• Հայ
  • Рус
  • Eng
Աշխարհահռչակ գյուտարարը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր
Աշխարհահռչակ գյուտարարը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր
17.06.2019

Հայազգի անվանի բժիշկ, ֆիզիկոս և գյուտարար Ռայմոնդ Դամադյանն այսօր հյուրընկալվեց ԵՊԲՀ-ին: Գիտական խորհրդի հանդիսավոր նիստում, շարունակալով համալրել բուհի պատվավոր դոկտորների շարքը, մագնիսա-ռեզոնանսային  տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծող Ռայմոնդ Դամադյանին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։

Աշխարհահռչակ գյուտարարի հետ հանդիպումը մեկնարկեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնից, որտեղ նա ներկայացրեց իր կողմից ստեղծված սարքի կարևորությունը՝ մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ:

Ռայմոնդ Դամադյանի խոսքով՝ ՄՌՏ-ն այսօր հնարավորություն է տալիս իրականացնել ավելի արդյունավետ բուժում կարճ ժամկետներում: «Բժշկության մեջ ՄՌՏ-ն մեծ հեղաշրջում մտցրեց: Մասնավորապես պարկինսոնի հիվանդություն ունեցողներն ու ցրված սկլերոզով հիվանդներն այսօր առավել ճշգրիտ ախտորոշում են ստանում»,-ասաց Ռայմոնդ Դամադյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ բժշկության մեջ կարևորագույն հեղաշրջում կատարած անվանի գյուտարարի այցը մեծ կարևորություն ունի ինչպես բուհի, այնպես էլ ուսանողների համար: «Համալսարանի հաջողությունը, շարժիչ ուժն ուսանողությունն է: Տեսնելով իրենց հայրենակցին, ով կարողացել է նման հայտնագործություն անել՝ սովորողները պետք է լցվեն մեծ հավակնություններով ու ոգևորությամբ՝ ոչ թե կրկնօրինակելով, այլ գերազանցելով վերջինիս»,-նշեց ռեկտորն՝ ավելացնելով, որ ինովացիոն, պրպտուն միտքը տարիք չի ճանաչում, և այսօրվա հայ սերունդը ևս կարող է նոր հայտնագործությունների հեղինակ դառնալ:

ԵՊԲՀ-ն, հետևելով Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կոչին, նախատեսում է իր դիրքորոշումն ուղարկել Նոբելյան մրցանակի կոմիտեին, որպեսզի, չնայած ուշացումով, բայց մեր հայրենակիցը ստանա Նոբելյան մրցանակ՝ ՄՌՏ-ի հայտնագործման համար:

Ռայմոնդ Դամադյանը Հայաստան է այցելել Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հրավերով՝ ռադիոլոգիայի հայկական համագումարի շրջանակներում:

Նշենք, որ ՄՌՏ-ի հայտնագործումը կարևորագույն հեղաշրջում էր բժշկության մեջ՝ մի շարք հիվանդությունների, հատկապես, քաղցկեղի ախտորոշման հարցում։ Դամադյանը պարգևատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային գյուտարարների փառքի դիվանում և «ՄՌՏ տեսածրիչի հայտնագործության համար» ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը, որը տրվում է գյուտարարներին։ Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» ("Indomitable") անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։