• Հայ
  • Рус
  • Eng
Ֆրից Ռոզենդալ. Բժշկի մասնագիտությունը թույլ կողմեր չունի
Ֆրից Ռոզենդալ. Բժշկի մասնագիտությունը թույլ կողմեր չունի
22.01.2018

Կատակասեր, ֆուտբոլի ու պատմության սիրահար բժիշկ, հետազոտող Ֆրից Ռոզենդալը Նիդերլանդների հայտնի Լեյդենի համալսարանի պրոֆեսոր է: Նա Նիդերլանդների թրոմբոզի և հեմոսթազի միության նախագահն է: Տարիներ շարունակ եղել է Թրոմբոզի և հեմոսթազի միջազգային միության նախագահը: Այժմ Ֆրից Ռոզենդալը ղեկավարում է Լեյդենի համալսարանի կլինիկական էպիդեմիոլոգիայի և թրոմբոզի ու հեմոսթազի բաժինները, Վաշինգտոնի և Վերմոնտի համալսարանների այցելու պրոֆեսոր է: Նա Journal od Thrombosis and Haemostasis աշխարհահռչակ գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Ռոզենդալը հեղինակ է ավելի քան 500 գիտական աշխատանքի, որոնք տպագրվել են աշխարհում հայտնի գիտական պարբերականներում: 2003 թվականին նա արժանացել է Նիդերլանդներում ամենաբարձր գիտական պարգևին՝ «Սպինոզա» մրցանակին:

Անվանի բժիշկը և գիտնականը մասնակցում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացված «Ամեն ինչ թրոմբոզի մասին» երկօրյա միջազգային կոնֆերանսին:  

- Ինչու՞ որոշեցիք ընտրել բժշկի մասնագիտությունը:

- Որովհետև ես չգիտեի՝ ինչ ընտրել (ծիծաղում է – հեղ.): Ես ուզում էի դառնալ լրագրող: Բայց մայրս ասաց. «Հաշվի առնելով, որ հայրդ բժիշկ էր, միգուցե ավելի լավ կլինի ձեռք բերել այդ մասնագիտությունը»: Ես իրականում չգիտեի՝ ինչ անել, բայց, ի վերջո, ընտրեցի բժշկությունը: Բժշկական դպրոցի առաջին տարիները բավականին ձանձրալի էին, սակայն հետագայում ամեն ինչ գնալով ավելի հետաքրքրացավ: Ժամանակի ընթացքում ես դարձա հետազոտող, այժմ ես չեմ աշխատում որպես բժիշկ: Ներկայումս գրում եմ բժշկական հոդվածներ, այդ պատճառով կարելի է ասել, որ ես ինչ-որ առումով դարձա լրագրող:

- Պրոֆեսոր, կարո՞ղ եք առանձնացնել բժշկի մասնագիտության մի քանի ուժեղ և թույլ կողմ:

- Ուժեղ կողմն ուսանողների համար կայանում է նրանում, որ նրանք սովորելու ընթացքում ունեն ընտրության լայն հնարավորություն: Նրանք կարող են դառնալ հետազոտող, օրթոպեդիստ, վիրաբույժ, ռադիոլոգ: Թույլ կողմեր բժշկի մասնագիտությունն, իմ կարծիքով, չունի:

- Բժիշկ աշխատելու ժամանակաշրջանում ինչպե՞ս էիք շահում հիվանդի վստահությունը:

- Ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ եմ ես անում և թե ինչ չեմ կարող անել, ինչպես նաև լինել հնարավորինս բաց: Չնայած կան շատ մարդիկ, ովքեր վայելում են մեծ վստահություն՝ իրականում այնքան էլ արժանի չլինելով դրան, այնուամենայնիվ, մեծ հաշվով, կարծում եմ, մարդկանց մեծամասնությունը վստահում է բժիշկներին:

- Ի՞նչ գլոբալ խնդիրներ եք տեսնում Ձեր գործունեության ոլորտում՝ թրոմբոզի և հեմոսթազի բուժման ասպարեզում:

- Կարծում եմ՝ առաջնային խնդիրներից մեկը հսկայական սահմանաբաժանումն է հարուստների և աղքատների միջև: Հիվանդությունների բուժման ծախսերն աստիճանաբար ավելի ու ավելի են շատանում: Օրինակ, եթե դու աղքատ երկրից ես (իսկ այդպիսի երկրներ դեռևս կան, օրինակ, Արևելյան Եվրոպայում), դու չես կարող վճարել հեմոսթազի բուժման համար: Ավելորդ է խոսել նույնիսկ Աֆրիկայի կամ արաբական երկրների մասին: Դեղամիջոցների գները ևս գնալով ավելի ու ավելի են բարձրանում: Դա պայմանավորված է դեղագործական ընկերությունների գործունեությամբ, որոնք ձգտում են հնարավորինս շատ գումար աշխատել:

- Պարոն Ռոզենդալ, հղի կանայք համարվում են թրոմբոզի զարգացման համար ռիսկային խումբ: Ինչպե՞ս կարող են նրանք խուսափել այս հիվանդությունից:

- Այո, հղիությունը կանանց մոտ թրոմբոզի առաջացման ամենամեծ ռիսկային գործոնն է: Մյուս կողմից, երիտասարդ կանանց շրջանում թրոմբոզը շատ հազվադեպ է հանդիպում. 1000 հղի կանանցից ընդամենը 1-ի մոտ կարող է առաջանալ թրոմբոզ: Երիտասարդ կանանց (մինչև 45 տարեկան) սովորաբար չի սպառնում այդ հիվանդությունը: Այնուամենայնիվ, մարդիկ պետք է տեղեկացված լինեն իրենց հիվանդության մասին, նրանք պետք է իրազեկ լինեն երակային թրոմբոզի և դրա հետևանքների մասին:

- Բժիշկները մշտապես կանգնում են բազմաթիվ մարտահրավերների առջև՝ և՛ մասնագիտական, և՛ անձնական առումներով: Ո՞րն է Ձեր ամենակարևոր խորհուրդը ապագա բժիշկներին:

- Դարձե՛ք իսկապես լավ բժիշկներ: Օգտագործե՛ք Ձեզ դուր եկած ոլորտը և եղե՛ք երջանիկ:

- Կա՞ն, արդյոք, հատուկ սկզբունքներ, որոնց հետևելը պարտադիր է բժշկի հաջող կարիերայի համար:

- Եթե դու ուզում ես լինել հաջողակ, դու պետք է շատ աշխատես: Յուրաքանչյուր ոլորտում է այդպես: Բժշկի հաջող կարիերայի համար անհրաժեշտ է տաղանդի և քրտնաջան աշխատանքի համադրություն: Այդպես է նաև պարարվեստում, օրինակ, եթե դու ցանկանում ես դառնալ բալետի պարող, դու պետք է ունենաս տաղանդ: Կյանքում շատ կարևոր դաս է ընդունել այն, ինչ դու չես կարող անել: Մշտապես խոսվում է մարդկանց կողմից սեփական տաղանդները ճանաչելու մասին, բայց չափազանց կարևոր է նաև ընդունել այն ոլորտները, որոնցում դու տաղանդ չունես:

- Պրոֆեսոր, ինչպե՞ս եք նախընտրում հանգստանալ:

- Դիտում եմ Netflix հեռուստաալիքը: Ես նաև շատ եմ կարդում: Հիմնականում պատմական գրքեր եմ կարդում: Այս պահին կարդում եմ Օսմանյան կայսրության փլուզման մասին: Իհարկե, Հայաստանը նույնպես կարևոր դեր է խաղացել այս շրջանում:

- Մինչ Հայաստան այցելելը ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին:

- Ես, անշուշտ, գիտեմ Հայոց ցեղասպանության մասին: Եղել եմ Իրանում. այնտեղ խոշոր հայկական համայնք կա: Ինձ հիացրեց Էսֆահանի գեղեցիկ հայկական եկեղեցին: Այնտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բավականին տպավորիչ թանգարան կար:

Ես նաև շատ եմ սիրում շախմատ, ճանաչում եմ Տիգրան Պետրոսյանին, Լևոն Արոնյանին:

 

                                                                           

                                                                       Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

                                                                     Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի