• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ն ռազմաբժշկության ոլորտում խորացնում է համագործակցությունը Հունաստանի հետ
ԵՊԲՀ-ն ռազմաբժշկության ոլորտում խորացնում է համագործակցությունը Հունաստանի հետ
03.10.2019

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը, դրանք խորացնելու հեռանկարները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում:

Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին տեղեկացրեց, որ Հունաստանը շահագրգռված է իրականացնել նաև փորձի փոխանակման ծրագրեր: Դրա շրջանակում՝ հույն բժիշկները կայցելեն Հայաստան և ռազմաբժշկական ֆակուլտետի կլինկական բազաներում կանցնեն վերապատրաստում: Իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները հնարավորություն կունենան մասնակցել ամռանը Հունաստանում անցկացվող զորավարժություններին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են կրթության և ռազմաբժշկության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելուն: 

Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդը, բարձր գնահատելով ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵՊԲՀ-ին հրավիրեց մասնակցել 2020 թվականին Հունաստանում անցկացվող ռազմաբժշկական կոնֆերանսին:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում ռազմական ուսումնական կենտրոնի և սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը, Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչությանն առաջարկել է առաջին բուժօգնություն ցուցաբերող կրտսեր բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացում ներգրավվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Դրա արդյունքում կադրերի վերապատրաստման զինվորական բաղադրիչը կիրականացվի ռազմաբժշկական վարչության, իսկ բժշկական բաղադրիչը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից: