• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2019

Սիրելի ուսուցիչնե՛ր, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Այսօր բոլորս օրվա խորհրդով ակամա հիշելու ենք հատկապես այն ուսուցիչներին, ովքեր շռայլորեն մեզ են բաշխել ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքները, այլև ջերմությունը, սովորեցրել են ճանաչել ու սիրել, ձգտել, սխալվել ու առաջ անցնել։

Ձեր ամենօրյա աշխատանքը բարդ է և պատասխանատու, բայց դուք չերկնչելով դժվար ճանապարհից անձնվիրությամբ շարունակում եք կրթել ու դաստիարակել մեր երեխաներին, վաղվա սերունդին, նրանց մեջ սերմանում եք ոչ միայն սեր գիտելիքի հանդեպ, այլև օգնում եք լավ մարդ ու քաղաքացի ձևավորելուն:

Ձեր անսասան կամքը, կարևոր է ու պարտավորեցնող, քանի որ այս մասնագիտությունը պահանջում է նախևառաջ մեծ նվիրվածություն:

Ձեր դերը մեծ նշանակություն ունի նաև մարդու, ժողովրդի, պետության համար, որովհետև առանց ձեր մասնակցության պետության զարգացումն անհնար է պատկերացնել: Այսօր մանկավարժի առջև դրված չափանիշները բարձր են, բայց դա բնավ չի նշանակում, որ ժամանակակից աշխարհում պակասել է հարգանքը ու մեծարումը իսկական, կոչումով ուսուցչի հանդեպ։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ երջանկություն, աշխատանքային ու ստեղծագործական մեծ հաջողություններ: Շարունակեք նույն նվիրվածությամբ ձեր ավանդը ներդնել լավ քաղաքացի ու մարդ պատրաստելու գործում։