• Հայ
  • Рус
  • Eng
Գիտական խորհրդի նիստը նվիրված էր ԵՊԲՀ միջազգային համագործակցության հեռանկարներին
Գիտական խորհրդի նիստը նվիրված էր ԵՊԲՀ միջազգային համագործակցության հեռանկարներին
28.02.2018

Համալսարանի միջազգային համագործակցության ընթացքին և հեռանկարներին էր նվիրված ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը: Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն իր զեկույցում ներկայացրեց կատարված աշխատանքների հիմնական ուղղություններն ու հետագա ծրագրերը: Նա անդրադարձավ այն բոլոր միջազգային կրթական ծրագրերին, որոնց անդամակցում է ԵՊԲՀ-ն:

Ընդգծեց, որ օրակարգում է միջհամալսարանական կապերի հաստատումն ու ընդլայնումը օտարերկրյա հեղինակավոր համալսարանների և կլինիկաների հետ:

Պրոռեկտորը խոսեց նաև միջազգային համաժողովների ու փոխանակային ծրագրերի, համագործակցության հնարավորությունների ընդլայնման մասին: Նշվեց, որ այս պահին պետական բժշկական համալսարանում 30 երկրից ավելի քան 1800 ուսանող է սովորում, և մոտ ապագայում օտարերկրացի ուսանողների թվի ավելացումը նույնպես բուհի միջազգայնացմանն ուղղված կարևոր քայլերից է լինելու:  Հայ և օտարերկրացի շրջանավարտների հետ կապը մշտապես պահելու նպատակով բուհում ստեղծվել է Կարիերայի կենտրոն և Շրջանավարտների ակումբ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ամփոփելով միջազգային համագործակցությանը նվիրված գիտական խորհրդի նիստը՝ նկատեց, որ հաջողությունների և ձեռքբերումների կողքին անհրաժեշտ է վերլուծել նաև առկա խնդիրներն և մատնանշել դրանց լուծման մեխանիզմները:

Նա հանձնարարեց միջազգային գործունեության պատասխանատուներին ուսումնասիրել միջազգային դաշտը և հետագա աշխատանքներն ուղղել օտարերկրացի սովորողների դասավանդման մեթոդների, գրականության թարմացման, նոր կրթական ծրագրերի ներդրման, կլինիկական հարթակների ձևավորման, նորագույն սարքավորումներով համալրման գործին: