• Հայ
  • Рус
  • Eng
Գերմանացի պրոֆեսորները ԵՊԲՀ-ում դասախոսեցին ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացման և կառավարման մասին
Գերմանացի պրոֆեսորները ԵՊԲՀ-ում դասախոսեցին ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացման և կառավարման մասին
11.09.2019

ԵՊԲՀ-ում մեկնարկեց հագեցած օրակարգով «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» թեմայով համաժողով՝ Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորների մասնակցությամբ: 

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հիմնական օրակարգը: Նա նշեց, որ սա արդեն երրորդ համաժողովն է, որն իրականացվում է գերմանիացի պրոֆեսորների հետ. «Ամեն անգամ ուռուցքաբաններ և հանրային առողջության բնագավառից տարբեր մասնագետներ կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով»,-ասաց նա՝ հավելելով, որ ակնկալում են փետրվարին ևս ունենալ նման հանդիպում: 

Քաղցկեղի կենտրոնի գլխավոր տնօրեն, ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր Յորգ Հայերը նշեց, որ ուրախ է համագործակցել բժշկական համալսարանի հետ՝ հույս հայտնելով, որ այն կընդլայնվի և կշարունակվի: «Ուրախ եմ հայտարարել, որ մենք անցած շաբաթ կառավարության հետ ստորագրեցինք համաձայնագիր, որպեսզի աջակցվեն նման միջոցառումների կազմակերպումները: Հանրային առողջապահությունը կարևոր ոլորտներից է, որին մենք մշտապես անդրադառնում ենք: Մենք անելու ենք ոչ միայն ուսուցողական, այլև հետազոտական միջոցառումներ: Հույս ունեմ, որ ամեն ոք օգուտ կքաղի այս կոնֆերանսից»,-ասաց Յորգ Հայերը: 

Առողջապահության միջազգային խորհրդատու, ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր Յուրգեն Շեֆերսն իր հերթին ողջունելով ներկաներին անդրադարձավ առողջապահության ոլորտի հիմնական գաղափարներին: 

Ներկայացնելով առողջապահության կազմակերպման մոտեցումների պլանավորումը, Յուրգեն Շեֆերսը նշեց, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպության հիմնական նպատակներից է հասանելիությունը, մատչելությունը, ընդունելիությունը, ծառայության որակը. «Դա նշանակում է ուժեղ և արդյունավետ կառավարվող առողջապահական համակարգ, որը համապատասխանում է առողջության հետ կապված կարիքների հետ առաջնահերթություններին»:

ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն անդրադարձավ հայ բժիշկների մոտեցումներին ու գիտելիքներին մարդու պապիլոմավիրուսի վերաբերյալ՝ նշելով, որ ֆակուլտետն անցկացրել է թեմային վերաբերող հետազոտություններ. «Մենք ունենք մի անպիսի խնդիր, որն առաջացրել է հանրային մեծ արձագանք, դա արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատմաստումն է՝ գարդասիլը: Քանի որ այդ պատվաստման ներդրումը բացասական արձագանք առաջացրեց ոչ միայն բնակչության, այլև բժիշկների շրջանում, առանձնակի հետաքրքրեցին պատճառները: Ֆակուլտետը անցկացրել է հետազոտություն՝ ուսումնասիրելով բժիշկների գիտելիքները, մոտեցումները ինչպես պատվաստանյութի այնպես էլ, պապիլոմավիրուսի վերաբերյալ»,-ասաց նա: 

Բազմաթիվ այլ մասնագետներ ևս ելույթներով հանդես եկան՝ ներկայացնելով մի շարք արդիական խնդիրներ, ինչպես Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի պատվաստման գործընթացը, ուռուցքաբանության ազգային ուղեցույցների ստեղծումը և ներդրման մարտահրավերներն ու խոչընդոտները։

Նշենք, որ համաժողովը «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» խորագրով կշարունակվի վաղը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, որի ընթացքում կքննարկվեն կլինիկական մի շարք դեպքեր: