• Հայ
  • Рус
  • Eng
Երեկո նվիրված պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի անցած ուղուն
Երեկո նվիրված պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի անցած ուղուն
07.06.2018

Երևանի «Մոսկվայի տանը» «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շարքի հերթական հանդիպումը  նվիրված էր ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովին:

Միջոցառմանը ներկա էին  բժշկագիտության տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչներ, ԵՊԲՀ ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև Միխայիլ  Աղաջանովի ընտանիքի անդամներն ու հարազատները:

«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի խոսքով`  բժիշկների հետ հանդիպումների  շարքը նպատակ ունի հասարակության  շրջանում բարձրացնել և վերաարժևորել  բժշկի կարևոր դերը: Նա պատմեց նաև,  թե ինչպես է տարիներ առաջ ծանոթացել Միխայիլ Աղաջանովի հետ՝ բուհ ընդունվելիս՝ քննություն հանձնելու ժամանակ, և հմայվել է նրա կերպարով, անգամ հստակ հիշում է հանդիպման օրն ու տարեթիվը:  Արմինե Թյությունջյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր բուհի համար մեծ պատիվ է ունենալ նման դասախոսներ, ինչպիսին է պարոն Աղաջանովը:

Երեկոն պրոֆեսորը սկսեց իր ընտանիքի և արմատների մասին պատմելուց: Ընտանիքի բժշկական գիծը սկսում է Միխայիլ Աղաջանով ավագից, ով Թբիլիսիում մեծ համբավ էր վայելում: Նա համառոտ ներկայացրեց ընտանիքի անդամներին, անդրադարձավ մանկության և պատանեկության տարիների որոշ ուշագրավ դրվագների:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչը, խոսելով ընտանիքի և երջանկության մասին, շեշտեց, որ երջանկություն է այն, երբ երեխաներդ գերազանցում են քեզ, երբ դառնում են կայացած և իրենց գործում գիտակ մասնագետներ: Իր և կնոջ՝ մասնագիտությամբ մանկավարժ Նելլի Ահարոնովայի դեպքում հենց այդպես էլ եղել է:

Պրոֆեսորի կյանքում առանցքային դերակատարում ունի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, հետևաբար շատ պատմություններ և հիշողություններ նաև ներկա և նախկին գործընկերների, ուսուցիչների մասին էին:  Խոսելով բժշկի մասնագիտության ընտրության մասին՝ նա ընդգծեց, որ շատ կարևոր է, որ բժիշկը լինի պարկեշտ, առաջնորդվի բարոյական սկզբունքներով, լինի ազնիվ մարդկանց հետ հաղորդակցվելիս:

Միխայիլ Աղաջանովը շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում պատասխանեց ներկաների ամենատարբեր հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես մասնագիտական գործունեությանը, այնպես էլ կյանքին:   Բժիշկ-գիտնականը իր երկարամյա գործունեությունը նվիրել է հարյուրավոր ապագա բժիշկների կրթելու գործին` շարունակելով պապի մարդասիրական առաքելությունը:

Հանդիպման ավարտին նա շնորհակալություն հայտնեց ներկայության համար, խոստովանեց, որ այս միջոցառման  հրավերը ստանալիս ցանկացել է  հրաժարվել, բայց այսօր առավել քան ուրախ է ընձեռված հնարավորության համար: Մեկ հանդիպումն,  իհարկե,  չի կարող ներկայացնել ողջ անցած ճանապարհը, սակայն այն հնարավորություն ընձեռեց խոսել կարևորի մասին, հիշել անցած ուղու ջերմ ու հետաքրքիր պահերը: 

Կից ներկայացնում ենք նաև ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի Միխայիլ Աղաջանովին նվիրված թողարկումը: