• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկի մասնագիտությունը միշտ կլինի արդիական, անհրաժեշտ՝ ազգիս, շրջապատիս ու հարազատներիս.  Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու
Բժշկի մասնագիտությունը միշտ կլինի արդիական, անհրաժեշտ՝ ազգիս, շրջապատիս ու հարազատներիս. Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու
10.12.2019

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու Գայանե Անտոնյանը հաջողելու որևէ բանաձև չունի։ Պարզապես սովորում է, իսկ սկսած գործն ավարտին հասցնելու, նորն իմանալու ու գիտելիքներն ավելի հիմնավոր դարձնելու ձգտումն էլ տալիս են իրենց արդյունքը։  

Ապագա բժշկի խոսքով բժշկի խոսքով՝ մասնագիտությունն ընտրել է տարբեր պատճառներով: «Նախ մեծացել եմ բժշկական միջավայրում, ինչն անկասկած իր դերն է ունեցել: Մանկական խաղերիս մեջ մտնում էր ձեռքիս տակ ընկածը մանրադիտակով ուսումնասիրելը։ Ավելի մեծ տարիքում դա պայմանավորված էր այն գիտակցումով, որ այս մասնագիտությունը միշտ կլինի արդիական, անհրաժեշտ՝ շրջապատիս, հարազատներիս ու ազգիս։

Գայանեն որոշել է՝ մասնագիտանալու է որպես ԼՕՌ բժիշկ: «Բոլոր նեղ մասնագիտացումներն էլ ունեն իրենց բնորոշ հետաքրքիր ու գաղտնիքներով լի կողմերը, որոնք բացահայտելու ցանկությունն, անկասկած, դրանցից յուրաքանչյուրը դարձնում է ինձ համար գրավիչ։ Սակայն թերապևտիկ ու վիրաբուժական ուղղությունների համակցումը, բազմաթիվ նեղ ճյուղերի առկայությունն ու մանկական կոնտինգենտի հաճախակի ընդգրկվածությունը կողմնորոշեցին ինձ ընտրելու ԼՕՌ բժշկի մասնագիտացումը»,-ընդգծում է ուսանողը։

Անդրադառնալով ուսման տարիներին և այդ ընթացքում առաջացած խնդիրներին՝ նշում է, որ բուհում դժվարություններ շատ են եղել, դրանցից ամեն մեկը հաղթահարելն օգնել է իրեն մի քայլ առաջ գնալ, հավատալ սեփական ուժերին, ոչ մի դեպքում չհուսահատվել և ձեռք բերել նոր փորձ: «Չէ՞ որ կյանքն իմաստավորվում է դժվարությունները հաղթահարելով։ Երրորդ կուրսի խտացված գրաֆիկով ամառային քննաշրջանը դրանցից մեկն էր»,-նշում է ուսանողը՝ ավելացնելով, որ կցանկանար նաև ճարտարապետ-դիզայներ դառնալ՝ վստահեցնելով սակայն, որ ժամանակի մեջ հետ դառնալու դեպքում՝ նորից կընտրեր բժշկությունը։

Ապագա բժշկի համար տարիների ընթացքում ԵՊԲՀ-ի գրեթե ամեն անկյուն հարազատ ու սիրելի է դարձել, բայց ուսանողական խորհրդարանի սենյակը կա ու կմնա համալսարանի այն անկյունը, որտեղ ունեցել է բազում լավ հիշողություններ, ձեռք բերել՝ ընկերներ և թիմային աշխատանքի փորձ։

Խոսելով ամենասիրելի առարկաների, սիրելի ու խստապահանջ դասխոսների մասին՝ ասում ՝ ամենասիրելի տեսական առարկան՝ ախտաֆիզիալոգիան է, իսկ կլինիկականը՝ մանկաբուժությունը։ «Սիրելի դասախոսներ շատ եմ ունեցել՝ Սամվել Արծրունի Ավետիսյան, Հովհաննես Կայծակի Կժդրյան, Անդրանիկ Ամրայի Օհանյան…: Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել։ Դժվար է առանձնացնել ընդամենը մեկ դասախոսի, նրանք բոլորն էլ իրենց պատասխանատվությամբ ու հոգատարությամբ ունեցել են անփոխարինելի դեր: Լինելով միաժամանակ դասախոս, բժիշկ և ավագ ընկեր՝ ոչ միայն տվել են գիտելիքներ, այլև կրթել ու ձևավորել են իմ մեջ բժշկի կերպարը»,-պատմում է Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառուն՝ շեշտելով, որ բժշկական համալսարնն իրեն տվել բազում գիտելիքներ, բժշկական մտածելակերպ, հիշարժան օրեր ու իսկական ընկերներ։ «Արդեն 100-ամյա իմ համալսարանին ասելով ALMA MATER՝ ես իմաստավորում եմ այս բառերի արժեքն ինձ համար»,-եզրափակում է Գայանեն։

 

Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը