• Հայ
  • Рус
  • Eng
Հերթական բարդ վիրահատությունը՝  այս անգամ անոթային վիրաբույժների կողմից
Հերթական բարդ վիրահատությունը՝ այս անգամ անոթային վիրաբույժների կողմից
11.02.2019

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել: Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանի գլխավորությամբ կատարվել է աորտայի ինֆրառենալ հատվածի անևրիզմայի մասնահատում՝ աորտոբիֆեմորալ ալոպրոթեզավորումով:

71-ամյա Վ. Հ-ն հունվարի 20-ին ընդունվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ գանգատվելով վերջին մի քանի ժամում առաջացած որովայնի աջ կեսի ցավերից` դեպի ողնաշար ճառագայթմամբ, սրտխառնոցից,ընդհանուր թուլությունից: Առաջնային զննման ժամանակ որովայնը օվալաձև է եղել, շոշափելիս նկատվել է պուլսացվող գոյացություն, որն ուղեկցվել է թույլ ցավով: Կատարված սոնոգրաֆիկ և անգիոգրաֆիկ ՀՏ հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի անևրիզմա 8.7x8.3 չափերով, 16.7սմ երկարությամբ, ինչն էլ պատճառ է հանդիսացել շտապ վիրահատության համար:

Պրոֆեսիոնալ բժիշկների միջամտությամբ կատարվել է լրիվ միջային որովայնահատում, հատվել է որովայնամզի հետին թերթիկը, մերկացվել է որովայնային աորտան: Հաջող վիրահատությունից հետո հիվանդն այժմ իրեն լավ է զգում՝ գտնվելով բժիշկների հսկողության տակ:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանի ղեկավարությամբ գործող սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքը հասցրել է բազմաթիվ նման վիրահատություններ կատարել:

Բաժանմունքում ընդգրկված պրոֆեսիոնալ բժիշկների թիմը իր գործունեությունն է ծավալում նաև այլ առաջատար կլինիկաներում:

Բաժանմունքում կատարվում են զանազան երակային և զարկերակային պաթոլոգիաների բարդ վիրահատություններ, ինչպես նաև դիաբետիկ ոտնաթաթերի կոնսերվատիվ բուժում, ամպուտացիաներ, լիպոդերմոպլաստիկա, գոտկային սիմպատէկտոմիա:

Կլինիկան հագեցած է դուպլեքս հետազոտության, անգիոգրաֆիկ ՀՏ-ի հնարավորություններով: