• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ գիտնականները շարունակում են տպագրվել միջազգային ազդեցիկ ամսագրերում
ԵՊԲՀ գիտնականները շարունակում են տպագրվել միջազգային ազդեցիկ ամսագրերում
30.05.2018

Այս անգամ և ընդամենը մեկ օր տարբերությամբ «Free Radical Biology and Medicine» (5-ամյա ազդեցության գործոնը՝ 5.9) և «Progress in Neuro-Psychopharmacology & Biological Psychiatry» (ազդեցության գործոնը 4.2)՝ երկու հեղինակավոր ամսագրերում կարող եք արդեն գտնել Երևանի պետական բժշկական համալսարանի մի քանի աշխատակիցների անուները և հպարտանալ: «Երկու աշխատանքները կատարվել են ԵՊԲՀ աշխատակիցների գիտական ներուժով և մեր հարթակներում՝ այսպես է իդենտիֆիկացվում ազգային գիտությունը և ստանում միջազգային ճանաչում: Սա բժշկական համալսարանի գիտության համեստ ներդրումն է, որը մենք նվիրում ենք մեր պետության 100 ամյակին»,-ասում է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:

Կոնստանտին Ենկոյանի, ավագ գիտաշխատող Հայկ Հարությունյանի և երիտասարդ գիտաշխատող, էնդոկրինոլոգիայի օրդինատոր Աիդա Հարությունյանի ջանքերով «FREE RADICAL BIOLOGY AND MEDICINE» գիտական ամսագրում տպագրված աշխատանքն ամբողջությամբ կատարվել է ԵՊԲՀ լաբորատորիաներում, ինչի կապակցությամբ հեղինակները առաձնահատուկ հպարտությամբ են խոսում: Ազդեցիկ ամսագրում հստակեցվեց օքսիդատիվ սթրեսի դերը աուտիզմի զարգացման մեխանիզմներում: Այսպիսով, հայ գիտնականներն իրենց խոսքն ասացին աուտիզմի դաշտում։ Պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի թիմի հաջորդ հոդվածը, որի համահեղինակներն են ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ Կատարինե Ֆերեշետյանը, մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանող Սենիկ Մատինյանը, գիտաշխատող, Լ.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Նեյրոէնդոկրին հարաբերությունների լաբորատորիայի վարիչ Վերգինե Չավուշյանը և ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն իր տեղն է գտել մեկ այլ հեղինակավոր ամսագրում՝ «NEURO-PSYCHOPHARMACOLOGY & BIOLOGICAL PSYCHIATRY»: Հոդվածում խոսվում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ մոնոամինների և պրոլինով հարուստ պեպտիդի նյարդապաշտպան դերի մասին: Հեղինակների խոսքերով սա լուրջ քայլ է միջագային ասպարեզում ազգային գիտությունը ներկայացնելու և համալսարանն առավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Սիրով շնորհավորում ենք հեղինակներին և մաղթում նորանոր տպագրություններ:

 Հ.Գ. Հեղինակները սիրով տրամադրում են իրենց հոդվածների անվճար հղումները: Մինչև հուլիսի 15-ը կարող եք հոդվածի ամբողջական տարբերակին անվճար ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով`

https://www.sciencedirect.com/science/article/pii/S0891584918308943

https://www.sciencedirect.com/science/article/pii/S0278584618301957 :