• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ հրավիրված գերմանացի պրոֆեսորները փաստում են՝ ուռուցքային հիվանդություններից թոքի քաղցկեղն ամենատարածվածն է
ԵՊԲՀ հրավիրված գերմանացի պրոֆեսորները փաստում են՝ ուռուցքային հիվանդություններից թոքի քաղցկեղն ամենատարածվածն է
13.09.2019
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում այսօր կայացավ «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմայով համագումարը՝ նվիրված թոքի քաղցկեղի բուժմանը:
 
Գերմանացի պրոֆեսորները սեպտեմբերի 11-ին մեկնարկած համագումարի 3-րդ օրն անդրադարձան աշխարհում ամենատարածված քաղցկեղի տեսակին՝ հայ մասնագետներին ներկայացնելով ախտորոշման և բուժման ամենաարդյունավետ եղանակները:
 
Հաննովերի բժշկական դպրոցի թոքաբանական կլինիկայի թերապևտ և թոքաբան Բենջամին-Ալեքսանդր Բոլմանը, մինչ ներկայացնելը թոքի քաղցկեղի բուժման եղանակները, նշեց, որ համաժողովի աշխատանքային երեք օրերը հնարավորություն են տվել անդրադառնալ ուռուցքաբանության հիմնահարցերին՝ քննարկելով քաղցկեղին վերաբերող կարևոր թեմաներ:
 
Բենջամին-Ալեքսանդր Բոլմանի խոսքով՝ աշխարհում թոքի քաղցկեղով հիվանդների թիվը ոչ միայն ավելացել է, այլև չեն նվազել մահացության դեպքերը: «Թոքի քաղցկեղից հիվանդելիությունն ու մահացելությունն այլ հիվանդությունների հետ համեմատած՝ կանանց մոտ՝ երրորդ, տղամարդկանց մոտ առաջին տեղում է: Այն ավելի հաճախ ախտորոշվում է ուշ տարիքում. արական սեռի մոտ՝ 70, իսկ իգականի մոտ՝ 60 տարեկանից հետո: Հիմնական ռիսկի գործոն շարունակում է մնալ ծխելը:
 
Համաձայն Եվրոպական շնչական ասոցիացիայի տվյալների՝ թոքի քաղցկեղի դեպքում, հիմնականում, ապրելությունը 1 տարուց ավել է: Հայաստանում պատկերը նույնպես գոհացնող չէ: Ըստ քաղցկեղի հայտնաբերման հաճախականության՝ 100 հազարից 54 հազարի մոտ ախտորոշվում է թոքի քաղցկեղ:
 
«Ախտորոշումն իրականացվում է ԿՏ կամ ռենտգեն հետազոտության միջոցով: Այնուհետև որոշվում է հիվանդության փուլը»,-ասաց գերմանացի պրոֆեսորը՝ ավելացնելով, որ հիվանդների մեծ մասին, ցավոք, ախտորոշվում են մետաստատիկ փուլում, որի պատճառով ապրելությունը նվազում է: Սա նշանակում է, որ ավելի շատ թոքի քաղցկեղի սկրինիգի կարիք կա: «Եթե բարձր ռիսկի խմբի պացիենտները ցածր չափաբաժնով ԿՏ հետազոտություն անցնեն, 4-րդ փուլում ախտորոշված հիվանդների տոկոսը կնվազի, վիրաբուժական բուժման հնարավորությունը կմեծանա:
 
Հաննովերի բժշկական դպրոցի Սրտագեղձի, անոթային և փոխպատվաստման վիրաբուժության ամբիոնի և կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Պտրիկ Ցարդոն իր զեկույցով անդրադարձավ թոքի քաղցկեղի վիրաբուժական բուժմանը՝ նշելով, որ այն իրականացվում է աշխարհում ընդունված ուղեցույցերին համապատասխան, որոնց սկզբունքները հիմնականում նույնն են՝ ճիշտ փուլում իրականացնել ճիշտ բուժում: Թոքի քաղցկեղի բուժմանը նվիրված զեկույցներից հետո ներկայացվեցին կլինիկական դեպքեր, ինչպես նաև գերմանական կողմի հետ տեսակամուրջի միջոցով հայ ուռուցքաբանները, ռադիոլոգները, ախտաբանական անատոմները, մանկաբարձ-գինեկոլոգները, թոքաբանները, կրծքային վիրաբույժները, ախտաբանական անատոմներն անցկացրին հեռահար միջդիսցիպլինար ինտերակտիվ քննարկում՝ ուռուցքաբանական բարդ դեպքերի վերաբերյալ: