• Հայ
  • Рус
  • Eng
Համագործակցություն բոլոր ուղղություններով. ԵՊԲՀ ռեկտորը հանդիպեց ՌԴ դեսպանին
Համագործակցություն բոլոր ուղղություններով. ԵՊԲՀ ռեկտորը հանդիպեց ՌԴ դեսպանին
04.12.2018

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Արմեն Մուրադյանի խոսքով՝ հաշվի առնելով երկու երկրի փոխհամագործակցությունն՝ այս այցը սպասված է ու կարևոր:

Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց, որ առողջապահական ու կրթական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ սերտ են: «Իմ այցը տրամաբանական է, քանի որ ես մեծ ցանկություն ունեի ծանոթանալ ձեզ հետ, տեղեկանալ՝ ինչպես եք համագործակցում ռուս գործընկերների հետ, ինչպես նաև պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սա իրենց առաջին, բայց ոչ վերջին այցն է, և պատրաստ են անել ամեն ինչ՝ համագործակցությունը զարգացնելու համար: ԵՊԲՀ ռեկտորն անդրադարձավ այս ոլորտում երկու երկրի դարավոր փոխգործակցությանը՝ նշելով, որ դրանք ակտիվորեն զարգացում են ապրում: «Մնում է միայն բազմապատկել այն ամենը, ինչը մեզ մնացել է մեր ուսուցիչներից և ամրացնել այն պատմական կապերը, որոնք կապում են Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական հանրությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում ԵՊԲՀ ուսանողներից շատերը մեծ հաջողություններ ունեն և մասնակցություն՝ ՌԴ առողջապահական համակարգի զարգացման հարցում: Անդրադառնալով ԵՊԲՀ-ին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ այն դարավոր պատմություն ունի և հիմնական առանձնահատկությունն այն է, որ միջազգային ճանաչում է վայելում, իսկ ծրագրերի միջազգայնացումը զարգացման կարևոր ուղղություններից է: «ԵՊԲՀ-ի 259 ռուսաստանցի ուսանողներն ընդգրկված են մեր մեծ ընտանիքում: Ինչպես Հայաստանում սովորող ռուս ուսանողների, այնպես էլ ձեր երկրում կրթություն ստացող մեր ուսանողների համար լեզվական, մշակութային և այլ պատնեշներ չկան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ուսանողների փոխանակման ծրագրերն ակտիվ գործում են, ու բավականին խորն են համագործակցությունն՝ ակադեմիական, կլինիկան և կրթական ծրագրերի հետ կապված: Հանդիպմանը ներկա էր ինչպես պրոֆեսորադասախոսական կազմն, այնպես էլ ուսանողները։ Նրանց հնարավորություն տրվեց ստանալ կրթական, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող հարցերի պատասխանները:

ՌԴ դեսպանը նշեց, որ համագործակցության դաշտը մեծ է, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ուղղություններին, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը: Սերգեյ Կոպիրկինն առանձնացրեց առողջապահական տուրիզմը: «Բժշկության այն ուղղությունները, որոնք զարգացած են Հայաստանում, կարող են հետաքրքրել Ռուսաստանի քաղաքացիներին, և հակառակը», -ավելացրեց նա:

ԵՊԲՀ ռեկտորը ևս մեկ անգամ շեշտեց, որ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ուղղություններով է, և աշխատանքները տարվում են ամեն օր, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն ունեն ստանալ իրենց անհրաժեշտ գիտելիքներն ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ՀՀ-ում, և հետագա ակտիվ համագործակցությունը մեծ կարևորություն կունենա: