• Հայ
  • Рус
  • Eng
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը համոզված է՝ եթե լինի հավատ բժշկի նկատմամբ, ապա ավելի լավ արդյունքներ կունենանք
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը համոզված է՝ եթե լինի հավատ բժշկի նկատմամբ, ապա ավելի լավ արդյունքներ կունենանք
29.07.2020

Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը կարևորում է հակահամաճարակային գործողությունների պահպանումն ու կիրառումը: Մասնագետի հետ զրուցել ենք բժշկական համալսարանի կողմից կատարված աշխատանքների և արդյունքների մասին:

-Արդեն երկար ժամանակ ապրում ենք արտակարգ դրության պայմաններում: Որպես մասնագետ ինչպե՞ս եք գնահատում հակահամաճարակային գործողությունները: Ի՞նչ փուլում ենք այժմ:

-Աշխարհն այժմ կորոնավիրուսի ծաղկման փուլում է, դեպքերն օրեցօր ավելանում են, հատկապես հարավային հատվածում: Սկզբնական փուլում հյուսիսային հատվածներն էին ավելի ընդգրկված պրոցեսի մեջ, իսկ այսօր արդեն համաճարակային պրոցեսն առավել ինտենսիվ է ենթահասարակածային հատվածում՝ չնայած եղանակային տաք պայմաններին: Հայաստանում մի փոքր դրական դինամիկա կա: Երբ նայում ենք թե՛ հիվանդացության, թե՛ մահացության կորագծերին, ապա տեսնում ենք, որ առկա է անկում, որոշակիորեն նվազել է նաև դրական թեստերի մասնաբաժինը, որը նույնպես համարվում է դրական միտում: Մի պահ դրական նմուշների մասնաբաժինը 30 տոկոս և ավելի էր, իսկ այսօր արդեն տատանվում է 20-22 տոկոսի սահմաններում: Ակնկալում ենք, որ առաջիկայում կհասնի մինչև 10 տոկոս և կնվազի: Իհարկե սա պարզապես կանխատեսում է և չի նշանակում, որ պետք է թուլացնենք հակահամաճարակային միջոցառումները:

Մի կարևոր բան էլ եմ ուզում նշել, որ հակահամաճարակային միջոցառումները պետք է պահպանվեն նաև այն մարդկանց կողմից, ովքեր արդեն հիվանդացել և առողջացել են, նրանք չպետք է հանգստանան՝ մտածելով, որ արդեն ունեն իմունիտետ և պետք չէ դիմակ կրել, պետք չէ սոցիալական հեռավորություն պահպանել, կարելի է անտեսել ձեռքերի հիգենիան, որովհետև այսօր դեռ չկա այն ապացուցողական հիմքը, որպեսզի պնդենք՝ նորից հիվանդանալու հավանականություն չկա: Դա ցույց կտա ժամանակը, քանի որ մենք այս վարակի հետ աշխատելու ընդամենը յոթ ամսվա փորձ ունենք:

Հայաստանում իրականացված հակահամաճարակային միջոցառումները համահունչ են ամբողջ աշխարհում իրականացված հակահամաճարակային միջոցառումներին, ոչ մի արտառոց, ավել կամ պակաս բան չի արվել: Վարքագծային առումով մեր ժողովուրդի համար անսովոր էր դիմակ կրելը, սոցալական հեռավորություն պահպանելը: Սրանք վարքագծային խնդիրներ են,  որոնք ժամանակի ընթացքում են ձևավորվում, հույս ունենանք, որ հետագայում արդեն ձևավարված փորձը կնպասի նաև այլ սուր շնչառական, վիրուսային վարակների կանխարգելմանը:

-Այս ընթացքում Դուք և ԵՊԲՀ շատ մասնագետներ աչքի եք ընկել ձեր ակտիվությամբ, հարցազրույցներով, խորհուրդներով: Կներկայացնեք որքանով են արդյունք տվել ձեր աշխատանքները:

-Բժշկական համալսարանի կողմից հենց սկզբից մշակվել և պարետատանն են ներկայացվել տարբեր սցենարներ՝ կախված վարակի վերարտադրողական ցուցանիշից (R0), այսինքն՝ մեկ հիվանդ մարդը քանի առողջի կարող է վարակել:  Covid 19-ի դեպքում,  վերարտադրողականության տարբեր ցուցանիշների ժամանակ,  Հայաստանի պոպուլյացիայի համար հաշվարկել ենք հիվանդացության հավանական տարբերակները, այդ թվում առողջապահության հասանելիութունը, բուժօգնության որակի ապահովումը: Առաջարկներ են արվել նաև հանրության շրջանում վարակի կանխարգելման առումով, բազմիցս խոսվել է այս կամ այն պատնեշային միջոցի կիրառման արդյունավետության մասին, մեր առաջարկները որոշակիորեն ընկալվել են հանրության կողմից՝ ունենալով նաև գործնական կիրառություն, ինչը, վարակի կանխարգելման առումով, դրական ազդեցություն է ունեցել: Որպես համաճարակաբան այսպիսի մոտեցում ունեմ՝ եթե խոսքով կամ գործով կարող ես նույնիսկ վարակի մեկ դեպք կանխել, ուրեմն մեր աշխատանքը համարվում է հաջողված: Կանխարգելումը պետք է լինի առաջնային և հասանելի, երբ կանխում ես, ապա բուժման անհրաժեշտություն չի առաջանում, սա է մեր մասնագիտության առավելությունը ու աշխատանքի հաջողությունը: Չպետք է թերահավատորեն վերաբերվել բուժաշխատողներին, եթե լինի հավատ բժշկի նկատմամբ և չքննարկվի բժշկի ասածը ոչ մասնագետների կողմից, ապա, միանշանակ, ավելի լավ արդյունքներ կունենանք:

-Ի վերջո, ինչպե՞ս պաշտպանել ինքներս մեզ, արդյոք դիմակի կրումը մեզ օգնում է զերծ մնալ վարակվելուց:

-Պետք է արձանագրենք, որ դիմակ կրելուց հետո փոփոխություն կա,  այժմ ավելի ճիշտ, ավելի գիտակցված են կրում: Ինչքան դիմակ կրելու կուլտուրան բարձրանա, այնքան հիվանդացությունը կնվազի: Սակայն դիմակ կրելը բավական չէ, պետք է խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց և մասնակցելուց, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի ճիշտ հիգենիան, հակառակ դեպքում դիմակն իր արդյունավետությունը կորցնելու է:

-Նշվում է, որ ռիսկի խմբում են տարեցներն ու քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք: Այս պնդումը միանշանա՞կ է:

-Հիմնականում այդպես է, բայց դա չի նշանակում, որ երիտասարդության շրջանում դեպքեր հիվանդացության կամ մահվան դեպքեր չեն արձանագրվում: Մտածել, որ ես չունեմ սիրտանոթային հիվանդություն կամ շաքարային դիաբետ, և թեթև կտանեմ հիվանդությունը, սխալ է:  Առողջ մարդը ևս կարող է ծանր տանել, ունենալ բարդություններ, առավել ևս, երբ չգիտենք, թե այդ բարդությունները ինչպիսի հետևանքներ կթողնեն մարդու հետագա առողջության վրա:

-Ձեր կարծիքով որքանո՞վ է հավանական առաջիկայում պատվաստանյութ ունենալը և այն արդյոք արդյունավետ կդառնա հիվանդությունից լիարժեքորեն խուսափելու համար:

-Պատվաստանյութի արդյունավետությունը կախված է նրանից, թե վարակն ինքնին առաջացնում է կայուն իմունիտետ, թե ոչ: Մեր տարիների փորձը հուշում է այն, որ առավել մեծ արդյունավետություն ունեն այն վարակների դեմ առկա պատվաստանյութերը, որոնցով հիվանդանալուց հետո ձևավորվում է կայուն հետվարակային անընկալունակություն, օրինակ կարմրուկի պատվաստանյութը: Քանի որ մենք դեռ համոզված չենք, թե Covid 19-ն առաջացնում է կայուն իմունիտետ, որպեսզի մարդը երկարատև, որոշ դեպքերում նույնիսկ ցմահ ունենա իմուն հիշողություն, ապա արդյունավետության մասին խոսել չենք կարող: Բայց օդակաթիլային վարակների դեպքում պատվաստանյութն ամենաարդյունավետ տարբերակն է:

-Անդրադառնալով մասնագիտության ընտրությանը, կասեք ինչո՞ւ որոշեցիք հմտանալ հենց համաճարակաբանության մեջ:

 -Ավարտել եմ ԵՊԲՀ բժշկականխարգելման ֆակուլտետը, ցավոք, այսօր այդ ֆակուլտետը չունենք: Դեռ սովորելու տարիներին համաճարակաբանությունը գերում էր ինձ, քանի որ այս առարկայի գործնական և տեսական ելքերը շատ մեծ են: Ամեն օր սովորելու բան ունես, երբ մեկ օր չես կարդում՝  հետ ես մնում: Համաճարակաբանի աչքը միշտ տեսնում է, և երբ գործնականում նկատում ես ինչ-որ օրինաչափություն, ինչը գիտական հիմք է ստանում, մասնագիտական մեծ բավարարվածություն ես զգում: Այս հանգամանքն իմ աշխատանքում ինձ մշտապես ուղեկցում է և խթան է հանդիսանում, ու շարունակում եմ ինքս ինձ վրա աշխատել, զարգանալ և հմտանալ մասնագիտության մեջ:

-Ձեր մասնագիտական խորհուրդը հանրությանը:

-Շարունակել հետևել հակահամաճարակային կանոններին: Կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Ավելի հանդուրժող լինել սահմանափակումների նկատմամբ, ընդունել դրանք որպես ժամանակավոր օգնություն վարակը հաղթահարելու և սովորական առօրյային շուտ վերադառնալու համար:

Արփինե Թովմասյան