• Հայ
  • Рус
  • Eng
Հնդիկ ուսանողները նշել են գույների տոնը՝ Հոլին
Հնդիկ ուսանողները նշել են գույների տոնը՝ Հոլին
02.03.2018

Այսօր Հնդկաստանում նշվում է ամենագունեղ և վառ տոներից մեկը՝  Հոլին: Այս տոնին էր նվիրված ԵՊԲՀ հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված միջոցառումը:

ԵՊԲՀ-ն այս տոնի առթիվ  ևս հնդիկ ուսանողներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները:

Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ միմյանց վրա լցնելով գունավոր ներկեր։ Հավատալիքի համաձայն` մարդու զգեստները որքան առատորեն պատվեն գույներով, այնքան շատ լավ բարեմաղթանքներ կուղղվեն նրա հասցեին:

Հոլին նաև անվանում են «գույների տոն»: Հնագույն հնդկական տոնակատարությունը մարմնավորում է գարնան խայտաբղետությունը:

Ավանդույթի համաձայն` Հոլիի տոնակատարությունից մի քանի շաբաթ առաջ երիտասարդները շրջում են իրենց բնակավայրերի տարածքում` տոնի կրակի համար վառվող նյութեր փնտրելու համար: Յուրահատուկ քաջություն է համարվում գտածը վերցնել` առանց թույատվություն ստանալու:  Հոլի տոնակատարությանը երեկոյան խարույկներ են վառում և տեղի հայտնիները երգում ու պարում են` զվարճացնելով հանդիսատեսին: