• Հայ
  • Рус
  • Eng
Երկկողմանի  դասախոսական փոխանակային ծրագիրն ամփոփում է արդյունքները՝ հետագա համագործակցության ակնկալիքով
Երկկողմանի դասախոսական փոխանակային ծրագիրն ամփոփում է արդյունքները՝ հետագա համագործակցության ակնկալիքով
11.06.2018

Օրեր անց արդյունքները կամփոփի «Էրազմուս +» երկկողմանի  դասախոսական փոխանակային ծրագիրը, որն իրականացվում էր  ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ու Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ֆակուլտետի միջև: Ծրագրի հիմնական նպատակն էր բժշկական համալսարանում սննդաբանության դասընթացի  վերանայումը և արդիականացումը։  Ծրագիրը նախատեսված էր 3 ակադեմիական կիսամյակի համար:  Ծրագրի շրջանակում Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի 5 դասախոսներ մեկշաբաթյա այցով մեկնել են Կոպենհագենի համալսարան, որտեղ ծանոթացել են սննդաբանության դասընթացի կառուցվածքին, տեսական և գործնական նյութի դասավանդման առանձնահատկություններին, ուսանողների գնահատման համակարգին։ Միևնույն ժամանակ մեր դասախոսները դասախոսություններ են կարդացել մագիստրատուրայի ուսանողների համար, ներկայացրել են հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում կատարված և կատարվող գիտական աշխատանքները։  Կոպենհագենի համալսարանից 3 դասախոսներ այցելել են Հիգիենայի և էկոլոգիայի  ամբիոն, 10-ից ավել դասախոսություններ կարդացել ԵՊԲՀ ուսանողների, կլինիկական օրդինատորների և դասախոսների համար: Արտերկրի մասնագետները  խորհրդատվություն և գործնական առաջարկներ են  ներկայացրել հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի կրթական ծրագրի սննդաբանության հատվածի արդիականացման վերաբերյալ։

Դանիական կողմից ծրագրի համակարգող,  պրոֆեսոր Սյուզան Բյուգելը, ով նաև Կոպենհագենի համալսարանի  Սննդաբանության և սպորտի ֆակուլտետի դասախոս է, ԵՊԲՀ-ում դասախոսություններ է կարդացել հունիսի 4-ից 8-ը: Բացի դասախոսություններից նա նաև հանդիպումներ  է ունեցել ԵՊԲՀ-ի  հանրային առողջության ֆակուլտետի դեկանի, միջազգային ծրագրերի բաժնի և պրոռեկտորների հետ՝ ծրագրի ամփոփման և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Ուսումնական աշխատանքների գծով  պրոռեկտոր, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանի ղեկավարությամբ հրավիրված աշխատանքային հանդիպման ընթացքում ևս մանրամասն անդրադարձ կատարվեց «Էրազմուս +» երկկողմանի  դասախոսական փոխանակային ծրագրի շրջանակում հետագա համագործակցությանը և առաջիկա ծրագրերին: Քննարկման մասնակիցներին դանիացի գործընկերն առավել մանրամասն ներկայացրեց իրենց երկրում դասավանդման առանձնահատկությունները: Առաջիկայում կողմերը ծրագրում են մեկտեղել ջանքերը դիետոլոգիայի և կլինիկական սննդաբանության ոլորտում մագիստրոսական նոր ծրագիր մշակելու ուղղությամբ: Դեռևս քննարկումների մակարդակում, մասնագետները նախանշում են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ հնարավոր կլինի կատարել առաջին քայլերը ու «կանաչ լույս» վառել ևս մեկ կրթական նախաձեռնության համար: Քննարկվեցին նաև համատեղ գիտական ծրագրերի հնարավորությունը, մասնավորապես՝ մանկական սննդի ոլորտում։ 

«Ծրագրի շրջանակում մենք իսկապես արդյունավետ համագործակցեցինք: Այս մասին են վկայում տասնյակ հանդիպումները, դասախոսների փոխայցելությունները: Մասնակիցներն  ոգևորված էին ծրագրի ընթացքով, տեսանելի էր նաև ուսանողների արձագանքը»,- նշեց Լարիսա Ավետիսյանը: 

Պրոֆեսոր Սյուզան Բյուգելը, ով ի դեպ առաջին անգամ էր Հայաստանում, խոստովանեց, որ  ծրագրի մեկնարկի ժամանակ փոքր -ինչ թերհավատ էր, սակայն այսօր վստահորեն նշում է, որ այն հաջողվել է, շնորհիվ երկու կողմի պատրաստակամության և համատեղ աշխատանքի:

ԵՊԲՀ դասախոսների այցն ու դասախոսություններն այնքան տպավորիչ են եղել, որ դանիացի 2 ուսանողուհիներ որոշել են իրենց 6 շաբաթյա մասնագիտական պրակտիկան անցնել մեր բուհում և մենք նրանց հյուրընկալեցինք  այս տարվա փետրվարին-մարտ ամիսներին։ 

«Հրաշալի ծրագիր էր, որը պետք է շարունակենք: Կարծում եմ,  երկու կողմի համար էլ ծրագրից ստացած օգուտը մեծ էր»,- նշում է դանիական կողմից ծրագրի համակարգողը:

Հայ գործընկերների հետ բացահայտեց նաև մեր երկրի գեղատեսիլ վայրերը, քանի որ իր համոզմամբ՝ նման փոխանակային ծրագրերը ոչ միայն կրթական, այլև մշակութային բաղադրիչ ունեն և լավ հնարավորություն են ճանաչելու այլ ժողովուրդների մշակույթն ու պատմությունը:

 

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը