• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ գիտական խորհրդին ներկայացվեց ուսումնական գործընթացի վերլուծություն
ԵՊԲՀ գիտական խորհրդին ներկայացվեց ուսումնական գործընթացի վերլուծություն
31.10.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց վերջին երեք տարիների ուսումնական գործընթացի համեմատական վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս նշել այն գործիքները, որոնք կարող են նպաստել թույլ կողմերի բացահայտմանը, վտանգների հաղթահարմանն ու որակի բարելավմանը: Բուհի ռազմավարական ծրագրում նշված է, որ բուհի առաքելությունն իրականացնելու ճանապարհներից առաջինն ուսումնառությամբ պահանջվող վերջանարդյունքերի որակյալ ապահովումն է: «Դա հնարավոր է դասավանդման և գիտելիքների ստուգման համապատասխան մեթոդների կիրառմամբ և ամփոփիչ ատեստավորման միջոցով դրանց արդյունավետության գնահատմամբ, որին հասնելու առաջին քայլը ճիշտ կազմված ուսումնական ծրագրերն են»,- հիշեցրեց պրոռեկտորն՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ կրթական ծրագրերի բաժնի կողմից իրականացվել է եվրոպական 29 բուհերի վերլուծություն, որի համաձայն՝ թույլատրելի տարբերությամբ՝ պահանջվող առարկաների ներկայացվածությունը, բովանդակությունն ու կրեդիտային համամասնությունը համապատասխանում են եվրոպական բուհերի չափորոշիչներին:     

Լարիսա Ավետիսյանը ներկայացնելով վերլուծությունն՝ անդրադարձավ պրոֆեսորադասախոսական կազմին, նրա որակավորմանը, ուսանողների թվաքանակին՝ առաջադիմությանը, քննությունների կազմակերպմանն ու անցկացմանը, օտարեկրացի ուսանողների թվի ավելացմանը, ամբիոնների կատարած աշխատանքներին:

ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների  գծով պրոռեկտորը ելույթն ավարտեց՝ նշելով, որ բերված մարտահրավերների և խնդիրների հաղթահարումը հնարավոր կլինի, եթե ուսումնական գործընթացի արդյունավետությունն ապահովող գլխավոր օղակը՝ ամբիոնը, ոչ միայն ցուցաբերի պատրաստակամություն ու պատասխանատվություն՝ անմիջական մասնակից լինելով կրթական բարեփոխումներին, այլև ակտիվորեն ներգրավվի այդ բարեփոխումներին ուղղված քաղաքականության մշակմանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ դասախոսությունների ազատականացումն ուսումնական գործընթացը դեռևս չի ազատել վարչական լծակից: «Պետք է բարձրացնել ապագա բժիշկների մոտիվացիան: Դա համալսարանի առջև դրված ամենակարևոր հարցն է, որը սակայն միայն բուհից կախված չէ: Ուսանողը պետք է տեսնի բարեկեցիկ, պաշտպանված և հարգված բժիշկ»,-ասաց ռեկտորը:

Արմեն Մուրադյանի կարծիքով՝ ուսանողները պետք է ունենան ազատ տեղաշարժի մեծ հնարավորություններ՝ այլ բուհերի հետ համագործակցության, փոխանակման ծրագրերի շրջանակում: «Եթե 37 երկրից 1800 ուսանող մոտիվացված Հայաստան է գալիս սովորելու, ապա մեր ուսանողներին ոչինչ չի խանգարում իրենց երկրում ստանալու կրթություն, որը թույլ կտա իրենց աշխատել աշխարհի 40 երկրում»,-ընդգծեց ռեկտորը՝ շեշտելով, որ ուսումնական գործընթացը պետք է այնպիսին լինի, որ բավարարի ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին:

Հագեցած օրակարգով գիտական խորհրդի նիստին գիտխորհրդի անդամներին ներկայացվեցին ուսումնական գրականության, կանոնակարգերում կատարված փոփոխությունների, ինչպես նաև անվանական կրթաթոշակառուների հաստատումը և այլ ընթացիկ հարցեր: