• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական հիվանդանոցը նոր՝ «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունք ունի
Համալսարանական հիվանդանոցը նոր՝ «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունք ունի
17.10.2019

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր բացվեց «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունքը՝ գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազիյանի մասնակցությամբ: ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, բուժանձնակազմը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի գլխավորությամբ շրջեցին ամբողջովին էլեկտրոնային հաշվառմամբ գործող նորաբաց բաժանմունքում, ծանոթացան ստեղծված պայմաններին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կարևորելով բաժանմունքի ստեղծման անհրաժեշտությունը, նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ մոտ 50-ով, ավելացել է շտապօգնության կանչերի թիվը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով համալսարանական հիվանդանոցի ծարաբեռնվածությունը՝ որոշում է կայացվեց ընդլայնել հնարավորությունները՝ վերակենդանացման բաժանմունքի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար: «Նախկինում հիվանդանոցը մյուս մասնաշենքի հետ միանում էր միայն երկրորդ հարկով՝ առաջացնելով դժվարություններ: Այսօր լուծվեց կարևորագույն խնդիր. հիվանդանոցի երկու մասնաշենքերը ամբողջությամբ միացան»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում բարեփոխումները շարունակվում են: Դա հնարավորություն կտա բարձրացնել բժշկական սպասարկման մակարդակը: