• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ դանիացի պրակտիկանտների համար Հայաստանը տան նման է
ԵՊԲՀ դանիացի պրակտիկանտների համար Հայաստանը տան նման է
09.04.2018

Կոպենհագենի համալսարանի ուսանողուհիներ 25-ամյա Միան և 26-ամյա Կատրինը սննդի ոլորտում իրենց 6-շաբաթյա մասնագիտական պրակտիկան անցնելու համար ընտրել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

Պատմելով իրենց ընտրության մասին՝ Կատրինն ասում է. «Մեր համալսարանում անցկացվեց հանդիպում, որը կոչվում էր «Ճաշ պրոֆեսորների հետ»: Եվ այս հանդիպման ընթացքում ԵՊԲՀ երկու պրոֆեսորներ հանդես եկան ելույթներով: Դրանից հետո մենք սկսեցինք մտածել՝ արդյոք հնարավորություն կլինի գնալ և անցնել պրակտիկա ԵՊԲՀ-ում: Այդ նպատակով մենք նամակ ուղարկեցինք համալսարանի Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս Արմեն Մկրտչյանին, որն էլ նշեց, որ մենք կարող ենք գալ, եթե ունենք նման ցանկություն»:

Կիսվելով Հայաստանի և մայրաքաղաք Երևանի մասին իր տպավորություններով՝ Միան ընդգծում է, որ Երևանն այնքան տարբեր է Կոպենհագենից: «Եվ հենց դրանով էլ քաղաքը շատ դուր եկավ մեզ: Մշակույթն այստեղ, իրոք, ապշեցուցիչ է: Մարդիկ շատ ուշադիր և հոգատար են», - նշում է նա:

Կատրինն, իր հերթին, պատմում է, որ հենց սկզբից սիրեց Հայաստանը: «Ես հիացած եմ հայկական մշակույթով, մենք շատ սիրեցինք հայկական խորովածը, լավաշը, տոլման: Հայաստանը կարծես տուն լինի մեզ համար», - ասում է ուսանողուհին:

Աղջիկներն ընդգծում են, որ վստահորեն խորհուրդ կտան իրենց ընկերներին և համակուրսեցիներին ևս անցկացնել իրենց մասնագիտական պրակտիկան Երևանի պետական բժշկական համալսարանում, քանի որ դա շատ կարևոր փորձ կլինի նրանց համար: «Չեմ կարծում, որ շատ սկանդինավցիներ են գալիս Հայաստան: Այժմ նրանք կլսեն Հայաստանի մասին, և դա, իրոք, հրաշալի կլինի», - շեշտում է Միան: Կատրինն էլ, իր հերթին, վստահեցնում է, որ ոգեշնչել է իր շատ ընկերների գալ և սովորել Հայաստանում: «Ես ինքս շատ կուզենայի մի օր վերադառնալ Հայաստան, ուղղակի որպես տուրիստ», - ավելացնում է նա:   

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան