• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների թիվը կգերազանցի 2000-ի սահմանը 2020-2021 ուսումնական տարում
ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների թիվը կգերազանցի 2000-ի սահմանը 2020-2021 ուսումնական տարում
26.02.2020

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներգրավումը միջազգային կրթական տարածք շարունակական գործընթաց է: ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստին այսօր միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հեռանկարները: «Միջազգայնացման ոլորտի առանձնահատկությունը այն է, որ այստեղ ինքնագնահատական հնարավոր է տալ միայն միջազգային ցուցանիշների հետ համեմատության միջոցով»,-ասաց պրոռեկտորը՝ հավելելով, որ բոլոր առաջատար բուհերի համար օտարերկրացի ուսանողների քանակը համարվում է տնտեսական աճի ծանրակշիռ գործոն, որը խթանում է մյուս ոլորտների գործունեությունը:

Երվանդ Սահակյանը նշեց, որ ԵՊԲՀ-ում սովորում է 1820 օտարերկարացի ուսանող, որոնցից 1111-ը՝ այլազգի, 709-ը սփյուռքի հայազգի ուսանողներն են: «2019-2020 ուսումնական տարում ԵՊԲՀ ընդունվել են երբևիցե ամենամեծ թվով՝ 536 օտարերկրացի ուսանողներ»,-փաստեց նա՝ համոզմունք հայտնելով, որ 2020-2021 ուսումնական տարում օտարերկրացի ուսանողների թիվը կգերազանցի 2000-ի սահմանը: «Այսպիսի կանխատեսումների հիմք են հանդիսանում աշխարհաքաղաքական մի շարք զարգացումները: Հաշվի ենք առնում նաև այն գործոնը, որ Շրի Լանկայի բժշկական խորհուրդը հաստատել է ԵՊԲՀ-ի «Բուժական գործ» որակավորումը, և 2020-2021 ուսումնական տարում բժշկական համալսարանը կարող է այդ երկրից ընդունել շուրջ 100 ուսանող»,- ասաց Երվանդ Սահակյանը:

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը ներկայացնելով հաշվետվությունը՝ հիշեցրեց, որ վերջին 15 տարվա ընթացքում օտարերկրացի ուսանողների թվաքանակի աճը կազմել է 45 տոկոս, ինչը համադրելի է միջազգային ցուցանիշների հետ: Նրա կարծիքով՝ առաջիկա տարիներին օտարերկրացի ուսանողները կկազմեն ԵՊԲՀ ուսանողության ընդհանուր թվի 50 տոկոսը, ինչը թույլ կտա համընթաց շարժվել միջազգային զարգացումներին և կանխատեսումներին: «Միջազգայնացման գործընթացին նպաստում են համալսարանի քանակական և որակական ցուցանիշները. ընդլայնվել է համալսարանական հիվանդանոցների ծավալը՝ մասնավորապես ձեռք է բերվել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը, ավելացել է համալսարանական մյուս հիվանդանոցների թողունակությունը, այդ թվում՝ ձեռք են բերվել լաբորատոր, բուժական և ուսումնական արդի սարքավորումներ և այլն»,-ասաց Երվանդ Սահակյանը՝ նշելով, որ հետագա գործունեությունը կազմակերպելիս հաշվի կառնվի, որ օտարերկրացիների կողմից բուհի ընտրության հարցում կարևորվում է՝ բուհի կրթական որակն ապագա կարիերայի համար, միջազգային համբավը, միջազգային գովազդը, գին-որակ հարաբերակցությունը, ծանոթությունը երկրին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորելով Միջազգային համագործակցության բաժնի կատարած աշխատանքները՝ շնորհակալություն հայտնեց, ընդգծելով, որ միջազգային շուկայի զարգացումները կրթական համակարգը տանում են դեպի կոշտացում, և դժվար է պահել և զարգացնել այն ձեռքբերումները, որոնք տասնյակ տարիներ ուղեկցել են բժշկական համալսարանին: «10 տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է օտարերկրացի ուսանողների թվաքանակը, ինչը վկայում է, որ մեր ներուժը միտված է արտահանել բժշկական կրթությունը»,-ասաց ռեկտորը:

Երվանդ Սահակյանն անդրադարձավ նաև ԵՊԲՀ 100-ամյակի միջոցառումների կազմակերպման ծրագրում օտարերկրացի շրջանավարտների ներգրավածությանը, որոնց այդ շրջանակում մեծ տեղ է հատկացված: «Մենք մշտապես պահում ենք կապը տարբեր երկրներում մեր շրջանավարտների միությունների հետ: Նրանք պատրաստ են համագործակցել, ինչպես նաև մասնակցել այն միջոցառումներին, որոնք տեղի կունենան Հայաստանում»,-ընդգծեց նա:

Նշենք, որ մինչ օրս 50-ից ավելի արտասահմանցի պրոֆեսորներ արդեն հաստատել են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ն անցկացվող ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված գլխավոր համագումարին իրենց մասնակցությունը, որի ընթացքում կկազմակերպվի նաև շրջանավարտների հավաք:

Հագեցած օրակարգով նիստի հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի անվան կրթաթոշակի սահմանման առաջարկին: Կրթաթոշակը, որը կհամապատասխանի մեկ տարվա ուսման վարձաչափին, կտրամադրվի մարզերից և Արցախից կարգապահ ու բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող, սակայն ռոտացիոն համակարգին չմասնակցող Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողին: Հաջորդիվ գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացվեց մասնագիտական և շարունակական կրթության՝ բժիշկների և բուժքույրերի կատարելագործման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը, կանոնակարգերի փոփոխությունների և լրացումների նախագծերը, ինչպես նաև ուսումնական գրականություն: