• Հայ
  • Рус
  • Eng
Հայ երիտասարդ ուռուցքաբանների թիմը շատ աշխատասեր է ու բարեխիղճ. Դինեշ Փենդհարքար
Հայ երիտասարդ ուռուցքաբանների թիմը շատ աշխատասեր է ու բարեխիղճ. Դինեշ Փենդհարքար
02.03.2018

Դինեշ Փենդհարքար... Ամերիկայի Կլինիկական ուռուցքաբանության միության Միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար, Հնդկաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահ, Հնդկաստանի Կլինիկական ուռուցքաբանության եւ մանկական ուռուցքաբանության միության նախկին նախագահ, Ասիայի Ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր...

33-ամյա փորձ ունեցող անվանի ուռուցքաբանը նախորդ տարվա ապրիլի 28-ին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց ԵՊԲՀ-ում անցկացված քաղցկեղը վերապրած մարդկանց նվիրված միջազգային կոնգրեսին, որին բուհի հրավերով ներկա էր նաև Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը:  

 - Պրոֆեսոր Փենդհարքար, ինչպե՞ս կբնորոշեք բժշկությունն ընդհանուր առմամբ և ուռուցքաբանության ոլորտը մասնավորապես:

- Բժշկությունն ընդարձակ ոլորտ է: Ուռուցքաբանությունը՝ որպես բժշկության ճյուղ, ևս բավականին ընդարձակ է և պահանջկոտ: Այսօր աշխարհում հետազոտությունների մեծ մասը վերաբերում է հենց ուռուցքաբանությանը: Դա պայմանավորված է նրանով, որ քաղցկեղի դեպքերը գնալով աճում են, և քաղցկեղն աշխարհում ամենախոշոր «մարդասպաններից» մեկն է: Ուռուցքաբանությունն արագորեն զարգացող ճյուղերից մեկն է: Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում բոլոր դեղագիտական նորամուծությունները պատկանում են այդ ոլորտին:

- Ինչպիսի՞ գլոբալ մարտահրավերներ գոյություն ունեն այսօր քաղցկեղի դեմ միջազգային պայքարում:

- Քաղցկեղի դեմ պայքարում շատ մարտահրավերներ կան: Առաջին խոշոր մարտահրավերը կանխարգելումն է: Քաղցկեղի միայն որոշակի տեսակներ կարելի է կանխարգելել: Երկրորդ մարտահրավերը քաղցկեղի բուժման մատչելիությունն է: Բուժման արժեքը շատ բարձր է: Սահմանափակ թվով կենտրոններ կան, որոնք առաջարկում են ժամանակակից բուժում: Բարձր գների պատճառով դեղերի հասանելիությունը լուրջ խնդիր է: Բացի դրանից, ուռուցքաբանական կենտրոնները և մասնագետներն այս առումով շատ փոքրաթիվ են:

- Կա՞ն, արդյոք, ինչ-որ ընդհանուր սկզբունքներ, որոնք կօգնեն խուսափել քաղցկեղից:

- Քաղցկեղը կենսաբանական հիվանդություն է: Բայց մենք տեղյակ ենք այն բոլոր գործոնների մասին, որոնք նպաստում են այդ հիվանդության առաջացմանը: Դրանք են՝ ծխախոտը, ալկոհոլը և գիրությունը: Այս գործոնները պատասխանատու են քաղցկեղով հիվանդացության դեպքերի համարյա 50%-ի պարագայում: Այս գործոնների բացառումն, անշուշտ, կնվազեցնի քաղցկեղի դեպքերը:

- Պրոֆեսոր, ի՞նչ կպատմեք Ձեր մասին. ինչպե՞ս ընտրեցիք ուռուցքաբանի մասնագիտությունը: Ի՞նչ ուժեղ և թույլ կողմեր ունի այն:

- Բժշկական դպրոցում սովորելու երկրորդ տարում ես հանդիպեցի բիոքիմիայի մի դասախոսի: Նրա բաժինն աշխատում էր քաղցկեղի բջիջների ֆերմենտների վրա: Նա ոգեշնչեց մեզ ուսումնասիրել քաղցկեղը: Այնուհետև ես սկսեցի աշխատել նրա հետ լաբորատորիայում և կարդալ քաղցկեղի մասին ավելի ու ավելի շատ: Ես հասկացա, որ այս ոլորտում հսկայական պոտենցիալ կա ուսումնասիրությունների համար և որ չկան ոլորտում մասնագիտացած բժիշկներ: Ես միշտ ցանկանում էի ունենալ ոչ այնքան տարածված մասնագիտություն, որը կլիներ բարդ, պահանջկոտ և նորարարական:

- Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա ուռուցքաբաններին:

- Նույնիսկ այսօր ուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ ամենագրավիչը հետազոտությունների, ինչպես նաև կլինիկաների առումով: Քաղցկեղով հիվանդների թիվն աճում է: Ես անկեղծորեն կխնդրեի երիտասարդներին զբաղվել այս մասնագիտությամբ:

- Դուք այցելել եք Հայաստան և ծանոթ եք մեր երկրի բժշկագիտական ոլորտին: Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք:

- Հայաստանն աշխարհի այն երկրների շարքում է, որոնք ունեն լավ կազմակերպված առողջապահական համակարգ: Առողջապահական համակարգի հիմքը ձեր երկրում շատ լավ է դրված: Սա, անխոս, դրականորեն կազդի Հայաստանի վրա: Ուռուցքաբանության ոլորտում կա հստակ կառուցվածքային ուսումնական ծրագիր: Երիտասարդ ուռուցքաբանների թիմը շատ աշխատասեր է, բարեխիղճ և արդիական:

- Հավանեցի՞ք Հայաստանը: Ի՞նչը տպավորեց Ձեզ ամենաշատը:

- Ես սիրում եմ Հայաստանը և հայերին: Նրանց նվիրվածությունն իրենց աշխատանքին վստահորեն թույլ կտա նրանց հասնել նորանոր բարձունքների: Ես համոզված եմ, որ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտն արագորեն զարգանալու է:

                                                                             Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյւան