• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ հնդիկ ուսանողները նշեցին Գանեշ Չատուրթի փառատոնը
ԵՊԲՀ հնդիկ ուսանողները նշեցին Գանեշ Չատուրթի փառատոնը
24.08.2020

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշեցին Գանեշ Չատուրթի ավանդական փառատոնը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի կողմից: Փառատոնի գլխավոր հյուրերն էին Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Շրի Կիշան Դան Դեվալը, ԵՊԲՀ պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի դեկան Գայանե Ավետիսյանը, Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի փոխդեկան և Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, Օտարերկրացիների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սեթին, Հնդկաստանի դեսպանատան աշխատակից Շամբհու Ամիթաբը՝ կնոջ՝ Նիշա Ամիթաբի հետ, Հնդկաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակից Աշոկ Բհատնագարը:

Իր բացման խոսքում դեսպան Շրի Կիշան Դան Դեվալը կիսվեց Գանեշ Չատուրթիի համառոտ պատմությամբ ՝ անդրադառնալով Հնդկական Անկախության շարժման ընթացքում դրա դերի կարևոր դերին: Պրոռեկտոր Երվանդ Սահակյանը կիսվեց Հնդկաստան այցելություններից մնացած իր հիշողություններով՝ արտահայտելով իր հիացմունքն ու հարգանքը հնդիկների և հնդկական մշակույթի հանդեպ:

Միջոցառման մասնակիցները հատուկ շնորհակալություն հայտնեցին փառատոնի հիմնական կազմակերպիչներին՝ «Հնդկա-հայկական բարեկամություն» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Լուսինե Թորոյանին և ծրագրերի համակարգող Կարեն Մկրտչյանին: 

Փառատոնի ընթացքում անցկացվեց հատուկ Prasada-ն կամ սնունդ առաջարկելու արարողությունը, իսկ ծրագիրն ավարտվեց ԵՊԲՀ ուսանողների պատրաստած հատուկ նախուտեստների և զովացուցիչ ըմպելիքների մատուցմամբ:

Հնդկաստանում ամեն տարի մեծ հանդիսությամբ նշվում է բարգավաճման և իմաստության աստված Գանեշի փառատոնը: (պաշտոնապես՝ Ganesh Chaturthi կամ Vinayaka Chaturthi): Տոնակատարությունը նշվում է հանրային վայրերում՝ տեքստերի ընթերցմամբ, խմբակային խնջույքներով, անցկացվում են նաև մարզական մրցույթներ:

Ըստ ավանդության՝ Գանեշը Շիվա աստծո և նրա կին Պարվատիի որդին էր: Շիվան երկիրը կառավարում էր իմաստությամբ, կարողանում էր լուծել բոլոր խնդիրներն ու հաղթահարել յուրաքանչյուր արգելք: Մի անգամ Շիվան բարկանում է որդու վրա, որը պատշաճ քաղաքավարությամբ չէր ողջունել իրեն, և կտրում է նրա գլուխը: Պարվատին ամուսնուն աղաչում է վերակենդանացնել երեխային, և աստված Գանեշը վերադառնում է կյանք, բայց այս անգամ՝ փղի գլխով: Այդ ժամանակից ի վեր փիղը Հնդկաստանում համարվում է իմաստուն կենդանի: