• Հայ
  • Рус
  • Eng
Երիտասարդ բժիշկը ստիպված է հաղթահարել երկու փորձություն՝ հաջողության և անհաջողության
Երիտասարդ բժիշկը ստիպված է հաղթահարել երկու փորձություն՝ հաջողության և անհաջողության
12.12.2019

Բժշկությունն ապրելակերպ է և հոգեվիճակ անոթային վիրաբույժի նեղ մասնագիտությունն ընտրած Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Դավիթ Ամիրխանյանի համար:  Բժշկությունն ուսանողի համար արվեստ է՝ ազնվագույնը մասնագիտությունների մեջ: Դավիթ Ամիրխանյանը սովորում է գերազանց առաջադիումությամբ, հավակնել է անվանական կրթաթոշակի: Ապագա բժիշկը մեզ հետ հարցազրույցում պատմել է բժիշկ դառնալու, ընտրած նեղ մասնագիտացման առանձնահատկությունների, դժվարությունների ու դրանք հաղթահարելու հնարավորությունների մասին:

-Դավիթ, կպատմե՞ս մասնագիտության ընտրության, անոթային վիրաբույժ դառնալու որոշման մասին:

-Բժշկությունն ինձ համար ապրելակերպ է և հոգեվիճակ: Հաշվի առնելով բնավորությանս մի շարք գծեր՝ համբերատարություն, դժվարություններ հաղթահարելու պատրաստակամություն, պատասխանատվություն, մարդկանց օգնելու մեծ ցանկություն՝ ընտրությունս կանգնեց հենց անոթային վիրաբուժության վրա: Ներկայումս անոթային համակարգի, երակների ու զարկերակների հիվանդությունների աճի մեծ միտում կա ամբողջ աշխարհում՝ այդ թվում Հայաստանում: Իսկ սրտի անխափան աշխատանքն ու արյունատար անոթների նորմալ գործունեությունն առողջության հիմնասյուներն են: Արյունատար անոթների ախտահարումները դարի ամենավտանգավոր հիվանդություններից են, որոնք կարող են անձին զրկել նույնիսկ շարժվելու ունակությունից:

-Քանի որ արդեն կողմորոշվել և ընտրել ես անոթային վիրաբույժի մասնագիտությունը, կնշե՞ս՝  մասնագիտության առանձնահատկություններն ու հեռանկարները Հայաստանում:

-Այս ճյուղը բժշկության արդի ճյուղերից է և զարգացման մեծ հեռանկարներ ունի Հայաստանում: Բացի դրանից, անոթային վիրաբուժությունը բժշկության այն   ճյուղերից է, որտեղ կա և՛ թերապիա, և՛ վիրաբուժություն: Տվյալ մասնագիտացումը պահանջում է մեծ  համբերատարություն, ջանասիրություն, նուրբ աշխատանք: Այն ստեղծագործ աշխատանք է, որը պետք է կատարել սիրով, այլապես հաջողության չես կարող հասնել: Մասնագիտացումն ունի մեծ պահանջարկ, և նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում ցանկանում եմ զարգացած երկրների փորձը բերել Հայաստան՝ նորագույն և արդյունավետ հետազոտությունների և բուժման մեթոդների տեսքով:

-Նշեցիր, որ մասնագիտության ընտրությունը պայմանավորված է քո բնավորության մի շարք գծերով: Բժշկական համալսարանն ինչպիսի՞ դեր ունի քո անձի կայացման հարցում:

-Անձի հոգեբանական, մտավոր կայացման հարցում մասնագիտական ինքնորոշումը շատ մեծ նշանակություն ունի: Բժշկական համալասարանն ինձ սովորեցրեց հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ,  լինել ազնիվ և հոգեպես ուժեղ, կոփեց իմ կամքն ու միտքը: Համալսարանի շնորհիվ հասկացա, որ առողջությունն ինքդ քո նկատմամբ սիրո ապացույցն է, իսկ բժիշկները կարողանում են պահպանել այդ թանկարժեք ապացույցը: Ուսանելու տարիներին համալսարանի շնորհիվ հնարավորություն ունեցա ընդլայնել գիտելիքներս, ձեռք բերեցի լավագույն ընկերներ, պրոֆեսորադասախոսական կազմի հետ աշխատելու հնարավորություն, մասնագիտական փորձ Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած Treatment of PAD today - Innovative Pathways միջազգային կոնֆերանսում, որտեղ իմ սերն անոթային վիրաբուժության նկատմամբ էլ ավելի մեծացավ: Ես հասկացա, որ շատ անելիքներ ունեմ Հայաստանում իմ հայրենակիցների համար:

-Որպես ապագա բժիշկ՝ ի՞նչ սկզբունքներով ես առաջնորդվելու մասնագիտական գործունեության ընթացքում:

-Բարեխղճություն, հոգատարություն, պատասխանատվություն: Աշխատանքային գործունեությանս ընթացքում աշխատելու եմ առաջին հերթին մնալ մարդ՝ լինել ազնիվ և բարեխիղճ ինչպես ինքս իմ, այնպես էլ պացիենտներիս նկատմամբ: Աշխատանքս կատարելու եմ որակով և սպասարկման բարձր մակարդակով: Աշխատելու եմ ինքնակատարելագործման և անընդհատ նորը սովորելու սկզբունքով՝ ձգտելով պատշաճ կերպով բավարարել իմ պացիենտների պահանջները:

-Ի՞նչ խորհուրդ կատաս այն երիտասարդներին, որոնք պատրաստվում են ընդունվել ԵՊԲՀ:

-Ով ոտք է դնում բժշկի ուղին, պետք է ունենա բարձր բարոյաէթիկական մարդկային որակ: Երիտասարդ բժիշկը ստիպված է լինում կյանքում հաղթահարել երկու փորձություն. հաջողության փորձություն և անհաջողության փորձություն: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, մասնագիտական լճացմամբ, ծուլությամբ, երկրորդը` հոգու և մտքի պարտությամբ: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է երիտասարդի անհատականությունից, համոզմունքներից, մտավոր և բարոյական սկզբունքներից: Չէ՞ որ կարևոր է ոչ միայն ինքնաճանաչումն ու հիվանդության բուժումը, այլև հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի իսկական հումանիզմը: Երիտասարդներին խորհուրդ կտամ չընկճվել և չվախենալ դժվարություններից, ծանր ու բարդ քննություններից: Եթե ընտրել եք այս ուղին, եղե՛ք համարձակ ու աշխատասեր, այլապես հաջողության չեք հասնի; Ձեր ընտրած մասնագիտացման մեջ փորձեք լինել լավագույնը, ինքնակրթվե՛ք ու մի՛ բավարարվեք դասախոսների տված գիտելիքներով: Գնացե՛ք հերթապահությունների, անցկացրե՛ք անքուն գիշերներ: Եվ եթե մի պահ հիասթափվեք և ցանկանաք կիսատ թողնել ձեր բռնած ուղին, մի պահ հետ նայեք, թե ինչի համար եք ընդունվել ու մի՛ հանձնվեք: Մի՛ կենտրոնացեք դիպլոմի գույնի վրա: Ազնի՛վ եղեք ինքներդ ձեր նկատմամբ, մի՛ մոռացեք, որ մի օր շատ հնարավոր է ձեր պացիենտը լինի հենց ձեր հարազատը: Եվ վերջում՝ այս ամենն մի օր ձեզ կվերադառնա գումարի, վստահության և մասնագիտական հաջողությունների տեսքով:

Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը