• Հայ
  • Рус
  • Eng
ԳԴՀ երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը ԵՊԲՀ-ում էր
ԳԴՀ երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը ԵՊԲՀ-ում էր
30.10.2017

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը Հայաստանում է գտնվելու Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի պատվիրակությունը:

Հոկտեմբերի 30-ին ԳԴՀ երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հանդիպեց ԵՊԲՀ պրոռեկտորների հետ:

 Հանդիպման հենց սկզբում Ուդո Միխալիկը նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը զրույցի ընթացքում ներկայացրին ԵՊԲՀ գործունեությունը և կրթական ծրագրերը:

Լարիսա Ավետիսյանի խոսքով՝ բուհի շուրջ 7800 ուսանողների 25 տոկոսն օտարերկրացիներ են, և ուսուցումը համալսարանում իրականացվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Երվանդ Սահակյանն, իր հերթին, ընդգծեց համալսարանի սերտ կապերը գերմանական բժշկական համալսարանների և կլինիկաների հետ: Նա առանձնացրեց ԵՊԲՀ մասնակցությունը Եվրոպական Միության ծրագրերին, հատկապես կարևորելով DAAD ակադեմիական փոխանակման ծրագիրը:

Ըստ Կոնստանտին Ենկոյանի՝ համալսարանն ակտիվ համագործակցում է Տյուբինգենի համալսարանի հետ: Նշված համալսարանի հետ համատեղ 2017 թվականի նոյեմբերին Երևանի պետական բժշկական համալսարանը հայտ կներկայացնի ԵՄ Twinning «Horizon 2020» ծրագրին:

 Ուդո Միխալիկը նույնպես ընդգծեց երկկողմանի հետաքրքրվածությունը փոխանակման ծրագրերի իրականացման բնագավառում և պատրաստակամություն հայտնեց Բեռլինում քննարկելու հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկները: