմանիայում, շատ կանայք լքում են կլինիկաները երեխաներ ունենալուց հետո:     

Ինչպե՞ս կբնորոշեք նոր կորոնավիրուսը: Ինչպե՞ս է պետք արդյունավետորեն պայքարել դրա դեմ:

Իմ կարծիքով՝ դեռ շատ հետազոտություններ պետք է անցկացվեն՝ հասկանալու համար, թե որ միջոցներն են առավել արդյունավետ: Օրինակ՝ Դանիան առաջին երկիրն էր Եվրոպայում, որ պարտադրեց կարանտին և խստացրեց ֆիզիկական հեռավորություն պահպանելու պահանջը: Նույնը կարելի է ասել Գեմանիայի մասին: Շվեդիայում սահմանափակումները շատ թույլ էին, դրանք վերաբերում էին միայն բարձր ռիսկայնությամբ վայրեր, օրինակ՝ հիվանդանոցներ, ծերանոցներ, այցելելուն:

Պետք է ասեմ, որ համաճարակաբանության վերաբերյալ բոլորիս տարրական գիտելիքները վկայում են, որ ձեռքերը լվանալը վիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելու ամենաարդյունավետ և հնագույն միջոցներից է:    

Կարո՞ղ ենք ասել, որ Դանիան և Գերմանիան կորոնավիրուսի տարածումը կանխելու արդյունավետ փորձեր են ձեռնարկել:

Այդ երկրներն արդյունավետ են եղել հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը կանխելու առումով: Եվ այժմ այդ երկրներում վարակվածության դեպքերի զգալի նվազում է նկատվում: Մեզ մոտ՝ Գերմանիայում, արդեն մասամբ աշխատում են դպրոցները, բաց են մանկապարտեզներն ու նախակրթարանները, խանութները նույնպես բաց են, չնայած՝ խանութում գտնվելու ընթացքում պարտադիր է կրել դիմակ, բաց են ռեստորանները, սակայն գործում է սահմանափակում: Ռեստորանների և հյուրանոցների զբաղվածությունը չպետք է գերազանցի 60%-ը: Իսկ հաջորդ շաբաթվանից բոլոր հյուրանոցներն արդեն կաշխատեն 100%-ով: Ես կարծում եմ՝ այդ որոշումը մեծապես պայմանավորված է տնտեսական խթաններով:

Հայաստանում վարակվածության և մահացության ցուցանիշներն, իրոք, շատ անհանգստացնող են: Եվ լուրջ մտավախություն կա, որ Հայաստանը կհայտնվի այն իրավիճակում, որում հայտնվել էին Հյուսիսային Իտալիան և Իսպանիան, որտեղ հիվանդանոցային մահճակալները չէին բավականացնում՝ բոլոր հիվանդներին ընդունելու համար:

Ի՞նչ կասեք մարդկանց, որոնք, այնումենայնիվ, չեն հավատում վիրուսի գոյությանը:

Ես կարող եմ ապավինել միայն մարդկանց գիտակցությանը, սոցիալական պատասխանատվությանը: Մեր և մեր ընտանիքի անդամների առողջությունը հենց մեր ձեռքերում են, և յուրաքանչյուրն, իրենից բացի, ուրիշ որևէ մեկին չի կարող մեղադրել՝ կանոններին չհետևելու և անցանկալի հետևանքների համար: Հետևաբար՝ ամեն ինչ մեր ձեռքերում է. մենք կարող ենք վերահսկել վիրուսի տարածումը:

           

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան