• Հայ
  • Рус
  • Eng
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. այսօր արյան դոնորի միջազգային օրն է
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. այսօր արյան դոնորի միջազգային օրն է
14.06.2020

«Հերացի» արյունաբանական կետը, որի հիմնադրման 3-րդ տարին է, շարունակում է իր լայն դռները բացել այն մարդկանց առաջ, որոնք ցանկանում են մասնակցել մարդասիրական կարևոր քայլին. հանձնելով արյուն՝ փրկում են բազմաթիվ մարդկանց կյանքեր: Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանի խոսքով՝ աշխարհը հիմա առավել ևս կարիք ունի բարության և անշահախնդիր կամավորության դրսևորման, որի անբաժանելի մասը մեր հերոս բժիշկների հետ կազմում եք դուք:

«Հասկանում ենք մտահոգությունը կապված COVID-19 վիրուսի և արյան դոնորության վերաբերյալ: Վստահեցնում ենք արյան դոնորներին, որ արյունատվությունն անվտանգ է և դրա շարունակական լինելը կենսական նշանակություն ունի. այսօր կատարված արյունատվությունը վաղը կյանքեր կփրկի և կապահովի արյան պաշարների առկայությունը»,-նշեց նա` հավելելով, որ արյանը փոխարինող ոչինչ չկա և ձեր հանձնած արյունը անգին է, քանի որ հիվանդը կարող է ունենալ բուժման ամենալավ պայմանները, բայց չունենալով այնքան անհրաժեշտ արյունը՝ բուժման ընթացքը կլինի ոչ լիարժեք ու դժվար:

«Հերացի» արյունաբանական կետի ողջ անձնակազմը շնորհավորում է արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջ առողջություն: Հիշեցնենք, որ արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պրեպարատների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյան դոնորներ կարող են դառնալ 18-60 տարեկան առողջ մարդիկ:

Դոնորության համար գոյություն ունեն մի շարք բացարձակ և հարաբերական հակացուցումներ՝ քաշ, ինֆեկցիոն հիվանդություններ, անհրաժեշտ է ստուգել նաև ապագա դոնորի լյարդի ֆերմենտները: Եթե հակացուցումներ չկան, և դոնորն առողջ է` 400 մլ արյուն հանձնելը նրա առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնա, հակառակը` համարվում է, որ դա կնպաստի նրա արյան թարմացմանը: Արյուն հանձնելու գործընթացը տևում է 5-7 րոպե: Հայաստանում ավելի հաճախ է 2-րդ (դրական) խմբի արյան պահանջ է զգացվում: Կախված պահանջարկից՝ այս խմբի դոնորական արյունը ևս ամենաշատն է, հաճախ, սակայն, պակաս է առաջանում:

Նշենք, որ հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում 2017 թվականի հունիսի 14-ին՝ արյան դոնորի միջազգային օրը, բացվեց արյունաբանական կետ: