Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Իմունականխարգելման համաշխարհային շաբաթ»․ հիմնական նպատակները

«Իմունականխարգելման համաշխարհային շաբաթ»․ հիմնական նպատակները

Ամեն տարի ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում նշվող «Իմունականխարգելման համաշխարհային շաբաթը» նպատակ ունի ընդգծել հավաքական գործողությունները, որոնք անհրաժեշտ են պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդություններից մարդկանց պաշտպանելու համար:  

Այս տարի «The Big Catch-up» խորագրի ներքո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, աշխատելով բազմաթիվ միջազգային գործընկերների հետ, նպատակադրված է աջակցելու բոլոր երկրներին՝ ավելի շատ մարդկանց կանխարգելելի հիվանդություններից պաշտպանվածություն ապահովելու գործում:  

«Մենք պետք է գործենք հիմա՝ ներգրավելու միլիոնավոր երեխաների, ովքեր բաց են թողել անհրաժեշտ պատվաստումները COVID-19 համաճարակի ժամանակ, և պետք է վերականգնենք իմունականխարգելման հիմնական ծածկույթը՝ այն հասցնելով առնվազն 2019թ.-ի մակարդակին, ինչպես նաև անհրաժեշտ է ամրապնդել առողջության առաջնային պահպանման օղակը՝ իմունիզացիա իրականացնելու համար»- նշված է ԱՀԿ ղեկավարության ուղերձում:

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ՝ համաշխարհային այս շաբաթվա հիմնական և վերջնական նպատակն է, որպեսզի ավելի շատ երեխաներ, մեծահասակներ և համայնքներն ընդհանուր առմամբ պաշտպանված լինեն պատվաստանյութերով կանխարգելվող հիվանդություններից՝ թույլ տալով նրանց ապրել ավելի երջանիկ և առողջ կյանքով:

Աջակցություն ստանալով ազգային և համաշխարհային առողջապահական գործընկերների լայն շրջանակի կողմից՝ «The Big Catch-up» արշավը նպատակ ունի նաև ապահովել առաջնային առողջապահական օղակի ավելի ուժեղացված ծառայություններ՝ ապագայում հիմնական իմունիզացիա իրականացնելու նպատակով:

Իմունիզացիան համաշխարհային առողջապահության և զարգացման ամենահաջողված երևույթն է, որն ամեն տարի փրկում է միլիոնավոր կյանքեր: Պատվաստանյութերը նվազեցնում են հիվանդանալու ռիսկերը՝ աջակցելով օրգանիզմի բնական պաշտպանիչ միջոցներին:   

Այժմ գոյություն ունեն այնպիսի պատվաստանյութեր, որոնք կանխում են 20-ից ավելի կյանքին սպառնացող հիվանդություններ և օգնում են բոլոր տարիքի մարդկանց ապրել ավելի երկար և ավելի առողջ կյանքով: Ներկայումս իմունիզացիան կանխում է տարեկան 3,5-5 միլիոն մահեր այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, գրիպը և կարմրուկը:

Իմունականխարգելումը առողջության առաջնային պահպանման հիմնական բաղադրիչն է և մարդու անվիճելի իրավունքը: Սա նաև առողջապահական լավագույն ներդրումներից է, որը կարելի է գնել: Պատվաստանյութերը կարևոր նշանակություն ունեն վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելման և վերահսկման համար: Դրանք համաշխարհային առողջապահական անվտանգության հիմքն են և կենսական գործիք են լինելու հակամանրէային դիմադրության դեմ հետագա պայքարում:

Չնայած ահռելի առաջընթացին և վերջին տարիներին պատվաստումների ծածկույթի ընդլայնմանը՝ 2020թ.-ից պատվաստումների թիվը սկսել է նվազել:

Այսպես, COVID-19 համաճարակի պատճառով իմունիզացիայի մակարդակները էական նվազել են ավելի քան 100 երկրրում, ինչը հանգեցրել է կարմրուկի, դիֆթերիայի, պոլիոմելիտի և դեղին տենդի բռնկման աճին:  Համաճարակը և վերջին երկու տարվա դրանից բխող հետևանքները խաթարել են առողջապահական համակարգերը, որի արդյունքում 2021թ. 25 միլիոն երեխա բաց է թողել անհրաժեշտ պատվաստումները, ինչը 6 միլիոնով ավելի է, քան 2019թ.-ին և ամենաբարձր ցուցանիշն է 2009թ.-ից ի վեր։

Չնայած բազմաթիվ հակապատվաստումային արշավների՝ պատվաստումը հանրային առողջության պատմության մեջ ամենահաջող միջամտություններից մեկն է համարվում: Դրա վառ ապացույցը բնական ծաղիկ հիվանդության վերացումն է, որը 3000 տարուց ավելի համարվել է մարդկության պատմության ամենամահաբեր հիվանդություններից մեկը: