• Հայ
  • Рус
  • Eng
Գիտական խորհրդի նիստի օրակարգը հագեցած էր
Գիտական խորհրդի նիստի օրակարգը հագեցած էր
30.05.2018

ԵՊԲՀ-ում այսօր անցկացված գիտական խորհրդի նիստը մեկնարկեց համալսարանական հիվանդանոցների 2017 թվականի գործունեության հաշվետվությամբ: Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների անցած տարվա գործունեությունը:

«Հերացի» հիվանդանոցային համալիրում 2017 թվականին ստացիոնար պայմաններում բուժօգնություն է  ստացել 8403 քաղաքացի, իսկ «Մուրացան»-ում՝ 10888: Պրոռեկտորի խոսքով՝ վերջին վեց տարում երկու հիվանդանոցում էլ աճել է ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստացած քաղաքացիների թիվը՝ շուրջ 6700-ով: Սա պայմանավորված է հատկապես անհետաձգելի բուժօգնության ծառայությունների առավել ծանրաբեռնված աշխատանքով և բարձր դիմելիությամբ: Երկու բուժհաստատությունում էլ նվազել են մահվան դեպքերը:

Արմեն Մինասյանն ընդգծեց, որ կատարված և շարունակվող բոլոր աշխատանքների հիմքում առաջին հերթին պացիենտների բուժման որակի բարձրացումն է: Իրականացվող աշխատանքները բխել են բուհի զարգացման ծրագրից: Ինչպես նախորդ տարում, այնպես էլ ընթացիկ ժամանակահատվածում և առաջիկայում օրակարգային են նոր ծառայությունների ներդրման, անբարեկարգ տարածքների վերանորոգման, ինչպես նաև նորագույն բժշկական սարքավորումների ձեռքբերման  հարցերը:

2017թ.  մի շարք նոր ծառայություններ են ներդրվել, մասնավորապես՝ «Հերացի»  համալսարանական հիվանդանոցը համալրվել է Ուրոլոգիական կլինիկայով, բացվել է  նաև Արյունաբանական կետ:  Երևանի կենտրոնում արյունաբանական նոր ծառայության ստեղծումը ևս անհրաժեշտություն էր, քանի որ այն պայմանավորված էր արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման անհրաժեշտությամբ: Մեկ տարում հավաքագրվել է ավելի քան 600 դոնոր, որից ավելի քան 200-ը՝ ԵՊԲՀ ուսանողներն են:  Առաջիկայում աշխատանքներն են իրականացվելու դոնորների ռեեստրի ստեղծման ուղղությամբ: Նախորդ տարի բացվել է նաև «Մուրացան»  հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի  վերանորոգված  մասնաշենքը:

Հիվանդանոցների գործունեությունից չեն վրիպել նաև մարզային այցելությունները, որոնց շրջանակում երկու հիվանդանոցի բուժաշխատողների կողմից անվճար մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել հազարավոր քաղաքացիների:

Հիվանդանոցային աշխատանքների առանցքում է նաև ապահովագրական ծառայության ներդնումը և զարգացումը: Արմեն Մինասյանը որպես հաջողված օրինակ մատնանշեց ԵՊԲՀ աշխատակիցների համար ապահովագրական քարտերի տրամադրման ծրագիրը:

Հաջողությունների թվում էր նաև այս տարվա հունվարին բացված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որը եզակի է տարածաշրջանում:

Անցած տարում իրականացվել է նաև  կլինիկական օրդինատորների խրախուսման ծրագիր: Բուհի ղեկավարությունն այս կերպ նպատակ ունի խրախուսել այն սովորողներին, ովքեր ուսմանը զուգահեռ նաև ակտիվ կլինիկական գործունեություն են իրականացնում, հերթապահում են բաժանմունքներում: 

Պրոռեկտորը տեղեկացրեց, որ հետագա  ծրագրերի թվում է պալիատիվ բուժօգնության, ինչպես նաև հեռաբժշկության բաժանմունքների ստեղծումը:

Գլխավոր հաշվապահի տեղակալ Բեատրիսա Կեովտերելյանն էլ զեկուցեց համալսարանական հիվանդանոցների ֆինանասական գործունեության վերլուծության արդյունքների մասին:

Ամփոփելով համալսարանական հիվանդանոցների գործունեության հաշվետվությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր շնորհիվ համակարգված աշխատանքի համալսարանական երկու հիվանդանոցները, ինչպես նաև արդեն մի քանի ամիս  ԵՊԲՀ-ի կազմում գործող Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը լրջագույն դերակատարում ունեն մայրաքաղաքի առողջապահական համակարգում: Նրա գնահատմամբ՝ մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, որի արդյունքներն արդեն տեսանելի են:

Գիտական խորհրդի նիստի օրակարգը հագեցած էր: Հաստատվեցին Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի կողմից ներկայացված  կանոնակարգերի փոփոխությունները: ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը Գիտական խորհրդի ուշադրությանը ներկայացրեց բուհի Հոգաբարձուների խորհրդի որոշման նախագիծը, որը վերաբերում էր ռեկտորի կրթաթոշակ սահմանելու և այդ կրթաթոշակի տրամադրման կարգի հաստատմանը:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն անդրադարձավ բուժհաստատությունների կառավարման վերապատրաստման դասընթացի կրթական ծրագրին և պլանին, որը ևս հաստատվեց խորհրդի անդամների կողմից:  Գիտական խորհրդի նիստում հաստատվեց նաև ուսումնական գրականության հերթական ցանկը,  անցկացվեց գիտական կոչումների շնորհման և ամբիոնների վարիչների, պրոֆեսոների պաշտոնների ընտրության մրցույթ:

Գիտական խորհրդի նիստի ընթացքում ԵՊԲՀ ռեկտորը խորհրդի անդամների  անունից շնորհավորեց նաև ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանին Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալին արժանանալու առթիվ: