• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ անվանի շրջանավարտ Համլետ Գասոյանը սեմինար-քննարկում վարեց հարազատ բուհում
ԵՊԲՀ անվանի շրջանավարտ Համլետ Գասոյանը սեմինար-քննարկում վարեց հարազատ բուհում
29.05.2019

ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ «Հետազոտական մեթոդներ՝ առողջապահության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում՝ նախատեսված բժշկական և հանրային առողջության ոլորտներում հետազոտական աշխատանքներով զբաղվող կամ հետաքրքրված դասախոսների և ուսանողների համար։

Ֆիլադելֆիա քաղաքի Թեմփլ համալսարանի առողջապահության քաղաքականության և առողջապահական ծառայությունների հետազոտության ոլորտում փիլիսոփայության դոկտորի (PhD) թեկնածու Համլետ Գասոյանը նշեց, որ սեմինարի հիմնական նպատակը հետազոտություններ կատարելուն նպաստելն է, մասնակիցների գիտական նախագծերին վերաբերող գաղափարները ֆորմալ նախագծերի և գիտական աշխատությունների վերածելուն օգնելը, հետազոտողների միջև կապեր ստեղծելը:

«Հայաստանում հետազոտություններով ավելի շատ հայտնի է սոցիոլոգիայի ոլորտը, բժշկության, առողջապահության, հանրային առողջության ոլորտում հետազոտության պակաս կա: Այդ պատճառով ցանկանում եմ խոսել, թե ինչի համար ենք անում հետազոտություն, ինչ նպատակ ունենք, ինչպես հեշտությամբ կարող ենք ծրագրեր ու տվյալներ գտնել, ինչպես վերլուծենք , տպագրենք և մարդկանց հայտնենք մեր կատարված աշխատանքների մասին»,- ասաց նա՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա կիսվել իր ծրագրով՝ ստանալով իրեն հուզող բոլոր հարցերի պատասխաները:

Համլետ Գասոյանը սեմինարի առաջին մասում խոսեց հետազոտական նախագծերի մշակման մասին, այնուհետև անդրադարձավ հետազոտական նախագծերի կազմման, դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում ստանալու և գիտական հոդվածների տպագրմանը վերաբերող հարցերի մասին։ Նշենք, որ Համլետ Գասոյանը ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի կոչում Հարավային Ֆլորիդայի համալսարանից՝ առողջապահության կազմակերպություններ և կառավարում մասնագիտացմամբ։

Նա ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է։ Ներկայումս Հ․ Գասոյանը առողջապահության քաղաքականության և առողջապահական ծառայությունների հետազոտության ոլորտում փիլիսոփայության դոկտորի (PhD) թեկնածու է Թեմփլ համալսարանում (ԱՄՆ)։ Համլետ Գասոյանը նաև ԱՄՆ Պետ․ Դեպարտամենտի Մասկի ծրագրի շրջանավարտ է և Թեմփլ համալսարանի պրեզիդենտական ֆելոու (presidential fellowship recipient):

Համլետ Գասոյանը տրամադրել է հետազոտական խորհրդատվություն տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների։ Նա նաև օգնել է նախագծել դրամաշնորհային ծրագրեր «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հարավային կովկասի ծրագրի համար։ Հ․ Գասոյանի գիտական հոդվածները տպագրվել են ԱՄՆ և միջազգային առաջատար գիտական հանդեսներում։