• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ ասպիրանտը Մադրիդի Լա Պազ համալսարանական կլինիկայի Ալեգոլոգիայի բաժանմունքում եռամսյա վերապատրաստում է անցել
ԵՊԲՀ ասպիրանտը Մադրիդի Լա Պազ համալսարանական կլինիկայի Ալեգոլոգիայի բաժանմունքում եռամսյա վերապատրաստում է անցել
13.04.2018

ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը, ով հանդիսանում է նաև ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության նախագահ, մասնագիտական վերապատրաստման եռամսյա այցով գտնվում էր Մադրիդի Լա Պազ համալսարանական կլինիկայի Ալեգոլոգիայի բաժանմունքում: Այս հնարավորությունը Մարիամը ձեռք էր բերել` շահելով դրամաշնորհ Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի կողմից: Ի դեպ, նշենք, որ մրցույթին մասնակցում էին բավականին մեծ թվով երիտասարդներ ամենատարբեր եվրոպական երկրներից, սակայն Մարիամին հաջողվեց ընդգրկվել Եվրոպայի 9 հաղթողների թվում: Վերապատրաստման հիմնական նպատակներից մեկը դեղորայքային ալերգիաների տարբեր տեսակների ախտորոշման, մաշկային և պրովոկացիոն թեստերի իրականացման և վարման եվրոպական ստանդարտներին ծանոթանալն ու իրագործման հմտությունների ձեռքբերումն էր: Մեկ այլ նպատակ էր խրոնիկական եղնջացանով և անգիոայտուցներով, ինչպես նաև ժառանգական անգիոայտուցներով հիվանդների ճիշտ ախտորոշման, ծանրության գնահատման ու բուժման եվրոպական մոտեցումների ուսուցումն էր:

«Վստահ եմ, որ մոտ ապագայում Հայաստանում զարգացում կապրեն համապատասխան ախտորոշիչ հնարավորությունները տարատեսակ ալերգիաներին ախտորոշման ոլորտում»,-նշեց Մարիամ Մովսիսյանը: Այցի ընթացքում նա հնարավորություն ունեցավ մասնակցելու նաև սննդային և շնչառական ալերգիաներով, ինչպես նաև այնպիսի հազվադեպ հանդիպող հիվանդություններով, ինչպիսիք են Ստիվենս-Ջոնսոնի և DRESS համախտանիշները, հիվանդների ախտորոշմանն ու հետագա վարմանը:

«Թեև հիվանդանոցի ալերգոլոգիական բաժանմունքը ամենամեծ բաժիններից է Եվրոպայում, իսկ բաժնի բոլոր բժիշկները բարեհամբույր էին և պատրաստակամ օգնելու և սովորեցնելու, բայց բախտս առանձնահատուկ բերել էր, որ անմիջական ղեկավարս Ռոսարիո Կաբանյասն էր: Բանիմաց մասնագետ և նրբանկատ ուսուցիչ, ով մեծ սիրով ստեղծեց ինձ համար անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի վերապատրաստումս մաքսիմալ արդյունավետ անցնի, ինչի համար անչափ երախտապարտ եմ իրեն»,- ջերմությամբ պատմում է ԵՊԲՀ ասպիրանտը: «Ուսուցիչների առումով միշտ է բախտս բերել: Գիտելիքներիս շատ մեծ չափաբաժնով պարտական եմ բժշկական համալսարանի ղեկավարիս՝ Արմինե Հակոբյանին, ով Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ է: Եվ առիթը բաց չթողնելով կուզեմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իրեն ոչ միայն մասնագիտական գիտելիքների համար, որ ստացել եմ իրենից, այլ նաև, որ իր խորհուրդներով և ինչու ոչ երբեմն նույնիսկ պահանջներով օգնում է ինձ որպես ալերգոլոգ կայացման ճանապարհին: Թեև մեծ ծավալի նոր գիտելիք եմ ստացել Իսպանիայում, բայց պետք է փաստել, որ դասախոսներիս կողմից ստացված գիտելիքն էր այն հիմքը, որի վրա կարողացա կառուցել եվրոպական նորույթները»,- հավելում է սովորողը: Բացի այդ Մարիամը մասնակցեց մի շարք սեմինարների և գիտաժողովների՝ ասթմային, կոնտակտային դերմատիտին և եղնջացանին նվիրված, իսկ իմունոլոգիայի լաբորատորիայում ընդգրկվեց լիմֆոցիտների տրանսֆորմացիոն թեստի, Western- և Dot blot մեթոդների իրականացման գործընթացներում: Նա Մադրիդում անցկացրած եռամսյակի ձեռքբերումներից է համարում նաև այն հոդվածները, որոնք պատրաստվում են տպագրման միջազգային գիտական ամսագրերում, ինչպես նաև այն բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք է բերել իսպանացի կոլեգաների հետ՝ ապագայում ևս սերտ համագործակցության նպատակով: