• Հայ
  • Рус
  • Eng
«Մուրացան» հիվանդանոցում բացվեց  բոքսային բաժանմունք
«Մուրացան» հիվանդանոցում բացվեց բոքսային բաժանմունք
04.02.2020

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բացվեց առանձնացված մասնաշենքով մանկական բոքսային բաժանմունք, որը կծառայի, հատկապես ինֆեկցիոն խնդիրներ ունեցող հիվանդներին՝ նվազեցնելով ներհիվանդանոցային վարակի ռիսկերը: Այն հիվանդները, որոնց մոտ առկա է ինֆեկցիոն հիվանդություն, սակայն կարիք ունեն բուժվելու բազմապրոֆիլ հիվանդանոցում բուժումը կշարունակեն բոքսային բաժանմունքում: Բաժանմունքի բացումով «Մուրացան»-ը համապատասխանում է 3-րդ մակարդակի մանկական հիվանդանոցի չափորոշիչներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հիվանդանոցն ունի անհրաժեշտ ստորաբաժանումներ, փորձառու մասնագետներ, որակի վերահսկողություն, որը թույլ է տալիս բուժել այն դեպքերը, որոնք այլ հիվանդնոցներում կարող են ավելի ռիսկային լինել: «Վիրաբուժական և թերապևտիկ ուղղություններ ունեցող հիվանդանոցի համար սուր անհրաժշտություն էր ունենալ բոքսային բաժանմունք»,-ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ հաշվի առնելով սուր շնչառական խնդիրներով քաղաքացիների դիմելիության բարձրացումը, բոլոր դիագնոստիկ պարագաներով հագեցած ՝ 20 մահճակալով բաժանմունքն արդեն գործում է:

Արմեն Մուրադյանը նշեց, որ «Մուրացան»-ը հանրապետության երեք խոշոր մանկական հիվանդանոցներից մեկն է, որն իր վրա է վերցնում նաև մարզային կանչերի ծանրաբեռնվածություն՝ շուրջ 700-ից ավելի կանչեր տարվա ընթացքում:

ԵՊԲՀ ռեկտորն շեշտեց, որ որպես համալսարանական հիվանդանոց՝ «Մուրացան»-ը պետք է լիովին համապատասխանի ոչ միայն բուժօգնության, այլ նաև բուժսպասարկման առջև դրված պահանջներին: «Ապագա բժիշկները, որոնք  ապահովելու են վաղվա առողջապահությունը, պետք է տեսնեն ժամանակակից հիվանդանոցային մենեջմենթ, նավիգացիա, լոգիստիկա և որակ, որն առաջնահերթություն է»,-բաժանմունքի բացմանն ասաց Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ այդ նպատակով ԵՊԲՀ-ն ներդնում է մեծ եռանդ և ֆինանսական միջոցներ: