• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ում բացվեց ՄԱԿ-ի անկյուն
ԵՊԲՀ-ում բացվեց ՄԱԿ-ի անկյուն
22.11.2017

ԵՊԲՀ ուսանողներն այսուհետև հնարավորություն կունենան օգտվելու ՄԱԿ-ի անկյունում ներկայացված գրականությունից: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր բժշկական համալսարանի գրադարանում բացվեց ՄԱԿ-ի անկյուն: ՄԱԿ-ի անկյունների բացումը նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը՝ հետաքրքրություն խթանելով ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և քաղաքականությունների վերաբերյալ: ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևն ընդգծեց, որ տեղեկատվական բաղադիչը կարևոր տեղ ունի առողջապահական համակարգում, և այս առումով ՄԱԿ-ի նորաբաց անկյունը կնպաստի, որպեսզի ԵՊԲՀ ուսանողները հաղորդակից դառնան միջազգային հրատարակություններին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով ՄԱԿ-ի հայաստանյան թիմի ներկայացուցիչներին, ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի ապագա բժիշկները տեղեկացված լինեն աշխարհում կատարվող իրադարձություններին: Նա կարևորեց ՄԱԿ-ի անկյան բացումը հենց բժշկական համալսարանում՝ հաշվի առնելով, որ բժշկական համալսարանը առողջապահության ոլորտում ձևավորվող տեղեկատվական հիմնական հարթակներից է: Նա նաև ընդգծեց, որ հենց ուսանողական տարիներից ապագա մասնագետները պետք է տեղյակ լինեն մի շարք հիվանդությունների դեմ միջազգային հեղինակավոր կառույցների կողմից տարվող պայքարին, պատկերացում ունենան մի շարք էթիկական հարցերի մասին: Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ ֆակուլտետն ակտիվ աշխատանքներ է իրականացնում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ, և առաջիկայում նախատեսվում է նաև ստորագրել համագործակցության հուշագիր: Խորհրդանշական «կարմիր ժապավենը» ՄԱԿ-ի անկյունում կտրեցին ապագա բժիշկները, որպես նորաբաց փոքրիկ գրադարանի ընթերցողներ:

Նախաձեռնողների խոսքով՝ բժշկական համալսարանում ՄԱԿ-ի անկյան բացումը ծառայելու է երիտասարդության կարողությունների և գիտելիքների հզորացմանը` ՄԱԿ-ի գլոբալ օրակարգի իրագործման ուղղությամբ նրանց ներգրավվածության հիմքերի ձևավորման համար ընդհանրապես և մասնավորապես առողջապահական խնդիրների վերաբերյալ: Անկյունը, որի պահոցում առկա է ավելի քան 300 միավոր գրականություն (գրքեր, պաստառներ, գրքույկներ և այլ հրատարակություններ)` թողարկված ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակների և ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի հայաստանյան գրասենյակների կողմից, (ԱՀԿ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագիր) ծառայում է նաև ՄԱԿ-ի հետ կապված կրթական, մշակութային ու այլ միջոցառումների կազմակերպման նպատակին:

 Կարևորը նաև այն է, որ բացի ՄԱԿ-ի հրատարակությունների և կազմակերպության մասին այլ նյութերի համար նախատեսված գրապահարան-անկյուն ունենալուց, այս անկյունները գլխավորապես ծառայում են որպես ՄԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպումների, աշխատաժողովների, քննարկումների, ցուցահանդեսների, ֆիլմերի ցուցադրությունների, նոր հրատարակությունների շնորհանդեսների կազմակերպման հարթակ։